Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3701-25.10.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը, սակայն ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Ազգային ժողով) առաջիկա չորսօրյա նիստերից 5 օր առաջ, Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված լիազորություններից յուրաքանչյուրի առնչությամբ՝ նախորդ տարվա ընթացքում դատախազության իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 103.1-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

Այդպիսով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ներկայացում, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով թեեւ նախատեսված է, որ այդպիսի հաղորդումները քննարկվում են հատուկ ընթացակարգով, սակայն նման ընթացակարգ օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, որի հետեւանքով դատախազության գործունեության հաղորդումներն Ազգային ժողովի նիստում չեն քննարկվում: Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման ներկայացման հստակ ժամկետ, ինչպես նաեւ հաղորդման բովանդակության վերաբերյալ պահանջներ նախատեսված չեն:

Նշված խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը լրացնել նոր` 103.1-րդ հոդվածով, դրանում շարադրելով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային ժողովում քննարկելու հատուկ կարգ` համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում:

Առաջարկվող փոփոխություններն ուղղված են դատախազության գործունեության հրապարակայնության եւ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների իրականացման ապահովմանը: