Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3623-14.10.2013-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի

1. 15.5-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15.5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար՝

- անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով

- անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի չորսից ավելի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով:»

2. լրացնել նոր 15.6-րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«15.6. ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար Երեւան քաղաքում ամսական՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով կամ եռամսյակային՝ բազային տուրքի 34-ապատիկի չափով կամ տարեկան՝ բազային տուրքի 120-ապատիկի չափով, այլ քաղաքներում ամսական՝ բազային տուրքի 8-ապատիկի չափով կամ եռամսյակային՝ բազային տուրքի 23-ապատիկի չափով կամ տարեկան՝ բազային տուրքի 80-ապատիկի չափով, այլ վայրերում ամսական՝ բազային տուրքի 5-ապատիկի չափով կամ եռամսյակային՝ բազային տուրքի 13.5-ապատիկի չափով կամ տարեկան՝ բազային տուրքի 45-ապատիկի չափով, սահմանամերձ գյուղերում ամսական՝ բազային տուրքի 4-ապատիկի չափով կամ եռամսյակային՝ բազային տուրքի 9-ապատիկի չափով կամ տարեկան՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով: Ընդ որում պետական տուրքը գանձվում է ըստ հայտատու ֆիզիկական անձի հաշվառման վայրի: Սույն տուրքի մասով եռամսյակ նշանակում է իրար հաջորդող յուրաքանչյուր երեք ամիս»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 6.2-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«6.2. Սույն օրենքով տարեկան պետական տուրքի վերաբերյալ սահմանված դրույթները կիրառվում են նաեւ ամսական եւ եռամսյակային պետական տուրքերի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով կամ չի հակասում ամսական կամ եռամսյակային պետական տուրքերի վճարման հարաբերությունների էությանը:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները, մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելացնելու դեպքում, պարտավոր են վճարել պետական տուրք բազային տուրքի 100-ապատիկի չափով: Պետական տուրքը պետք է վճարվի մինչեւ ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավել դառնալը: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում անկախ պետական տուրքի վճարման ամսաթվից, լիցենզիայի համար տարեկան հերթական պետական տուրքը վճարվում է սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված ժամկետում: Անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավել դառնալու դեպքում հերթական տարեկան պետական տուրքը վճարում են սույն օրենքի 19-րդ հոդվածի 15.5-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույքաչափով:

Անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորս եւ պակաս դառնալու դեպքում տարեկան հերթական պետական տուրքը վճարում են սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 15.5-րդ ենթակետի 1-րդ պարբերությամբ սահմանված դրույքաչափով:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված ամսական կամ եռամսյակային հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա ամսվա կամ եռամսյակի համար կատարվում է համապատասխանաբար մինչեւ առաջիկա ամիսը կամ եռամսյակը սկսելը` լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիայի վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ:»:

Հոդված 5. Օրենքի 36.1-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ), բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների, հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը: Սույն օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: