Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-369-22.10.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում՝

ա. «բ» կետում «գործունեություն:» բառը փոխարինել «գործունեություն կամ» բառերով.

բ. լրացնել «գ)» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«գ) էսքրոու հաշվի միջոցով եւ նոտարի կողմից վավերացված գործարքով ձեռք է բերել առնվազն 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով անշարժ գույք:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված դեպքերում մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված դեպքում՝ 10 տարի ժամկետով: Մշտական կացության կարգավիճակը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ժամանակավոր կացության կարգավիճակ եւ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված դեպքերում՝ մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված դեպքում՝ դիմումը ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել գ.1) կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«գ.1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու դեպքում ձեռք բերված անշարժ գույքն օտարել է եւ օտարելուց հետո մեկամսյա ժամկետում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով սահմանված կարգով ձեռք չի բերել համարժեք այլ անշարժ գույք.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսվում է օտարերկրացիներին մշտական կացության կարգավիճակ տրամադրելու հիմքերը: Սակայն նախատեսված հիմքերը բավարար չեն օտարերկրացիների հոսքը Հայաստանի Հանրապետություն խրախուսելու, վերջիններիս կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար: Բացի այդ, ներկայումս օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրվում է 5 տարով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

Միաժամանակ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների մշտական կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար ներկայումս սահմանված է պետական տուրքի վճարում՝ անկախ օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրելու հիմքից:

Առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված հիմքերից բացի սահմանել օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրելու նոր հիմք, այն է օտարերկրացուն տրմադրել մշտական կացության կարգավիճակ, եթե օտարերկրացին էսքրոու հաշվի միջոցով եւ նոտարի կողմից վավերացված գործարքով ձեռք է բերել առնվազն 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով անշարժ գույք: Հաշվի առնելով, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ձեռք բերելը հեշտացնելն ու խրախուսելն է, առաջարկվում է նաեւ լրացվող նոր հիմքով մշտական կացության կարգավիճակ տրամադրել 10 տարի ժամկետով՝ գործող այլ հիմքերի համար նախատեսված 5 տարի ժամկետի փոխարեն: Բացի այդ, առաջարկվում է առնվազն 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը կայացնել դիմումը ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում:

Հաշվի առնելով կատարվող փոփոխությունների նշված նպատակները՝ անհրաժեշտ է նաեւ որոշակի այլ արտոնություններ սահմանել օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ձեռք բերելու համար: Այսպես առաջարկվում է առնվազն 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերելու դեպքում օտարերկրացուն ազատել պետական տուրքի վճարումից: Դրանով պայմանավորված նախագծերի փաթեթի մեջ ներառվել է նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է դրույթներ նախատեսել օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքով ստացած մշտական կացության կարգավիճակից զրկելու հիմքերի վերաբերյալ:

Միաժամանակ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում կատարվող փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխան լրացում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:

Ներկայացված նախագծերը մշակելիս ուսումնասիրվել է նաեւ այդ ոլորտում միջազգային փորձը: Արդյունքում պարզ դարձավ, որ մի շարք երկներում նշված համակարգը ներկայումս հաջողությամբ եւ արդյունավետորեն կիրառվում է:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել հեշտացնել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին մշտական կացության կարգավիճակ տրամադրելը, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների հոսքի ավելացման համար: