Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-316-27.08.2013,18.10.2013-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝Օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը «տարածքային մարմնի» բառերից հետո լրացնել «(Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի)» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում իրավասու մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման եւ վերականգնման համար: Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն այն դեպքում, երբ դա պահանջում է հուշարձանի նյութական պահպանությունը: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմամշակութային արժեք հանդիսացող արտաքին ու ներքին կերպարների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, նսեմացմամբ կամ ոչնչացմամբ:

Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի) թույլտվությամբ:

Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:

Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման եւ լուսանկարման աշխատանքները:

Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:»:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի «(բ» կետը «(տարածքային մարմնին» բառերից հետո լրացնել «(Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետին)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: