Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հերթական ընդհանուր ժողով կարող է (են) հրավիրել նաեւ առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակից(ներ)ը»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Արտահերթ ընդհանուր ժողով կարող է (են) հրավիրել նաեւ առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակից(ներ)ը»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
1.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների ընկերության կառավարման իրավունքը կարգավորելու անհրաժեշտությամբ:
1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Սույն օրենքում առաջարկվող լրացումները նպատակ ունեն ապահովել օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքները, մասնավորապես, մասնակցի՝ ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքը: Սույն օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Բարձրագույն մարմնի կողմից կառավարում կարելի է իրականացնել հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու միջոցով: Սույն օրենքի 37-րդ եւ 38-րդ հոդվածներում արտահերթ եւ հերթական ժողովի հրավիրման իրավունքը վերապահված է գործադիր մարմնին: Այսինքն գործադիր մարմնի կամքից է կախված մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացումը: Գործող խմբագրությամբ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 90 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները ցանկություն ունեն ժողով հրավիրելու, բայց գործադիր մարմինը պարզապես ժողով չի հրավիրում: Մասնակիցներին մնում է դիմել դատարան՝ տնօրենին ժողով հրավիրելուն պարտավորեցնելու հայցով, բայց այդ դեպքում ժամանակի կորստի հետեւանքով ընկերությունը կարող է կրել անդառնալի կորուստներ:
1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է օրենքի 37-րդ եւ 38-րդ հոդվածները լրացնել այնպես, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հերթական եւ արտահերթ ժողով հավիրելու իրավունք ունենա նաեւ առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակից(ներ)ը:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հերթական եւ արտահերթ ժողով հրավիրելու հետ կապված իրավահարաբերությունները:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընունման արդյունքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ժողով հրավիրելու իրավունք կունենան նաեւ ընկերության առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները: