Հոդված 41.4. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված մասհանումներ չկատարելը
Մասհանում չկատարելը`
առաջացնում է տուժանքի նշանակում գործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի առաջին նախադասությունում «48.1» թվից առաջ լրացնել «41.4,» թվով:
Հոդված 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զբաղվածության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
Իրավական ակտի հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
Զբաղվածության ռազմավարության գերակայությունների իրականացման հիմնական մեխանիզմների ամբողջական եւ արդյունավետ օրենսդրական ապահովման, զբաղվածության քաղաքականության նոր մոդելի իրավական հիմքերի ամրագրման նպատակով մշակվել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հիմքում ընկած է ՀՀ կառավարության 2013թ. ապրիլի 4-ի N 13 արձանագրային որոշման 6-րդ կետով հաստատված «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը:
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից բխող անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխան լրացումներ կատարել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, որոնց նախագծերը ներկայացվում են միասնական փաթեթով:
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաեւ հետեւյալ պահանջներից.
ՀՀ կառավարության 10.01.2013թ. N70-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ցանկի 85-րդ կետով նախատեսված է մշակել եւ մինչեւ 2013թ. մայիսի 3-րդ տասնօրյակը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,
ՀՀ կառավարության 08.11.2012թ. N45 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը եւ զբաղվածության ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 8-րդ կետով նախատեսված է 2013թ. մշակել եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով կարգավորվում են զբաղվածության քաղաքականության հետեւյալ հիմնական խնդիրները, որոնք բնորոշ են բնակչության զբաղվածության պետական ընթացիկ կարգավորմանը.
1. Ընդհանուր բնույթի խնդիրներ
2005 թվականի հոկտեմբերի 24-ի «Բնակչության զբաղվածության եւ գործազրրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով (այսուհետ` գործող օրենք) զբաղվածության քաղաքականության հիմնական նպատակը եւ սկզբունքները ընդհանրական են սահմանված, ինչը հնարավորություն չի տալիս`
1) հստակ տարանջատել եւ թիրախավորել քաղաքականության ենթանպատակները,
2) չափելի եւ կանխատեսվող դարձնել քաղաքականության արդյունքները` ընթացիկ եւ հեռանկարային առումներով:
2. Կազմակերպման արդյունավետության բարձրացման եւ օպտիմալացման խնդիրներ
1) գործող օրենքով զբաղվածության պետական կարգավորման տարեկան ծրագիրը կրավորական դեր ունի, ինչպիսի կարգավորումը հնարավորություն չի տալիս`
ա. փորձարկել եւ իրականացնել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից եւ միտումներից բխող ճկուն պետական կարգավորում` նոր ծրագրեր եւ գործիքներ,
բ. հետեւողականորեն բարձրացնել ոլորտին ուղղվող միջոցների օգտագործման նպատակայնությունը եւ արդյունավետությունը.
2) գործող օրենքով ամբողջապես կարգավորված չեն շահառուների գրանցման, տեղեկատվական շտեմարանի ձեւավորման, նպատակային օգտագործման իրավական հիմքերը, որի արդյունքում բացակայում են`
ա. էլեկտրոնային եղանակով աշխատանք փնտրողների գրանցման եւ ծառայություններից օգտվելու, ինչպես նաեւ գործատուներից թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության ստացման հնարավորությունները,
բ. հետադարձ կապի ապահովման մեխանիզմները,
գ. զբաղվածության պետական ծառայությունում առկա ամբողջական տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով շահառուներին հասանելիության ապահովման գործընթացների կազմակերպման հնարավորությունը.
3) գործող օրենքով նախատեսված չեն տարեկան ծրագրի մոնիթորինգի եւ գնահատման գործընթացների կազմակերպման եւ իրականացման իրավական հիմքերը:
3. Ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային փոփոխություններ պահանջող խնդիրներ
1) գործող օրենքով կարգավորված չէ աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը, որի պարագայում բացակայում են`
ա. զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ նպատակային, փոխշահավետ համագործակցությունը եւ մրցակցային հարաբերությունները,
բ. աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից մատուցվող զբաղվածության ծառայություններից (այդ թվում` օտարերկրյա պետություններում գործունեություն իրականացնող գործատուների մոտ աշխատանքի տեղավորում) օգտվող անձանց իրավունքների եւ օբյեկտիվ շահերի պաշտպանության օրենսդրական հիմքերը,
գ. աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների գործունեության կանոնակարգումը իրեն վերապահված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում.
2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հանրապետությունում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, անհրաժեշտություն է առաջացել զբաղվածության քաղաքականության իրականացման համակարգում կատարել կառուցվածքագործառութային փոփոխություններ` այն համապատասխանեցնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարախոսությանը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը բնակչության զբաղվածության քաղաքականության շրջանակներում իրականացնում է աշխատաշուկայի պետական կարգավորման, աշխատանքի եւ աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանսավարկային, տարածքային զարգացման, ներդրումային, հարկային, կրթական, ժողովրդագրական, աշխատուժի միգրացիայի քաղաքականությունները: Նշված բնագավառներում լիազոր պետական մարմիններն են` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ սփյուռքի նախարարությունները:
Աշխատաշուկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների հիման վրա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակում եւ իրականացնում է զբավածության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը` բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան, համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների, սոցիալական գործընկերների եւ այլ կազմակերպությունների հետ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերահսկում է այդ ծրագրի կատարման ընթացքը, ներկայացնում է ֆինանսական հիմնավորումներ եւ կատարում համապատասխան բյուջետային ծախսերի կանխատեսումներ:
Գործող օրենքով սահմանված զբաղվածության քաղաքականության մոդելը կարելի է բնութագրել որպես հիմնականում «պասիվ» քաղաքականության մոդել:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
1. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ նպատակ է հետապնդվում զբաղվածության ոլորտի առաջիկա բարեփոխումների իրականացման ռազմավարական եւ մարտավարական նոր մոտեցումների իրավական հենքի լիարժեք ապահովում հետեւյալ հիմնական ուղղություններով`
1) կազմակերպական, տեղեկատվական ապահովման եւ շահառուներին հասանելիության, ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային փոփոխությունների իրականացում.
2) աշխատաշուկայի ընթացիկ եւ հեռանկարային կարգավորման թափանցիկության, հաշվետվողականության ու արդյունավետության բարձրացում.
3) տարեկան ծրագրի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ու այլ դոնորների կողմից ֆինանսավորվող զբաղվածության ծրագրերի պլանավորում, իրականացում, մոնիթորինգ եւ գնահատում:
2. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման առարկան բովանդակում է`
1) Հայաuտանում բնակչության արդյունավետ զբաղվածության խթանման տնտեuական եւ կազմակերպական նոր դրույթներն ու իրավական հիմքերը.
2) զբաղվածության իրավունքի իրականացումը` հաշվի առնելով տնտեսության ոլորտային զարգացման առանձնահատկությունները.
3) գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից տրվող երաշխիքները:
3. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրված զբաղվածության քաղաքականության սկզբունքները ելնում են զբաղվածության ոլորտի պետական կարգավորման հիմնական նպատակներից, որոնք ամրագրված են Զբաղվածության ռազմավարությունում:
4. Ելնելով օրենքի նպատակից, սկզբունքներից եւ կարգավորման առարկայից` «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող զբաղվածության քաղաքականության`
1) նոր մոդելը համապատասխանում է զբաղվածության քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրված հիմնական սկզբունքներին եւ մոտեցումներին.
2) նոր մոդելը կարելի է բնութագրել որպես «ակտիվ» քաղաքականության մոդել, հիմնված` «աջակցել եւ պահանջել» հիմնարար սկզբունքի վրա.
3) նոր մոդելով նախատեսվող զբաղվածության պետական կարգավորման ամենամյա ծրագիրն ունի մշակման, իրականացման բավարար ճկունություն` աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող, իսկ շահառուների կայուն զբաղվածության ապահովումն ամրագրված է որպես զբաղվածության պետական կարգավորման ծրագրերի հիմնական նպատակ:
5. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում համապատասխանաբար սահմանված եւ կարգավորված են`
1) զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրված լավագույն փորձի տարածման, ոչ պետական կազմակերպություններին անհրաժեշտ մեթոդական աջակցության տրամադրման հարաբերություններն ու սկզբունքները.
2) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին զբաղվածության պետական ծրագրերի պատվիրակման հնարավորությունը` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) պատվիրակված ծրագրերի շրջանակներում ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը:
6. Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի եւ զբաղվածության խթանման նպատակով «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծում սահմանված է կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա): Քվոտայի կիրառման արդյունքում հնարավոր ռիսկերի ու ազդեցությունների համալիր վերլուծության եւ գնահատման արդյունքում` «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է քվոտայի փուլային ներդրման տարբերակ: Մասնավորապես, քվոտայի պահանջը սահմանվում է հարյուր եւ ավելի աշխատողներ ունեցող`
պետական կազմակերպությունների համար` աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3 տոկոսի չափով (2015թ. հունվարի 1-ից),
ոչ պետական կազմակերպությունների համար` աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 1 տոկոսի չափով (2016թ. հունվարի 1-ից):
Քվոտայի պահանջի կատարման ապահովմանը միտված` կազմակերպություններին պետական աջակցություն տրամադրելու մեխանիզմները եւս նախատեսված են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով:
Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում, որը կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:
Գործատուների մոտ հաշմանդամություն ունեցող անձանց քվոտայի կամ դրան այլընտրանք հանդիսացող` մասհանման պահանջի խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն: Հետեւաբար, այս նպատակով համապատասխան լրացում է առաջարկվել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Մասնավորապես, մասհանում չկատարելն առաջացնում է տուժանքի նշանակում գործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը
6. Ակնկալվող արդյունքը
Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման նպատակով այդ քաղաքականության մշակման, իրականացման, մոնիթորինգի եւ գնահատման շրջանակներում նախանշված ռազմավարական մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենք:
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունվելուց հետո կմշակվեն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվեն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նախապես հաստատվող օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկին համապատասխան։