Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «տարածքային մարմնի» բառերից հետո լրացնել «(Երեւան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հուշարձանների քանդումն արգելվում է:
Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման եւ վերականգնման համար: Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
Հուշարձանի փոփոխումը կատարվում է բացառիկ` նրա սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործելու անհնարինության եւ (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ:
Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երեւան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության ) թույլտվությամբ:
Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:
Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ դրանք կատարելու ընթացքում լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման եւ լուսանկարման աշխատանքները:
Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:»:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետը «տարածքային մարմնին» բառերից հետո լրացնել «(Երեւան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը )» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: