Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.5-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթեւ մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ եւ 15-րդ մասերով.
«14. Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթեւ մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
15. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 137.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի ութերորդ պարբերության «քսանապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերություններով.
«Առանց տարբերանշանների (տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձեւ դեղին եւ սեւ տարբերանշանի կամ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության եւ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվության), գնացուցակի մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Մինչեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար հաջորդ հերթական պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չհանձնելը եւ սակաչափիչի (տաքսամետրի) վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի տված տեղեկանքի (եզրակացության) պատճենը լիցենզիայի ներդիրի վերաձեւակերպման համար լիազոր մարմին չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Առանց ներդիրի մեջ համապատասխան նշում կատարված սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ութերորդ եւ իններորդ մասերով» բառերը փոխարինել «ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերով» բառերով.
2) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի «8-րդ եւ 9-րդ մասերով» բառերը փոխարինել «ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածում «123.5 հոդվածի ութերորդ եւ իններորդ մասերով» բառերը փոխարինել «123.5 հոդվածի ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերով» բառերով:
Հոդված 5. Մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշները հանձնելը եւ ներդիրում համապատասխան նշում կատարելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված՝ առանց ներդիրի Հայաստանի Հանրապետության տարածքում թեթեւ մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար պատասխանատվությունն առաջանում է առանց դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշների թեթեւ մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնելու դեպքում:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: