Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3624-14.10.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «միայն որպես անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:

Հոդված 2. 8-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Լիցենզիավորման գործընթացում փաստաթղթերի ներկայացումը եւ ստացումը Երեւան քաղաքից դուրս իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 4-րդ եւ 5-րդ կետերի աղյուսակները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«

4.
Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
-
5.
Անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
-

»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
 
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՍՅԱՏԱՆԱԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Անհրաժեշտությունը.

2012 թվականի ապրիլին կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նիստ եւ հաստատվել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ուսումնասիրության ենթակա հետեւյալ 3 ոլորտները՝ հանրային ծառայություններ, տրանսպորտի եւ կապի ոլորտ, առողջապահության, մասնավորապես, դեղերի որակի հսկողության ոլորտը: Համապատասխան ոլորտների ուսումնասիրությունն ուղղված է դրանք կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցմանը, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Պետական հիմնարկի կողմից տրանսպորտի եւ կապի ոլորտն ուսումնասիրելիս այն բաժանվել է ենթաոլորտների, որոնցից հանդիսանում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման ենթաոլորտը: Գործող օրենսդրությանը համապատասխան մարդատար-տաքսի գործունեություն կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ միասին՝ կազմակերպություն)՝ լիցենզիայի առկայության պարագայում: Ընդ որում` լիցենզի ստանալու համար անհրաժեշտ է վճարել պետական տուրք նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի (իրավաբանական անձանց եւ մեկից ավելի ավտոմոբիլով գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերեի համար) եւ 25-ապատիկի (մեկ ավտոմոբիլով գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերեի համար): Բացի այդ լիցենզիա ստանալու համար իարավաբանակ անձինք պետք է ունենան հավաքակայան, անցնեն ամենօրյա բուժզննում եւ տեխզննում, իակ անհատ ձեռնարկատերերը միայն ամենօրյա բուժզննում եւ տեխզննում, որն իրականում կրում է ձեւական բնույթ եւ վերածվում է փաստաթուղթ գնելու, քանի որ չկան հստակ վերահսկման մեխանիզմներ: Լիցենզիա ստանալու համար կազմակերպությունները պետք է իրականացնեն յոթ քայլ գործողություն, որից հինգն ուղղված է դեղին հիմնագույնի համարանիշի ձեռքբերմանը: Մասնավորապես` կազմակերպությունը պետք է դիմի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, վերցնի համապատասխան տեղեկանք, ներկայացնի ճանապարհային ոստիկանություն եւ այլն: Սա հանգեցնում է լրացուցիչ ժամանակի եւ ծախսերի: Իսկ ինչ վերաբերում է Երեւան քաղաքից դուրս գտնվող կազմակերպություններին, ապա վերջիններս ստիպված են գալ Երեւան եւ Երեւանում դիմել լիցենզավորող մարմնին: Այս խնդիրը թերեւս առնչվում է լիզենզավորման ենթակա բոլոր ոլորտներին: Գործնականում առկա են խնդիրներ նաեւ սակաչափիչների տեղադրման եւ դրանց անհատականացման հետ կապված, ինչը հանգեցնում է նույն սակաչափիչը տարբեր ավտոմոբիլների վրա տեղադրելուն: Գործող վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվությունը հստակեցման կարիք ունի, իսկ սահմանված տուգանքների չափերն որոշ դեպքերում փոքր լինելու պատճառով արդյունավետ չեն: Գործող օրենսդրությունը չի անդրադառնում որոշ հանցագործությունների համար, մասնավորապես` ճանապարհատրանսպորտային հանցագործությունների, դատապարտված եւ դատվածությունը ՀՀ օրենսդրությամբ սահմաված կարգով հանված կամ մարված չլինելու դեպքում մարդատար-տաքսոի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման գործունեությամբ զբաղվելու սահմանափակումներին: Ներկայումս լիցենզավորման գործընթացը բավականին ժամանակատար է եւ առկա է ավելորդ փաստաթղթաշրջանառություն: Դեղին հիմնագույնի համարանիշ ստանալիս կազմակերպությունները պարտավոր են իրենց հիմնական համարանիշները հանձնեն ճանապարհային ոստիկանություն, ինչը սահմանափակում է ավտոմոբիլի սեփականատերերի կողմից իրենց ավտոմոբիլն այլ նպատակներով օգտագործելը եւ միեւնույն ժամանակ պետության տեսանկյունից որեւէ խնդիր չի կարգավորում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել տրանսպորտի եւ կապի ոլորտում, մասնվաորապես մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման ենթաոլորտ իրականացվող քաղաքականության փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի նիստի արձանագրությունը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման միջոցով, հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը եւ վերը թվարկված խնդիրները, ի նկատի ունենալով զարգացած եւ զարգացող մի շարք պետությունների ուսումնասիրված փորձը (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Գերմանիա, Դանիա, Կանադա, Հոլլանդիա, Կորեա, Հունգարիա, Չեխիա եւ այլն), որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.

1. մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման հնարավորությունը վերապահել նաեւ ֆիզիկական անձանց:

2. Ներդնել մեկ պատուհանի սկզբունքը լիցենզավորման եւ հաշվառման գործընթացում: Այսինքն հայտատուն դիմում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն: Վերջինս իրականացնում է անհրաժեեշտ ամբողջ գործընթացը, այդ թվում նաեւ դեղին հիմնագույնի համարանիշների ստացումը, եւ պատրաստի լիցենզիան (ներդիր) հանձնում է հայտատուին:

3. Գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են Երեւան քաղաքից դուրս ներկայացվել նաեւ մարզպետարաններում, ինչը կվերացնի Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից Երեւան գալու անհրաժեշտությունը: Դա կխթանի նաեւ բոլոր համայնքերի համաչափ զարգացմանը: Սույն առաջարկը վերաբերում է լիցենզիաների բոլոր տեսակներին եւս:

4. Հստակեցնել մարդատար-տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, ավելացնել նաեւ գնացուցակի անհրաժեշտության պահանջը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացման:

5. Հստակեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված պատասխանատվության տեսակները, ավելացնել որոշ իրավախախտումների համար (մասնավորապես ստուգաչափիչի հետ կապված խախտումների) տուգանքների չափերը:

6. Կրճատել ավելորդ վարչարարությունը, մասնավորապես ժամանակը եւ փաստաթղթաշրջանառությունը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Առաջարկները մշակվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ քննարկվել են ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ առաջարկների մշակման ընթացքում ուսումնասիրվել միջազգային փորձը տրանսպորտի եւ կապի ոլորտում:

6. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկների ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, միաժամանակ փոփոխելով համապատասխան կարգավորումները այնպես, որ կազմակերպությունները եւ ֆիզիկական անձիք տվյալ գործունեությամբ զբաղվել առանց ավելորդ պահանջների եւ ծախսերի: Ամբողջությամբ ներդրվի մեկ պատուհան սկբունքը, կկրճատվի ավելորդ վարչարարությունը եւ փաստաթղթաշրջանառությունը: Հստակեցվեն իրավախախտումները եւ դրանց համար սահմանված պատտասխանատվության միջոցները, բացի այդ կբարձրացվի դրանց կիրառման արդյուավետությունը: Միեւնույն ժամանակ կներդրվի լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ստացման եւ հանձման մեկ պատուհանի սկզբունքը ՀՀ բոլոր մարզերում: Միաժամանակ ներկայացված նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ մասնավոր ոլորտը տարեկան կունենա մոտավորապես 1,651,900,000 դրամ խնայողություն (լրացուցիչ շահույթ, ծախսերից ազատում եւ այլն):

Սույն օրենքների ընդունման դեպքում համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն սույն օրենքներն ընդունվելուց հետո 6-ամսյա ժամկետում: