Armenian ARMSCII Armenian
Կ-015-30.08.2021-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության շրջանակներում հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 29-րդ հոդվածում սահմանված են պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ապահովման գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, ներառյալ՝ ՀՀ անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որեւէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը: Բացի այդ, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված եւ 2017 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի եւ համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ Կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին, ընդ որում, զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը: Քանի որ օրենքը սահմանել է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, սակայն հստակեցված չէ դրանց շրջանակներում հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն զինված ուժերի գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո, անհրաժեշտություն է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն