Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-281-29.04.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հուսալիությունը, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահությունը եւ ավանդատուների շահերի պաշտպանությունը:

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ ավանդատու) պատկանող բանկային ավանդների հատուցման երաշխավորման հետ կապված հարաբերություննները:

Հոդված 2. Երաշխավորված ավանդը

1. Երաշխավորված հատուցմամբ ավանդ (այսուհետեւ՝ երաշխավորված ավանդ) է հանդիսանում ավանդատուի կողմից բանկում ներդրված դրամային եւ արտարժութային բանկային ավանդը (այսուհետեւ՝ բանկային ավանդ կամ ավանդ)՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափով:

Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով բանկային ավանդ է համարվում ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա այն դրամական գումարը, որը ենթակա է վերադարձման ավանդատուին, եւ որը չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկն ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ կամ որպես գույք (բացառությամբ անվանական արժեթղթերի), գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում կամ որպես պարտավորության ապահովման միջոց: Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով անվանական արժեթուղթ չեն համարվում բոլոր տեսակի բաժնետոմսերը, ինչպես նաեւ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունը հավաստող այլ արժեթղթերը:

Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով բանկային ավանդ է համարվում նաեւ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները, ինչպես նաեւ դրանց վրա հաշվարկված եւ ավանդատուի բանկում վարվող ցանկացած հաշվի վրա հաշվեգրված տոկոսների գումարները:

2. Երաշխավորված ավանդ չի հանդիսանում այն բանկային ավանդը,

ա) որը պատկանում է տվյալ բանկի ղեկավարին եւ/կամ նրա ընտանիքի անդամներին.

բ) որը պատկանում է տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ/կամ նրա ընտանիքի անդամներին.

գ) որի սեփականատերն անհայտ է կամ սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից.

դ) որն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել.

ե) որը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին բանկում ներդրված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով :

Բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում ներդրված բանկային ավանդները չեն երաշխավորվում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Սույն օրենքի իմաստով բանկի ղեկավար են համարվում բանկի խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) նախագահը, նրա տեղակալը եւ խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալը, բանկի վարչության նախագահը, նրա տեղակալը, վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, ինչպես նաեւ ներքին աուդիտ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը:

Սույն օրենքի իմաստով միեւնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, երեխաները:

Հոդված 3. Երաշխավորված ավանդի չափերը

Սույն օրենքով սահմանված կարգով դրամային ավանդների հատուցումը երաշխավորվում է 2 միլիոն դրամի չափով, իսկ արտարժութային ավանդներինը՝ 1 միլիոն դրամին համարժեք չափով: Ընդ որում, նույն ավանդատուի՝ նույն բանկում ունեցած բոլոր ավանդները համարվում են մեկ ավանդ:

Հոդված 4. Երաշխավորողը

Ավանդների հատուցման երաշխավորող է հանդիսանում սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կարգով ստեղծված Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ):

ԳԼՈՒԽ II.

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 5. Երաշխավորված ավանդների հատուցման դեպքը

Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետեւ՝ հատուցման դեպք) է համարվում «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, եւ եթե բանկը (այսուհետեւ՝ անվճարունակ բանկ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետեւ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով եւ պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները:

Հոդված 6. Երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպումը

1. Կենտրոնական բանկը հատուցման դեպքի առաջացման մասին Հիմնադրամին տեղեկացնում է դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հիմնադրամը սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում կայացնում է ավանդները հատուցելու մասին որոշում եւ առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հանդես է գալիս հայտարարությամբ: Հիմնադրամն իր հայեցողությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նշված հայտարարությունը կարող է նաեւ զետեղել զանգվածային լրատվության այլ միջոցներում, եւ/կամ օգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարությունը տալու պահից տասնօրյա ժամկետում անվճարունակ բանկը, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով, Հիմնադրամ է ներկայացնում հատուցման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդատուների, նրանց ավանդների չափի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:

4. Հիմնադրամը սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարության տրման պահից մեկամսյա ժամկետում լրացուցիչ հայտարարություն է տալիս մամուլում եւ զանգվածային լրատվության այլ միջոցներում, որում պետք է նշվեն՝

ա) հատուցումը փաստացի կատարող բանկի անվանումը,

բ) երաշխավորված ավանդը ստանալու կարգը (ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը), պայմանները, վայրը, եղանակները, ժամկետները:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքում ավանդատուները տվյալ անվճարունակ բանկում իրենց հաշիվների քաղվածքներին ծանոթանալու եւ սխալ հայտնաբերելու դեպքում, պարզաբանումներ կարող են ներկայացնել Հիմնադրամին եւ անվճարունակ բանկին:

Հոդված 7. Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը

1. Երաշխավորված ավանդների հատուցումն իրականացվում է Հիմնադրամի կողմից՝ անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով: Այլ բանկի ընտրության որոշումը կայացնում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի եւ երաշխավորված ավանդների վճարումը իրականացնող բանկի միջեւ հարաբերությունները կարգավորվում են նրանց միջեւ կնքված պայմանագրով:

2. Հիմնադրամն ընտրված բանկի հաշվին է փոխանցում անհրաժեշտ գումարը եւ տրամադրում ավանդատուների ցուցակը, որի մեջ ներառվում են ավանդատուի անունը, անձնագրային տվյալները, անվճարունակ բանկում ներդրված ավանդի գումարի չափը, հատուցման դեպքի օրվա դրությամբ հավելագրված տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված ավանդի չափը եւ Հիմնադրամի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

3. Հիմնադրամը երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի միջոցով այդ գումարի հատուցումն իրականացնում է ավանդատուի կողմից ներկայացված գրավոր դիմումի եւ Հիմնադրամի կողմից տրամադրված ավանդատուների ցուցակի հիման վրա: Գրավոր դիմումի ձեւը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

4. Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով եւ ձեւով հաշվետվություններ է ներկայացնում Հիմնադրամին եւ Կենտրոնական բանկին:

5. Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում երաշխավորված ավանդների վճարումը իրականացնող բանկը հատուցման համար նախատեսված միջոցների մնացորդի առկայության դեպքում, այդ միջոցները փոխանցում է Հիմնադրամի՝ Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվին:

Հոդված 8. Երաշխավորված ավանդների հատուցման կարգը

1. Երաշխավորված ավանդների հատուցումը սկսվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում նշված լրացուցիչ հայտարարությունը հրապարակվելու պահից: Ավանդատուն երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկին կարող է դիմում ներկայացնել ոչ ուշ, քան հատուցումը սկսելու պահից հաշված մեկ տարի ժամկետում: Սույն մասով սահմանված ժամկետում ավանդատուի կողմից սույն մասով սահմանված դիմումը չներկայացնելու դեպքում Հիմնադրամը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում:

2. Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը, ավանդների հատուցման վերաբերյալ ավանդատուի դիմումի եւ Հիմնադրամի կողմից տրամադրված ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հիմնադրամ: Հիմնադրամը բանկի դիմումը քննարկում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին եւ երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկին հայտնում է կայացրած որոշման մասին: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը Հիմնադրամի գրության հիման վրա իրականացնում է երաշխավորված ավանդի վճարումը: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի եւ ավանդատուի միջեւ տարաձայնությունների առկայության դեպքում ավանդատուն կարող է դիմել Հիմնադրամ:

3. Հիմնադրամի հետ տարաձայնությունների դեպքում ավանդատուն կարող է դիմել դատարան:

Հոդված 9. Երաշխավորված ավանդների հատուցման պայմանները

1. Երաշխավորված ավանդը հատուցելիս առաջին հերթում հատուցվում է ավանդի գումարը: Եթե սույն մասով նշված գումարը պակաս է հատուցման ենթակա գումարի՝ սույն օրենքով նախատեսված առավելագույն չափից, ապա այդ չափից պակաս մասով հատուցվում են նաեւ ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները:

2. Երաշխավորված ավանդների հատուցման պայմաններն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը մեկ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա հատուցվում է միայն դրամային բանկային ավանդը՝ մինչեւ երկու միլիոն հայկական դրամի չափով.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդը փոքր է մեկ միլիոն հայկական դրամից, ապա մեկ միլիոն դրամից պակաս մասով հատուցվում է նաեւ արտարժութային բանկային ավանդը.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի առանձին բանկային ավանդ եւ միեւնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր է, ապա ավանդատուին հատուցվում է առանձին բանկային ավանդի եւ համատեղ բանկային ավանդում իր մասնաբաժնի հանրագումարը՝ սույն օրենքին համապատասխան.

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի պարտավորություն, ապա հատուցվում է պարտավորության եւ հաշվարկված բանկային ավանդի դրական տարբերությունը՝ սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով:

3. Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած պաշտոնական փոխարժեքով:

4. Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը դիտվում է որպես յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ՝ պայմանագրով սահմանված ավանդատուի մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջեւ բաժանվում է հավասարաչափ:

5. Անկախ բանկային ավանդի դրամային կամ արտարժութային լինելուց հատուցումը կատարվում է միայն Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Երաշխավորված ավանդի հատուցման դեպքում, ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով:

Հոդված 10. Հիմնադրամի հետադարձ պահանջի իրավունքը

1. Երաշխավորված գումարը հատուցելուց հետո Հիմնադրամը փաստացի հատուցված գումարի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում անվճարունակ բանկի նկատմամբ՝ այն հերթում (հերթերում) որի ընթացքում տվյալ ավանդատուն համաձայն «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իրավունք կունենար ստանալ իր ավանդը: Բանկի սնանկ ճանաչվելու դեպքում սնանկ բանկը Հիմնադրամի հանդեպ իր պարտավորությունը կատարում է «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված հիմքով ադմինիստրացիայի գործունեության դադարման դեպքում բանկըկատարում է Հիմնադրամի նկատմամբ իր պարտավորությունը՝ Հիմնադրամի կողմից փաստացի հատուցված ավանդների գումարի չափով՝ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:

ԳԼՈՒԽ III.

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 11. Երաշխիքային վճարները

1. Բանկերը պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով Հիմնադրամին վճարել պարբերական, միանվագ եւ լրացուցիչ երաշխիքային վճարներ: Երաշխիքային վճարների հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Հիմնադրամի միջոցների ընդհանուր գումարը, բացառությամբ սույն օրենքի հոդված 20-ով սահմանված այլ եկամուտների եւ միջոցների, նախորդ եռամսյակի երաշխիքային վճարներ կատարող բանկերի ընդհանուր բանկային ավանդների միջինի 2.5 տոկոսը գերազանցելու դեպքում, բանկերի կողմից երաշխիքային վճարների կատարումը ժամանակավորապես դադարեցվում է:

Բանկերի կողմից երաշխիքային վճարների կատարումը վերսկսվում է Հիմնադրամի միջոցների (բացառությամբ այլ եկամուտների եւ միջոցների)՝ սույն հոդվածով սահմանված 2.5 տոկոսից նվազելու դեպքում, հաջորդ եռամսյակից: Երաշխիքային վճարների կատարման ժամանակավոր դադարեցման, ինչպես նաեւ վերսկսման մասին Հիմնադրամը հայտնում է բանկերին եւ Կենտրոնական բանկին: Ընդ որում, երաշխիքային վճարների վերսկսման մասին Հիմնադրամը բանկերին եւ Կենտրոնական բանկին հայտնում է սույն պարբերությամբ սահմանված ժամկետից տաս օր առաջ: Սույն պարբերությամբ սահմանված պահանջները տարածվում են միայն սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պարբերական երաշխիքային վճարների վրա:

3. Երաշխիքային վճարներ կատարող բանկերի ընդհանուր բանկային ավանդների միջինը տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկվում է որպես այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկերի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդի հանրագումար, բաժանած տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա:

4. Բանկերի կողմից կատարված երաշխիքային վճարները երաշխիքային վճարներ կատարող բանկերի համար համարվում են ծախս եւ ենթակա չեն վերդարձման:

Հոդված 12. Պարբերական երաշխիքային վճարները

Բանկերը պարբերական երաշխիքային վճարները կատարում են եռամսյակը մեկ անգամ՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը: Պարբերական երաշխիքային վճարների գումարի չափը կազմում է հաշվետու եռամսյակի ընթացքում բանկերի բանկային ավանդների միջինի տարեկան 0.2%, բայց ոչ պակաս քան մեկ միլիոն դրամ տարեկան:

Հոդված 13. Միանվագ երաշխիքային վճարները

Նոր ստեղծվող բանկերը, բացառությամբ վերակազմակերպման միջոցով ստեղծվող բանկերի, բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից տասնօրյա ժամկետում վճարում են միանվագ երաշխիքային վճար՝ 15 միլիոն դրամ գումարի չափով:

Հոդված 14. Լրացուցիչ երաշխիքային վճարները

1. Բանկերը տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարը կատարում են այն դեպքում, երբ Հիմնադրամի միջոցները բավարար չեն սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով ավանդատուների պահանջները ամբողջությամբ եւ պատշաճ կերպով բավարարելու համար: Սույն մասով նշված միջոցների անբավարարության մասին որոշումը կայացնում է Հիմնադրամը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում բանկերը լրացուցիչ երաշխիքային վճարը կատարում են Հիմնադրամի միջոցների չբավարարող չափով՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի վերջին օրվա դրությամբ երաշխիքային վճարներ կատարող բանկերի ընդհանուր բանկային ավանդների միջինում բանկային ավանդների իրենց մասնաբաժնին համամասնորեն: Տարվա ընթացքում բանկերի կողմից կատարած լրացուցիչ երաշխիքային վճարների հանրագումարը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա ընթացքում իրենց կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարների հանրագումարի եռապատիկը: Եթե նախորդ ֆինանսական տարվա ընթացքում բանկերի կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարների հանրագումարի եռապատիկը չի գերազանցում երեք միլիոն դրամը, ապա տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը սահմանվում է երեք միլիոն դրամ գումարի չափով:

3. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից գործում է ավելի քան երեք ամիս, բայց ոչ ավելի, քան մեկ տարի, ապա բանկի կողմից կատարվող լրացուցիչ երաշխիքային վճարի առավելագույն չափը չպետք է գերազանցի նախորդ եռամսյակի համար նրա կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարի տասներկուպատիկը: Եթե նախորդ եռամսյակի համար բանկի կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարի տասներկուպատիկը չի գերազանցում երեք միլիոն դրամը, ապա տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը սահմանվում է երեք միլիոն դրամ գումարի չափով:

4. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիան ստանալու պահից գործում է մինչեւ երեք ամիս, ապա բանկի տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը սահմանվում է երեք միլիոն դրամի չափով:

5. Բանկերը լրացուցիչ վճարների վճարումը կատարում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումը ստանալու պահից տաս աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 15. Երաշխիքային վճարների արժույթը

Բանկերը երաշխիքային վճարները կատարում են Հայաստանի Հանրապետության դրամով:

Հոդված 16. Անվճարունակ բանկերի երաշխիքային վճարները

Կենտրոնական բանկի կողմից «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկն անվճարունակ ճանաչելու մասին որոշումն ընդունելու պահից բանկի կողմից երաշխիքային վճարներ չեն կատարվում: Կենտրոնական բանկի կողմից բանկի ֆինանսական առողջացման մասին որոշում կայացնելու պահից բանկը վճարում է անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար երաշխիքային վճարները: Ընդ որում՝ անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար չեն վճարվում սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

ԳԼՈՒԽ IV.

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հոդված 17. Հիմնադրամի կարգավիճակը

1. Հիմնադրամը սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կարգով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադիրն է Կենտրոնական բանկը:

2. Հիմնադրամն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված իրավասություններն ու պարտականությունները:

Հոդված 18. Հիմնադրամի գործառույթները

Հիմնադրամն իրականացնում է հետեւյալ գործառույթները՝

ա) հավաքագրում է երաշխիքային վճարները,

բ) մոնիտորինգ է իրականացնում Հիմնադրամի միջոցների, երաշխավորված ավանդների ավանդատուների քանակի եւ հատուցումն իրականացնելու համար անհրաժեշտ գումարների նկատմամբ,

գ) միջնորդություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները չվճարած բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, բանկերի ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից ստուգումներ անցկացնելու համար,

դ) սույն օրենքով սահմանված պայմաններով կառավարում է Հիմնադրամի միջոցները,

ե) հատուցում է երաշխավորված ավանդները՝ հատուցման դեպքը վրա հասնելու դեպքում,

զ) ստանում է վարկեր (փոխառություններ), երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ եւ նվիրաբերություններ,

է) ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպելու համար,

ը) իրականացնում է ավանդների երաշխավորման լուսաբանման աշխատանքներ,

թ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ:

Հոդված 19. Հիմնադրամի կառավարման մարմինները

1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝

ա) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

բ) Հիմնադրամի տնօրենը:

2. Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է յոթ անդամներից՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ անդամներ:

Հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակում է՝

երկու անդամին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

երկու անդամին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը,

երկու անդամին՝ Հայաստանի բանկերի միությունները:

Հոգաբարձուների խորհրդի մեկ անդամն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի նշանակված անդամների կողմից:

Հոգաբարձուների խորհրդի նախագահը ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից:

Հոգաբարձուների խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով եւ կարող են նույն պաշտոնում վերանշանակվել կամ վերընտրվել:

Հոգաբարձուների խորհրդի անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր՝

ա) ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար եւ դատվածությունը հանված կամ մարված չէ,

բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են ֆինանսական ոլորտում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն վարձատրվում:

Հոգաբարձուների խորհրդի անդամն ազատվում է պաշտոնից, եթե՝

ա) ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար,

բ) օրենքով սահմանված կարգով զրկվել է ֆինանսական ոլորտում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

գ) մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք անգամ անհարգելի բացակայել է խորհրդի նիստերից:

դ) նրան նշանակած կամ ընտրած մարմինը որոշում է կայացրել նրան Հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից ազատելու մասին:

3. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են խորհրդի առնվազն հինգ անդամ: Հոգաբարձուների խորհուրդը որոշումներ կայացնում է ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հոգաբարձուների խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:

4. Սույն օրենքին եւ հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իրականացնում է հետեւյալ լիազորությունները՝

ա) ընդունում է որոշում ավանդները հատուցելը սկսելու մասին,

բ) հաստատում է Հիմնադրամի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխությունները եւ լրացումները,

գ) հաստատում է Հիմնադրամի գործունեությունը կարգավորող ներքին կարգերը,

դ) հաստատում է Հիմնադրամի միջոցների տեղաբաշխման ձեւերը, ուղղությունները եւ սահմանաչափերը (քաղաքականությունը),

ե) որոշում է Հիմնադրամի միջոցների կառավարման նպատակով Հիմնադրամի միջոցների ներդրման ուղենիշային պայուսակը,

զ) որոշում է ընդունում հատուցման համար Հիմնադրամի միջոցների անբավարարության մասին,

է) հատուցման համար Հիմնադրամի միջոցների անբավարարության դեպքում որոշում է ընդունում անհրաժեշտ միջոցներ ներգրավելու ուղղությունների եւ պայմանների վերաբերյալ,

ը) լսում է Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ հիմնադրամի տնօրենի հաշվետվությունները,

թ) ընտրում է Հիմնադրամի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին),

թա) ընտրում է Հոգաբարձուների խորհրդի՝ սույն հոդվածի 2-րդ մասով նշված անդամին,

ժ) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը,

ժա) վերահսկում է Հիմնադրամի ընթացիկ եւ ֆինանսատնտեսական գործունեությունը,

ժբ) ընդունում է որոշումներ Հիմնադրամի տնօրենի, կանոնադրությամբ սահմանված այլ մարմիններ ձեւավորվելու դեպքում՝ դրանց ընտրության եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին,

ժգ) հաստատում է Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը եւ դրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունները,

ժդ) հաստատում է Հիմնադրամի աշխատակիցների վարձատրման եւ պարգեւատրման կարգը,

ժե) իրականացնում է օրենքով եւ Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու Հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

6. Հոգաբարձուների խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի որոշմամբ կարող են հրավիրվել փորձագետ (ներ):

Հոգաբարձուների խորհրդում սույն հոդվածով նախատեսված որեւէ հարցի քննարկման դեպքում խորհրդի շահագրգռված անդամը քննարկումն սկսելուց առաջ պարտավոր է հայտարարել իր շահագրգռվածության մասին եւ չմասնակցել քննարկմանն ու տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությանը:

Սույն օրենքի իմաստով Հոգաբարձուների խորհրդի անդամը համարվում է որեւէ հարցի քննարկման կապակցությամբ շահագրգիռ, եթե տվյալ հարցի քննարկման արդյունքում կայացվելիք որոշումը կապված է նրա կամ նրա ընտանիքի անդամների եկամտի աղբյուրների, ինչպես նաեւ նրա եւ նրա հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց ֆինանսական շահերի հետ:

7. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումը իրականացնում է Հիմնադրամի տնօրենը: Հիմնադրամի տնօրենը՝

ա) ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը,

բ) իր իրավասությունների ներքո պատրաստում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումների նախագծերը,

գ) հոգաբարձուների խորհրդի որոշած ուղենիշային պայուսակին համապատասխան կառավարում է Հիմնադրամի միջոցները,

դ) առանց լիազորագրի հանդես է գալիս Հիմնադրամի անունից,

ե) տալիս է լիազորագրեր,

զ) Հիմնադրամի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային,

է) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, Հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,

ը) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ,

թ) Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը,

ժ) իրականացնում է Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հիմնադրամի կանոնադրության մեջ նշվում են Հոգաբարձուների խորհրդի անդամների վարքագծի էթիկայի հիմնական սկզբունքները, նրանց գործելակերպի արդյունավետությունն ապահովող շարժառիթները, Հոգաբարձուների խորհրդի կողմից որոշումների ընդունման դեպքում խորհրդի անդամների շահագրգռվածության եւ շահերի բախման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաեւ նախատեսվում են Հոգաբարձուների խորհրդի անդամների միջեւ աշխատանքի բաշխման եւ նրանց պատասխանատվության վերաբերյալ դրույթներ:

Հոդված 20. Հիմնադրամի միջոցները

1. Հիմնադրամի միջոցներն են՝ սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարները, դրանց կառավարումից ստացված եկամուտները, Հիմնադրամի կողմից հատուցված եւ բանկերի նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարները, այլ եկամուտներն ու միջոցները:

2. Հիմնադրամի միջոցները կուտակվում են Հիմնադրամի՝ Կենտրոնական բանկում գտնվող հատուկ հաշվին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով սահմանված նպատակներով եւ դեպքերում: Հիմնադրամի, նրա ղեկավարների կամ երրորդ անձանց պարտավորությունների համար, որոնք կապված չեն երաշխավորված ավանդների հատուցման հետ (ներառյալ երաշխավորված ավանդների փաստացի կամ հնարավոր հատուցման համար ներգրավված վարկերը եւ փոխառությունները), Հիմնադրամի միջոցների վրա բռնագանձում, գանձում կամ արգելանք չի կարող կիրառվել՝ բացառությամբ Հիմնադրամի նյութական ակտիվների եւ սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված վարչակառավարչական ծախսերի:

Հոդված 21. Հիմնադրամի կողմից վարկերի, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների եւ նվիրաբերությունների ստացումը

Հիմնադրամը կարող է իր անունից ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ եւ նվիրաբերություններ:

Հոդված 22. Հիմնադրամի միջոցների կառավարումը

1. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հիմնադրամը:

2. Հիմնադրամի միջոցները կարող են ներդրվել բացառապես վերադարձման բարձր հուսալիություն ունեցող ֆինանսական ակտիվներում.

ա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում եւ բարձր ռեյտինգ ունեցող առաջատար օտարերկրյա բանկերում՝ որպես բանկային ավանդ եւ (կամ) բանկային հաշիվ,

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերում.

դ) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում.

ե) բարձր ռեյտինգ ունեցող երկրների կառավարությունների եւ (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,

զ) բարձր ռեյտինգ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների եւ (կամ) բանկերի արժեթղթերում,

է) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ այլ ֆինանսական ակտիվներում:

Ռեյտինգների թույլատրելի սահմանչափերը եւ ռեյտինգ սահմանող ընդունելի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

3. Հիմնադրամի միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը՝ տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է:

Հոդված 23. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը

1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից սույն օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով, հաստատում է Հիմնադրամի տարեկան վարչակառավարչական ծախսերը:

Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերն իրականացվում են Հիմնադրամի միջոցների հաշվին: Վարչակառավարչական ծախսերը կատարելու համար Հիմնադրամը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բանկերում բացել հաշիվներ:

2. Հիմնադրամի տարեկան վարչակառավարչական ծախսերը չեն կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա ընթացքում երաշխիքային վճարներ կատարող բանկերի ընդհանուր բանկային ավանդների միջինի 0.03%:

3. Եթե տարվա ընթացքում Հիմնադրամի փաստացի կատարած ծախսերը ավելի քիչ են, քան սույն հոդվածով սահմանված կարգով հաստատված Հիմնադրամի տարեկան վարչակառավարչական ծախսերը, Հիմնադրամը, տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը փոխանցում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված հատուկ հաշվին:

Հոդված 24. Տեղեկատվության փոխանակումը: Հիմնադրամի կողմից տրվող հաշվետվությունները: Վերահսկողությունը հիմնադրամի գործունեության նկատմամբ

1. Հիմնադրամն ու Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ տեղակատվություն են փոխանակում՝ օրենքներով եւ Կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով:

Բանկերը կազմում, եւ Կենտրոնական բանկ են ներկայացնում երաշխիքային վճարների հաշվարկման, ավանդատուների քանակի եւ հատուցման ենթակա գումարի վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձեւերով եւ կարգով: Հիմնադրամը կարող է սույն հոդվածի առաջին մասով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկից ստանալ դրանք՝ Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից տասնօրյա ժամկետում:

2. Հիմնադրամը Կենտրոնական բանկից եւ (կամ) բանկերից բանկային գաղտնիք կարող է ստանալ բացառապես սույն օրենքով սահմանված հատուցման դեպքի առաջացման պարագայում՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հիմնադրամի աշխատակիցների կողմից պետական, բանկային, առեւտրային եւ ծառայողական գաղտնիքի պահպանումն ու օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:

3. Հիմնադրամը յուրաքանչյուր եռամսյակը մեկ Կենտրոնական բանկ տեղեկատվություն է ներկայացնում հիմնադրամի միջոցների մասին:

4. Յուրաքանչյուր տարի Հիմնադրամը ստուգվում է օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը եւ ստուգված տարեկան ֆինասական հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ: Հիմնադրամը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո քառամսյա ժամկետում մամուլում հրապարակել անկախ աուդիտորական կազմակերպության համառոտ եզրակացությունը:

5. Բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող՝ երաշխիքային վճարների հաշվարկման, ավանդատուների քանակի եւ հատուցման ենթակա գումարի վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները, ինչպես նաեւ Հիմնադրամի միջոցների վերաբերյալ, բացառությամբ վարչակառավարչական ծախսերի համար հատկացված միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը համարվում են բանկային գաղտնիք:

6. Հիմնադրամի կողմից սույն օրենքով սահմանված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

ԳԼՈՒԽ V.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25. Ավանդների երաշխավորման պայմանների եւ կարգի մասին հայտնելը

1. Բանկերը պարտավոր են գրավոր տեղեկացնել ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորման պայմանների եւ կարգի մասին: Բանկերը սույն հոդվածով սահմանված տեղեկացումն իրականացնում են ավանդատուին գրավոր հանձնվող ծանուցման միջոցով, որի օրինակի վրա ստորագրում է ավանդատուն:

Հաճախորդին գրավոր հանձնվող ծանուցումը պետք է պարունակի՝

ա) երաշխավորված ավանդի առավելագույն սահմանաչափերը եւ դրանց հաշվարկման կարգը,

բ) չերաշխավորվող ավանդների ցանկը,

գ) հատուցման դեպքը,

դ) երաշխավորված ավանդների հատուցման կարգը եւ ժամկետները,

ե) երաշխավորողի կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ,

զ) Հիմնադրամի գտնվելու վայրը, հասցեն,

է) բանկի հայեցողությամբ այլ տեղեկություններ:

Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել հաճախորդներին հանձնվող ծանուցման օրինակելի ձեւ:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ծանուցումը հանդիսանում է բանկային ավանդի (բանկային հաշվի) պայմանագրի անբաժանելի մասը:

Հոդված 26. Բանկերի սույն օրենքի պահանջները պահպանելու նկատմամբ վերահսկողությունը

Բանկերի, այդ թվում անվճարունակ բանկերի կողմից սույն օրենքի պահանջները պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

Հոդված 27. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները չկատարելու դեպքում այդ գումարների վրա հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսի եռապատիկի չափով տոկոսներ:

2. Սույն օրենքը եւ սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար բանկերն ու դրանց ղեկավարները կրում են նաեւ պատասխանատվություն՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված կարգով եւ չափով: Ընդ որում՝ բանկերի կողմից Հիմնադրամի նկատմամբ մեկ տարի եւ ավելի ժամկետում երաշխիքային վճարների գծով չկատարված պարտավորություններ ունենալու դեպքում Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչում բանկի բանկային գործունեության լիցենզիան:

Հոդված 28. Հիմնադրամի լուծարման հիմքերը եւ կարգը

1. Հիմնադրամը կարող է լուծարվել միայն սույն օրենքն ուժը կորցրած ճանաչվելու, սույն օրենքում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու դեպքում:

Հոդված 29. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Սույն օրենքով սահմանված երաշխավորված ավանդների հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե այն տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 1-ից հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից, մինչեւ Հիմնադրամի՝ օրենքով սահմանված կարգով ստեղծումը, բանկերը երաշխիքային վճարները կատարում են Կենտրոնական բանկում վարվող բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի հաշվի օգտին՝ սույն օրենքով սահմանված կարգով եւ չափերով: Բանկերի կողմից կատարվող սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները, կուտակված միջոցները, դրանց դիմաց վճարվող տոկոսագումարները, ինչպես նաեւ բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամին ուղված այլ միջոցները հաշվառվում են բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի հաշվում:

3. Հիմնադրամի՝ օրենքով սահմանված կարգով ստեղծման պահից տաս աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի հաշվում առկա միջոցները հանձնվում են Հիմնադրամին: