Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. 2-րդ եւ 5-րդ կետերից «կամ անհատ ձեռնարկատեր» բառերը հանել.
2. 8-րդ կետից հանել «անհատ ձեռնարկատեր կամ» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1. Անհրաժեշտությունը.
2012 թվականի ապրիլին կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նիստ եւ հաստատվել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ուսումնասիրության ենթակա հետեւյալ 3 ոլորտները՝ հանրային ծառայությունների ոլորտ, տրանսպորտի եւ կապի ոլորտ, առողջապահության, մասնավորապես, դեղերի որակի հսկողության ոլորտը: Համապատասխան ոլորտների ուսումնասիրությունն ուղղված է դրանք կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Պետական հիմնարկի կողմից տրանսպորտի եւ կապի ոլորտն ուսումնասիրելիս այն բաժանվել է ենթաոլորտների, որոնցից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրումների իրականացման ենթաոլորտը: Գործող օրենսդրությանը համապատասխան` ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքում բեռնափոխադրումներ իրականացնելու համար հայտատուն պետք է դիմի լիազոր մարմին, առաջարկելով իր երթուղին, իսկ վերջինս էլ ոստիկանության հետ համաձայնեցման արդյունքում տրված անցագրի հիման վրա պետք է հայտատուին տրամադրի միանգամյա կամ որոշակի ժամկետով թույլտվություն: Սակայն սահմանված չեն հստակ ժամկետներ լիազոր մարմնի կողմից ոստիկանության հետ համաձայնեցման արդյունքում անցագիր եւ թույտվություն ստանալու համար: Ընդ որում, մեկից ավելի փոխադրումներ իրականացնելու նպատակով հայտատուին տրամադրվում է որոշակի ժամկետով թույլտվություն` որոշակի թվով փոխադրումներ իրականացնելու համար, սակայն ինչպես միանգամյա, այնպես էլ որոշակի թվով փոխադրումներն իրականացնելու համար բացակայում են դրանց հսկման մեխանիզմները: Բացի այդ, վերոնշյալ գործընթացում հայտատուն պետք է ունենա նաեւ համաձայնություն այլ պետական կամ մասնավոր մարմինների` փոխադրումը համաձայնեցնող կազմակերպությունների հետ: Մասնավորապես, հայտատուն պետք է ստանա իր կողմից առաջարկվող երթուղիով բեռնափոխադրումներ իրականացնելու երթուղում գտնվող կամ տեղակայված արհեստական կառույցների կամ հաղորդակցուղիների սեփականատերերի համաձայնությունը, իսկ այն դեպքում, երբ իր կողմից առաջարկած երթուղիով փոխադրումն իրականացնելը հնարավոր չէ, ապա լիազոր մարմնի կողմից առաջարկվում է այլ երթուղի` ընդ որում, առանց նշելով առաջարկվող նոր երթուղու առավելագույն հեեռավորությունը` համեմատած հայտատուի կողմից առաջարկվող երթուղու հեռավորության հետ: Ավելին, գործող օրենսդրության մեջ եւ պրակտիկայում ոչ կիրառելի եւ փոխադրողի համար ոչ արդյունավետ է այն սկզբունքը, երբ փոխադրման ընթացքում առաջանում է երթուղու փոփոխության անհրաժեշտություն: Այդ դեպքում վերջինս պետք է ստանա նոր երթուղիով փոխադրման թույլտվություն` անցնելով փոխադրման համար սահմանված ամբողջ ընթացակարգն ամբողջությամբ: Նշված դեպքը հաճախ կարող է խոչընդոտ առաջացնել փոխադրողի համար, եւ վերջինս ֆիզիկապես չկարողանա բեռն ու մեքենան թողնել, օրինակ, տվյալ վայրում եւ դիմել նոր թույլտվություն ստանալու համար: Գործող վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվությունը եւս հստակեցման կարիք ունի, իսկ սահմանված տուգանքների չափերն որոշ դեպքերում փոքր լինելու պատճառով արդյունավետ չեն: Այսպես, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ ոստիկանության համաձայնության ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով երթեւեկելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այնինչ, նույն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթեւեկության կանոնները խախտելն առաջացնում է պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով :
ՀՀ տարածքում բեռնափոխադրումների իրականացման գործընթացում ուշագրավ է նաեւ բեռնատար ավտոմոբիլներով արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման գործընթացում թույլտվության տրամադրման ընթացակարգը: Ինչպես ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների, այնպես էլ արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով թույլտվության տրամադրման ընթացքում հայտատուի կողմից առաջարկած երթուղու անհնարինության դեպքում վերջինիս առաջարկվում է նոր երթուղի`առանց անդրադարձ կատարելով այն հանգամանքի վրա, որ առաջարկած երթուղու հեռավորությունը չպետք է գերազանցի հայտատուի կողմից առաջարկվող երթուղին կամ առաջարկվի առավելագույնս կարճ երթուղին: Բացի այդ, թույլտվության տրամադրման ընթացակարգում առկա են այնպիսի դրույթներ, որոնք կարող են պրակտիկայում թույլտվության տրամադրման կամ մերժման համար հայեցողության խնդիրներ առաջ բերել, այնպես, ինչպես օրինակ, հայտատուից այլ փաստաթղթեր պահանջելը: Ի դեպ, այս խնդիրը հանդիպում է նաեւ ՀՀ տարածքով վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր փոխադրելու համար լիցենզիայի տրամադրման ժամանակ: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ արգելված փողոցներով բեռնափոխադրումների գործունեության կազմակերպման եւ իրականացման գործընթացում ոստիկանությունը համայնքներին յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղեկատվություն է տրամադրում իրենց տարածքներում երթեւեկելու համար նախորդ ամսվա ընթացքում տրված ժամանակավոր թույլտվությունների մասին: Ի դեպ, համանյքի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ ոստիկանության կողմից տրված ժամանակավոր թույլտվությունը համարվում է ուժը կորցրած եւ ոստիկանության կողմից տրված թույլտվությունը հետ է պահանջվում: Այսպիսով, գործող օրենսդրության մեջ հստակ կանոնակարգված չէ այն հարցը, թե ինչպես կարող է նշված փողոցներում նախորդ ամսում բեռնափոխադրում իրականացված եւ արդեն իսկ ավարտած բեռնափոխադրման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվել եւ հետ պահանջվել:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում վտանգավոր թափոնների, ինչպես նաեւ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման թույլտվությունների եւ լիցենզիաների տրամադրման ընթացակարգին, ապա անհրաժեշտ է նշել այն փաստը, որ վերոնշյալ նյութերի փոխադրման թույլտվությունների կամ լիցենզիաների ստացման համար կարող են դիմել ինչպես իրավաբանական անձիք, այնպես էլ ֆիզիկական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը: Մինչդեռ օրենսդրությունը չի անդրադառնում այն կարեւորագույն խնդրին, որ խոսքը վերաբերում է վտանգավոր, ռադիոակտիվ կամ միջուկային նյութերի փոխադրմանը, այլ ոչ թե պարզապես բեռների փոխադրմանը, եւ չպետք է մարդկանց կյանքին եւ առողջությանը վնաս պատճառող, ինչպես նաեւ շրջակա միջավայրն աղտոտող նյութերի կամ թափոնների փոխադրումը պարզապես վստահել ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ վերոնշյալ թափոնների եւ նյութերի փոխադրման թույլտվություն եւ/կամ լիցենզիա տրամադրելիս որպես թույլտվության/լիցենզիայի տրամադրման պահանջ սահմանված է նաեւ տվյալ գործունեությամբ զբաղվելու մասնագետների որակավորման պահանջը` մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ հայցվող գործունեության բնագավառում ներգրավվող մասնագետի` առնվազն երեք տարվա աշխատանքայի ստաժի առկայությունը, այնինչ, կարելի է ասել, որ նման պարտադիր պահանջը պրակտիկայում ձեւավորում է այնպիսի հակափաստարկ, որ մասնագետների վերաբերյալ մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջը կարող է ձեւական բնույթ կրել, քանզի դրանք հենց կարող են փոխվել, կամ այդ մասնագետները կարող են փոխարինվել հենց դրանց ներկայացման հաջորդ օրը` հատկապես լիցենզիայի/թույլտվության ստացումից անմիջապես հետո:
Ավելին, ներկայումս բեռնափոխադրումների կազմակերպման լիցենզավորման/թույլտվության տրամադրման գործընթացը բավականին ժամանակատար է եւ առկա է ավելորդ փաստաթղթաշրջանառություն:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, անհրաժեշտ է իրականացնել տրանսպորտի եւ կապի ոլորտում, մասնավորապես բեռնփոխադրումների իրականացման ենթաոլորում իրականացվող փոփոխություններ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Հիմք ընդունելով Խորհրդի նիստի արձանագրությունը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման միջոցով, հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը եւ վերը թվարկված խնդիրները, ի նկատի ունենալով զարգացած եւ զարգացող մի շարք պետությունների ուսումնասիրված փորձը (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Գերմանիա, Դանիա, Կանադա, Հոլանդիա, Կորեա, Հունգարիա, Չեխիա եւ այլն), որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.
1. Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքում բեռնափոխադրումներ իրականացման համար հստակ սահմանել որոշակի ժամկետով տրվող բեռնափոխադրման թույլտվությունները: Պետք է առանձնացնել թույլտվության տրամադրման հստակ պահանջները, ինչպես նաեւ մերժման հիմքերը: Միանգամյան կամ որոշակի թվով փոխադրումները հանել, քանի որ միեւնույնն է, չկա ստուգման մեխանիզմ, թե քանի փոխադրում է իրականում իրականացվում, եւ հնարավորություն ընձեռել թույլտվություն տրված ժամանակահատվածում իրականացնել բազմակի փոխադրումներ:
2. Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների, ինչպես նաեւ արգելված փողոցներով բեռնափոխադրումների իրականացման համար դիմողի առաջարկած երթուղով փոխադրումն իրականացնելու անհնարինության դեպքում լիազոր մարմնի կողմից դրա մասին դիմողին տեղեկացնելու դեպքում միաժամանակ նշել, թե որն է այդ երթուղով իրականացնելու անհնարինության պատճառը: Միաժամանակ, լիազոր մարմնի կողմից նոր երթուղի առաջարկելու դեպքում պետք է նախատեսվի դրույթ, համաձայն որի` նոր երթուղին պետք է լինի առավելագույնս կարճը:
3. Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների իրականացման թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ է հստակ սահմանել լիազոր մարմնի կողմից ոստիկանության հետ համաձայնեցման արդյունքում ոստիկանության կողմից տրամադրվող անցագրի եւ դրա հիման դրա տրվող թույլտվության ժամկետները:
4. Բեռնափոխադրումների կազմակերպման եւ իրականացման համար թույլտվությունների տրամադրման գործընթացում պետք է հստակեցվեն մյուս համաձայնեցնողների, այսինքն, փոխադրումը համաձայնեցնող կազմակերպությունների հետ հայտատուի կողմից համաձայնեցման մեխանիզմները: Մասնավորապես, հայտատուն պետք է ստանա իր կողմից առաջարկվող երթուղիով բեռնափոխադրումներ իրականացնելու երթուղում գտնվող կամ տեղակայված արհեստական կառույցների կամ հաղորդակցուղիների սեփականատերերի համաձայնությունը այն դեպքում, երբ այդ սեփականատերերը հանդիսանում են մասնավոր իրավաբանական անձիք, այլ ոչ թե նշված կառույցները կամ հաղորդակցուղիները պատկանում են համայնքներին կամ պետությանը:
5. Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների իրականացման ընթացքում երթուղու փոփոխման անհրաժեշտության առաջացման դեպքում անհրաժեշտություն չկա սույն կանոններով նախատեսված կարգով կրկին դիմել նոր երթուղու թույլտվություն ստանալու համար, անհրաժեշտություն չկա տեխնիկական փաստաթղթերը ներկայացնել կրկին, դրանք արդեն կան, պարզապես կարելի է հայտ գրել նոր երթուղով շարժվելու համար:
6. Անհրաժեշտ է նախատեսել դրույթ, համաձայն որի` արգելված փողոցով բեռնափոխադրման իրականացման համար նախատեսված փողոցի փակ լինելու դեպքում ոստիկանությունը իրազեկի բեռնափոխադրողին ՝ այդ մասին նախապես իրազեկելով լրատվական միջոցներով եւ այդ մասին հայտարարության տեղադրումով պաշտոնական կայքում:
7. Համայնքի ղեկավարին ոստիկանության կողմից յուրաքանչյուր ամսվա սկզբին նախատեսվող տեղեկատվության տրամադրման պահանջը հանել, քանզի գործող օրենսդրության մեջ հստակ կանոնակարգված չէ այն հարցը, թե ինչպես կարող է նշված փողոցներում նախորդ ամսում բեռնափոխադրում իրականացված եւ արդեն իսկ ավարտած բեռնափոխադրման թույլտվությունը համայնքի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ ուժը կորցրած ճանաչվել եւ հետ պահանջվել:
8. Վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր փոխադրելու համար լիցենզիայի եւ/կամ թույլտվության տրամադրել միայն իրավաբանական անձանց, այն է` ֆիզիկական անձիք կամ անհատ ձեռնարկատերեր չեն կարող դիմել վտանգավոր թափոնների կամ միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիա/թույլտվություն ստանալու համար:
9. Վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր փոխադրելու համար լիցենզիայի եւ/կամ թույլտվության տրամադրման պահանջներից հանել` տվյալ գործունեությամբ զբաղվելու մասնագետների որակավորման պահանջը` մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ հայցվող գործունեության բնագավառում ներգրավվող մասնագետի` առնվազն երեք տարվա աշխատանքայի ստաժի առկայությունը եւ նման պահանջն ամրագրել որպես լիցենզիայի/ թույլտվության տրամադրման կարգերում որպես հայցվող գործունեության իրականացման համար պարտադիր պայման:
10. Կրճատել ավելորդ վարչարարությունը, մասնավորապես ժամանակը եւ փաստաթղթաշրջանառությունը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Առաջարկները մշակվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ քննարկվել են ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ առաջարկների մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը տրանսպորտի եւ կապի ոլորտում:
6. Ակնկալվող արդյունքը.
Առաջարկների ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, միաժամանակ փոփոխելով համապատասխան կարգավորումները այնպես, որ կազմակերպությունները եւ ֆիզիկական անձիք հնարավորություն ստանան տվյալ գործունեությամբ զբաղվել առանց ավելորդ պահանջների եւ ծախսերի: Կկրճատվի ավելորդ վարչարարությունը եւ փաստաթղթաշրջանառությունը: Կհստակեցվեն իրավախախտումները եւ դրանց համար սահմանված պատասխանատվության միջոցները, բացի այդ, կբարձրացվի դրանց կիրառման արդյունավետությունը: Միեւնույն ժամանակ, կներդրվի լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ստացման եւ հանձման ավելի հստակեցված համակարգ:
Սույն օրենքների ընդունման դեպքում համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն սույն օրենքներն ընդունվելուց հետո 6-ամսյա ժամկետում: