Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել 11.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 11.1. Գործերի պատահական բաշխման սկզբունքը
1. Դատավորների միջեւ գործերը բաշխվում են պատահական ընտրության սկզբունքի հիման վրա` սույն օրենսգրքի 2.1 գլխով սահմանված կարգով»:
Հոդված 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածում լրացնել 2.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«2.1 Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակված դատավորը նախագահի պաշտոնում պաշտոնավարում է մինչեւ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալը»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել 21.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 21.1 Դատական վիճակագրության վարումը եւ հրապարակայնության ապահովումը
1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հանրության առջեւ հաշվետվողականությունն ապահովելու նպատակով դատարանները վարում են դատական վիճակագրություն:
2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`
1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը.
2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի եւ տարածության մեջ.
3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը եւ ամբողջականությունը.
4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.
5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:
3. ՀՀ կառավարությունը սահմանում է դատական վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):
4. Դատավորների խորհուրդը սահմանում է դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաեւ դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:
5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարելու դեպքում, դրանք կիրառում են միայն փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվանից:
6. Դատական վիճակագրության հավաքումն ու վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դատական դեպարտամենտ):
7. Դատական դեպարտամենտը Դատավորների խորհրդի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում Դատավորների խորհրդի հաստատմանն է ներկայացնում է դատարանների գործունեության կիսամյակային եւ տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվություները:
8. Դատական դեպարտամենտը սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան Դատավորներ խորհրդի կողմից հաստատված հաշվետվությունները ուղարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
9. Պետական մարմինները կարող են դիմել եւ դիմումը ուղարկելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում դատական դեպարտամենտից ստանալ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դասակարգիչների հիման վրա հավաքագրված վիճակագրական տվյալները (տեղեկությունները):
10. Դատական դեպարտամենտն ապահովում է վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:
11. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերի, հրապարակվում են, մասնավորապես, հետեւյալ տվյալները (տեղեկությունները).
1) դատավորների քանակը,
2) հաշվետու ժամանակաշրջանի սկզբում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված գործերի ընդհանուր քանակը,
3) հաշվետու ժամանակաշրջանում ստացված գործերի ընդհանուր քանակը,
4) հաշվետու ժամանակաշրջանում ավարտված գործերի ընդհանուր քանակը (այդ թվում՝ գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու եւ այլ հիմքերով ավարտված),
5) հաշվետու ժամանակաշրջանում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը,
6) գործի քննության միջին տեւողությունն ըստ նիստերի քանակի,
7) գործի քննության միջին տեւողությունն ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ), այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության եւ դատական ակտի կայացման փուլերի միջին տեւողության,
8) մինչդատական վարույթի գործերն՝ ըստ տեսակների,
9) հաշվետու ժամանակաշրջանում անավարտ գործերի ընդհանուր քանակը,
10) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների,
11) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:
12. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները (տեղեկությունները).
1) սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-11-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները),
2) հաշվետու ժամանակաշրջանում ստացված բողոքների ընդհանուր քանակը,
3) հաշվետու ժամանակաշրջանում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը` արտացոլելով կրկին ներկայացվածները եւ չներկայացվածները,
4) միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերն՝ ըստ ակտերի տեսակների եւ ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:
13. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ՝ յուրաքանչյուր պալատի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 11-րդ մասով, բացառությամբ 11-րդ մասի 4-րդ-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տեղեկությունների, ինչպես նաեւ սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ-4-րդ կետերով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկությունները հաշվարկվում են ըստ օրերի:
14. Դատական դեպարտամենտի կողմից տարեկան՝ ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաեւ հետեւյալ տվյալները (տեղեկությունները).
1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը եւ դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ,
2) վճարված պետական տուրքի ընդհանուր չափը,
3) դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցող սուբյեկտների եւ վարույթի հարուցման հիմքերի, Արդարադատության խորհրդի կողմից կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցող սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր քանակը:
4) սույն հոդվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա հետ:
Հոդված 4. Օրենսգրքում լրացնել 2.1 գլուխ հետեւյալ բովանդակությամբ`
«2.1. Դատարաններում գործերի բաշխումը.
Հոդված 21.2. Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման կարգը
1. Դատարան մուտքագրված քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերն անհապաղ մուտք են արվում համակարգչային ծրագիր եւ նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջեւ՝ պատահական ընտրությամբ եւ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը:
2. Եթե գործերը հավասարաչափ բաշխել հնարավոր չէ, ապա գործերը բաշխվում են այն հաշվով, որպեսզի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներից յուրաքանչյուրին հանձնված գործերի միջեւ տարբերությունը չգերազանցի մեկը: Տվյալ դեպքում հաջորդ օրը գործեր բաշխելիս առաջին հերթին մեկական գործ պատահական ընտրությամբ հանձնվում է այն դատավորներին, ովքեր նախորդ օրվա բաշխման արդյունքում ստացել են ավելի պակաս թվով գործեր, իսկ մնացած գործերը բաշխվում են ընդհանուր կարգով՝ բոլոր դատավորների միջեւ:
3. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների խորհրդի անդամ հանդիսացող դատավորներին կատարվում է ընդհանուր կարգով, սակայն յուրաքանչյուր ամիս նրանց հանձնված գործերի քանակը պետք է մինչեւ քսանհինգ տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացումն ունեցող մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից:
4. Դատավորների խորհուրդը սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված տոկոսային միջակայքի շրջանակներում որոշում է դատարանների նախագահներին՝ ըստ դատարանների, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների խորհրդի անդամ հանդիսացող դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը:
5. Դատավորների խորհուրդը բացառիկ դեպքերում, հաշվի առնելով որեւէ դատարանում դատարանի նախագահի, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների խորհրդի անդամ հանդիսացող դատավորի ծանրաբեռնվածությունը, կարող է սահմանել սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված առավելագույն տոկոսաչափը գերազանցող տոկոսաչափեր:
6. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի (գործերի) առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Դատավորների խորհրդին՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Այդ դեպքում Դատավորների խորհուրդը կարող է որոշում կայացնել դատավորի անուն-ազգանունը ժամանակավորապես հանելու բաշխման ցանկից կամ սահմանելու նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ՝ դրա համար սահմանելով կոնկրետ ժամանակահատված, որը չի կարող լինել ավելին, քան 6 ամիսը, իսկ բացառիկ դեպքերում` 1 տարին:
7. Եթե դատավորը գտնվում է արձակուրդի մեջ (ներառյալ արձակուրդին նախորդող 20-օրյա ժամանակահատվածը) կամ գործուղվել է (ներառյալ գործուղմանը նախորդող 20-օրյա ժամանակահատվածը) կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կամ նրա լիազորությունները կասեցվել են, ապա այդ դատավորի անուն-ազգանունը համապատասխան ժամկետով պետք է հանվի բաշխման ցանկից` նշելով իրավական հիմքը եւ ժամկետը:
8. Նոր դատավոր նշանակվելու դեպքում այդ դատավորին գործերի բաշխումը կատարվում է ընդհանուր կարգով:
9. Եթե ընդհանուր իրավասության դատարանն ունի նստավայրեր, որոնցում գործում են նույն մասնագիտացումն ունեցող առնվազն երկու դատավորներ, ապա այդ դատարանի նախագահը` համաձայն օրենքով սահմանված ընդդատության կանոնների, որոշում է այն նստավայրը, որտեղ պետք է քննվի տվյալ գործը, իսկ գործերի բաշխումը այդ նստավայրում գործող դատավորների միջեւ կատարվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:
10. Եթե դատարանի նստավայրում առկա է միայն մեկ դատավոր եւ օրենքով սահմանված ընդդատության կանոնների համաձայն` դատարանի նախագահը որոշել է, որ գործը պետք է քննվի տվյալ նստավայրում, ապա սույն հոդվածով նախատեսված գործերի բաշխման կարգը տվյալ նստավայրում չի կիրառվում, իսկ գործը հանձնվում է այդ դատավորին:
11. Այն դեպքում, եթե մուտքագրված գործը համաձայն օրենքի ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա տվյալ գործը սույն հոդվածով սահմանված կարգով հանձնվում է դատական կազմը նախագահող դատավորին, իսկ դատական կազմի այլ դատավորները որոշվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
12. Առանձին տեսակի գործերի բաշխման առանձնահատկությունները սահմանում է Դատավորների խորհուրդը` հիմք ընդունելով սույն հոդվածով ամրագրված պատահական բաշխման սկզբունքը՝ այնքանով, որքանով այն իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է այդ առանձնահատկությունների սահմանման նկատմամբ:
13. Գործն ըստ էության լուծող որոշումներ չպահանջող գործերի բաշխման կարգը սահմանում է Դատավորների խորհուրդը:
Հոդված 21.3. Վերաքննիչ դատարանում գործերի բաշխման կարգը
1. Վերաքննիչ դատարան մուտքագրված գործերը դատավորներին (գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների դեպքում՝ նախագահող դատավորներին) հանձնվում են սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-ից 8-րդ եւ 12-րդ մասերով սահմանված կարգով:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը համակարգչային ծրագիր են մուտքագրվում եւ բաշխվում միմյանցից առանձին:
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը կոլեգիալ կազմով քննելու համար վերաքննիչ դատարանում ձեւավորվում են երեքական դատավորներից բաղկացած դատական կազմեր:
4. Վերաքննիչ դատարանների նախագահները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ձեւավորվող դատական կազմերի մեջ չեն ընդգրկվում, նրանց հանձնվում են միայն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործեր` սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 6-րդ մասերով սահմանված կարգով, իսկ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների դեպքում նրանք փոխարինում են դատական կազմի բացակայող դատավորներին՝ Դատավորների խորհրդի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով:
5. Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն անդամը, որին սույն հոդվածով սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը:
6. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ձեւավորված դատական կազմերից մեկական անդամներ հաջորդաբար՝ պատահական ընտրությամբ մեկ դատական կազմից տեղափոխվում են մեկ այլ դատական կազմ:
Հոդված 21.4. Վճռաբեկ դատարանում գործերի բաշխման կարգը
1. Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում այդ գործը նույն օրը մուտքագրվում է համակարգիչ եւ տվյալ պալատի դատավորների միջեւ բաշխվում սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-ից 8-րդ եւ 12-րդ մասերով սահմանված կարգով: Բաշխման արդյունքում որոշվում է տվյալ գործով զեկուցող դատավորը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահին եւ պալատների նախագահներին գործ չի հանձնվում եւ նրանց անուն-ազգանունը չի ներառվում բաշխման ցանկում, բացառությամբ այն դեպքերի, եթե վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահն այդ մասին գրավոր դիմում է Դատավորների խորհրդին: Այդ դեպքում Դատավորների խորհուրդը որոշում է կայացնում վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի անուն-ազգանունը բաշխման ցանկում ներառելու մասին` սահմանելով նաեւ սույն օրենսգրքի 21.2րդ հոդվածի 4րդ կամ 5-րդ մասերով նախատեսված տոկոսաչափը:
Հոդված 21.5. Գործերի վերաբաշխման կարգը
1. Եթե դատավորը գործուղվել կամ տեղափոխվել է այլ դատարան կամ տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ կամ նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը կամ նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ:
2. Դատավորի ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայելու դեպքում նրան հանձնված գործերի վերաբաշխման կարգը սահմանում է Դատավորների խորհուրդը:
Հոդված 21.6. Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ապահովումը
1. Դատավորների միջեւ գործերի բաշխումը եւ սույն օրենսգրքի 21.3-րդ հոդվածով սահմանված դեպքերում կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:
2. Համակարգչային ծրագիրը գործարկելիս ապահովվում է տվյալների գաղտնիությունը` բացառելով հնարավոր արտաքին միջամտությունը:
3. Եթե անհաղթահարելի ուժի հետեւանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային եղանակով, ապա գործերն՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատավորների միջեւ հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը դրանք մուտքագրվելուց հետո՝ անհապաղ: Այդ դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է Վճռաբեկ դատարանի նախագահին եւ Դատավորների խորհրդին:
4. Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:»:
Հոդված 5. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենսգրքի 64-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դատական դեպարտամենտ)» բառերը փոխարինել «Դատական դեպարտամենտի» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 115-րդ հոդվածի 1-ին եւ 1.3-րդ մասերում «Դատարանների նախագահների» բառերը փոխարինել «Դատավորների» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 72-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«Հոդված 72. Դատավորների խորհուրդը
1. Դատավորների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմինն է:
2. Դատավորների խորհրդի կազմում ընդգրկվում են` վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների նախագահները, վերաքննիչ դատարանների նախագահները, առաջին ատյանի դատարանների երեք նախագահներ, ինչպես նաեւ մեկական դատավոր յուրաքանչյուր դատարանից: Արդարադատության խորհրդի անդամը չի կարող լինել Դատավորների խորհրդի անդամ:
3. Վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների նախագահները, վերաքննիչ դատարանների նախագահները Դատավորների խորհրդի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե, իսկ առաջին ատյանի դատարանների նախագահները եւ ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարանների դատավորները ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից` գաղտնի քվեարկությամբ:
4. Դատավորների խորհրդի ընտրվող անդամները Դատավորների խորհրդում պաշտոնավարում են 3 տարի ժամկետով:
5. Դատավորների խորհրդի անդամ հանդիսացող` ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարանների դատավորների ընդհանուր թվի 1/3-րդը եւ առաջին ատյանի դատարանների նախագահներից մեկը յուրաքանչյուր տարի փոխարինվում են Դատավորների խորհրդի նոր անդամներով: Այդ նպատակով Դատավորների խորհրդի անդամ հանդիսացող` ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարանների դատավորների ընդհանուր թվի 1/3-րդի եւ առաջին ատյանի դատարանների նախագահներից մեկի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առնվազն 10 օր առաջ անցկացվում է նոր ընտրություն` սույն հոդվածով սահմանված կարգով:
6. Դատավորների խորհրդի ընտրված անդամները չեն կարող երկու անգամ անընդմեջ ընտրվել Դատավորների խորհրդի անդամ:
7. Դատավորները` Դատավորների խորհրդի անդամության թեկնածու կարող են դառնալ ինքնաառաջադրման կամ դատավորների ընդհանուր ժողովի որեւէ այլ մասնակցի կողմից առաջադրվելու եղանակով:
8. Դատավորների խորհրդի անդամության թեկնածու են առաջին ատյանի դատարանների բոլոր նախագահները:
9. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով: Առաջին ատյանի դատարանի նախագահների, ինչպես նաեւ դատավորների` ըստ յուրաքանչյուր դատարանի ընտրության համար կազմվում են համապատասխան թվով քվեաթերթիկներ:
10. Դատավորների խորհրդի անդամության թեկնածու առաջին ատյանի դատարանի նախագահներին վերաբերող քվեաթերթիկում ներառվում են առաջին ատյանի բոլոր դատարանների նախագահների անունները` այբբենական հերթականությամբ եւ համապատասխան դատարանի նշումով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել թվով ձայներ ստացած 3 նախագահները: Ձայների հավասարության դեպքում ընտրված են համարվում այն թեկնածուները, որոնք հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուների համեմատ ունեն դատարանի նախագահի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ: Եթե հավասար ձայներ ստացած թեկնածուների` դատարանի նախագահի պաշտոնում պաշտոնավարման ստաժը նույնպես հավասար է, ապա ընտրված են համարվում այն թեկնածուները, որոնք ունեն դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ, իսկ վերջինիս հավասարության դեպքում ընտրված են համարվում այն թեկնածուները, որոնք ունեն ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ:
11. Դատավորների խորհրդի անդամության թեկնածու դատավորներին վերաբերող քվեաթերթիկները կազմվում են ըստ յուրաքանչյուր դատարանի: Քվեաթերթիկներում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք առաջադրվել են սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված է համարվում տվյալ դատարանը ներկայացնող այն դատավորը, որը նույն դատարանից առաջադրված այլ դատավորների համեմատ ստացել է ավելի շատ ձայներ: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ, իսկ ստաժի հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ:
12. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով որեւէ դատարանից առաջադրվել է միայն մեկ դատավորի թեկնածություն, ապա քվեաթերթիկում նրա անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունիներով: Տվյալ թեկնածուն համարվում է ընտրված, եթե նրա օգտին տրված ձայների քանակը ոչ պակաս, քան հինգով գերազանցում է նրա դեմ տրված ձայների քանակը:
Հոդված 9. Օրենսգրքում լրացնել 72.1-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 72.1. Դատավորների խորհրդի նիստերը
1. Դատավորների խորհրդի հերթական նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Դատավորների խորհրդի նիստ գումարվում է խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով` նրանց սահմանած օրակարգով:
2. Դատավորների խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ որեւէ հարցի շուրջ քվեարկելուց:
3. Դատավորների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի անդամ չհանդիսացող դատավորներ, ինչպես նաեւ այլ անձինք:
4. Դատավորների խորհրդի նիստերին հրավիրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ արդարադատության նախարարության եւ Փաստաբանական պալատի մեկական ներկայացուցիչներ, որոնք ունեն նիստին ելույթ ունենալու իրավունք:
5. Դատավորների խորհուրդն ապահովում է նիստերի ողջ ընթացքի տեսաձայնագրությունը եւ ուղիղ հեռարձակումը նիստերի դահլիճից դուրս` հանրության համար մատչելի տարածքում:
6. Դատավորների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:
7. Դատավորների խորհուրդն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ «Հայաստանի Հանրապետության դատավորների խորհուրդ» գրառմամբ կնիք:
Հոդված 10. Օրենսգրքում լրացնել 72.2-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 72.2. Դատավորների խորհդի լիազորությունները
1. Դատավորների խորհուրդը՝
1) իր կազմից ընտրում է էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներին.
2) իր կազմից ընտրում է ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներին.
3) իր կազմից կարող է ձեւավորել աշխատանքային խմբեր.
4) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ եւ առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.
5) քննարկում է դատարանների եւ դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող ցանկացած հարց կամ իրադարձություն եւ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց վերացման վերաբերյալ.
6) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
7) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.
8) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
9) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.
10) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.
11) մշակում եւ հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները.
12) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը եւ հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.
13) մշակում եւ հաստատում է դատավորների եւ դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը.
14) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ որեւէ դատավորի դիմումի հիման վրա առաջիկա նիստի ընթացքում կարող է տալ դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.
15) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.
16) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների.
17) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաեւ բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման եւ թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ դրանց աշխատակարգը.
18) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները եւ բնութագրի ձեւը.
19) հաստատում է դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.
20) հաստատում է Դատական դեպարտամենտի կողմից նախապատրաստված բյուջետային հայտը.
21) դատարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.
22) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.
23) վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում եւ հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.
24) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում եւ փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը եւ առանձնացված ստորաբաժանումների ցանկը.
25) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների եւ դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.
26) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները եւ ձեւերը.
27) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու եւ կրելու կարգը.
28) իրականացնում է սույն օրենսգրքով եւ «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 11. Օրենսգրքում լրացնել 72.3-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 72.3. Հաշվիչ հանձնաժողովը
1. Դատավորների խորհրդի եւ հանձնաժողովների անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաեւ քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու եւ քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով:
2. Հաշվիչ հանձնաժողովը կազմված է 5 անդամներից, որոնք ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ բաց քվեարկությամբ: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ դատավորների ընդհանուր ժողովի որեւէ այլ մասնակցի կողմից առաջադրվելու եղանակով:
3. Հաշվիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:
Հոդված 12. Օրենսգրքի 73-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 73. Դատավորների խորհրդի նախագահը
1. Դատավորների խորհրդի նախագահն ի պաշտոնե վճռաբեկ դատարանի նախագահն է: Վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության դեպքում Դատավորների խորհուրդը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը:
2. Դատավորների խորհրդի նախագահը`
1) նախապատրաստում եւ նախագահում է դատավորների խորհրդի նիստերը,.
2) վճռաբեկ դատարանի դատավորների կազմից նշանակում է մեկ դատավոր` Փաստաբանական պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվելու համար.
3) Դատավորների խորհրդին է ներկայացնում դատական դեպարտամենտի ղեկավարի թեկնածությունը եւ նրան պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը.
4) իրականացնում է դատական դեպարտամենտի գործունեության ընդհանուր ղեկավարումը.
5) առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.
6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս այդ մասին հաղորդում է ներկայացնում Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:
7) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում:
Հոդված 13. Օրենսգրքի 74-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 74. Դատավորների խորհրդի հանձնաժողովները
1. Դատավորների խորհուրդն իր կազմից ձեւավորում է էթիկայի եւ կարգապահական հարցերի, ինչպես նաեւ ուսումնական հարցերի հանձնաժողովները:
2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով իրենց վերապահված եւ Դատավորների խորհրդի որոշումներով պատվիրակված լիազորություններ:
3. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 7 անդամ, որոնցից երկուսը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, երկուսը՝ ՀՀ մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, իսկ երեքը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից: Դատարանների նախագահները չեն կարող ընդգրկվել էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
4. Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 5 անդամ, որոնցից մեկը՝ վճռաբեկ դատարանից, մեկը՝ վերաքննիչ դատարաններից, երեքը՝ առաջին ատյանի դատարաններից:
5. Դատավորների խորհրդի անդամները կարող են առաջադրվել որպես հանձնաժողովների անդամներ ինքնաառաջադրման կամ դատավորների խորհրդի որեւէ այլ անդամի կողմից առաջադրվելու եղանակով:
6. Դատավորների խորհրդի հանձնաժողովների անդամներն ընտրվում են դատավորների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով` գաղտնի քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 9-րդ եւ 11-րդ մասերով սահմանված կարգով:
7. Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:
Հոդված 14. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն կանոնը չի տարածվում դատարանի նախագահի լիազորությունները դադարելիս կամ դադարեցնելիս՝ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հավելավճարի վճարումը դադարեցվելու դեպքի վրա:»:
Հոդված 15. Օրենսգրքի 96-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենը ուղարկել Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:»:
Հոդված 16. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 106-րդ հոդվածը:
Հոդված 17. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունի Արդարադատության խորհուրդը՝ աշխատակարգային որոշումներ ընդունելու միջոցով, խորհրդի այն անդամը, որին խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ, իսկ Դատավորների խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով` Դատավորների խորհուրդը, Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, Դատավորների խորհրդի ուսումնական հարցերի հանձնաժողովը:»:
Հոդված 18. Oրենսգիրքը լրացնել 124.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդված 124.1. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու հիմքերը
1. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը մնում է թափուր այն դեպքերում, երբ՝
1) ստեղծվում է նոր առաջին ատյանի դատարան.
2) դադարում են դատարանի նախագահի լիազորությունները`
ա. լրանում է դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը.
բ. սույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառման արդյունքում Հանրապետության Նախագահը դադարեցնում է դատարանի նախագահի լիազորությունները.
գ. սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքում դիմում է ներկայացվում.
դ. դադարեցվում կամ դադարում են նախագահի պաշտոնը զբաղեցնող դատավորի լիազորությունները:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել այդ պաշտոնում մինչեւ դատարանի նոր նախագահ նշանակվելը:»
Հոդված 19. Օրենսգրքի 125-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 125. Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգը
1. Առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները` սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով դադարելու կամ դադարեցվելու դեպքում Արդարադատության խորհրդի կողմից անցկացվում է դատարանի նոր նախագահի ընտրություն:
2. Դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու նպատակով տվյալ դատարանի բոլոր այն դատավորները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված պահանջին, ունեն դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա ստաժ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն 2 տարվա ստաժ կամ հանրային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոններում առնվազն 5 տարվա ստաժ եւ չունեն կարգապահական տույժ, Արդարադատության խորհրդի կողմից ընդգրկվում են այդ դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում: Դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում սույն մասով սահմանված պահանջներին համապատասխանող դատավորներին ընդգրկելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Արդարադատության խորհուրդն այդ մասին գրավոր տեղեկացնում է դատավորներին, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող են գրավոր դիմել իրենց թեկնածությունները հանելու վերաբերյալ:
3. Դատարանի նախագահին ընտրում է Արդարադատության խորհուրդը` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցուցակում ընդգրկված դատավորներից: Դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 6-ից 10-րդ մասերով սահմանված կարգով քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն կատարելու միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, ինչպես նաեւ կառավարման ոլորտում կրթությունը եւ աշխատանքային փորձը:
4. Դատարանի նախագահի թեկնածուների ընտրությունն անցկացվում է՝
1) սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ նոր դատարանի ստեղծումից հետո՝ 10-րդ օրը,
2) սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում՝ պաշտոնավարման ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ,
3) սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» եւ «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում՝ լիազորությունները դադարելուց կամ դադարեցնելուց հետո` 10-րդ օրը,
4) սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում՝ համապատասխան դիմումը ներկայացնելուց հետո` 10-րդ օրը,
5. Վճռաբեկ դատարանի նախագահը դատարանի նախագահի թեկնածուների ընտրությունից 7 օր առաջ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով հայտարարում է դատարանի նախագահի թեկնածուների ընտրություն անցկացնելու մասին՝ նշելով օրը եւ ժամը:
6. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է դատարանի նախագահի թեկնածուների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
7. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
8. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ:
9. Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն առավելագույն հավասար ձայներ ստացած թեկնածուներին: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
10. Եթե դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում ներառվել է մեկ թեկնածու, ապա քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Թեկնածուն ընտրվում է, եթե նրա օգտին տրված ձայների քանակը գերազանցում է նրա դեմ տրված ձայների քանակը: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում վերստին սկսվում է սույն հոդվածով սահմանված կարգով դատարանի նախագահի թափուր պաշտոնի համալրման գործընթացը, իսկ դատարանի նախագահի թեկնածուների ընտրությունն անցկացվում է սույն հոդվածով նախատեսված քվեարկության օրվան հաջորդող 10-րդ օրը:
11. Եթե դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում ոչ մի թեկնածու չի ընդգրկվում, ապա Դատավորների խորհրդի կողմից սահմանած կարգով նշանակվում է դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, որի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը: Նշված ժամկետը լրանալուց 10 օր առաջ սույն հոդվածի 6-ից-10-րդ մասերով սահմանված կարգով անցկացվում են դատարանի նախագահի թեկնածուի նոր ընտրություններ:
12. Եթե Հանրապետության Նախագահն առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում համապատասխան անձին դատարանի նախագահ, ապա վերստին սկսվում է սույն հոդվածով սահմանված կարգով դատարանի նախագահի թափուր պաշտոնի համալրման գործընթացը, իսկ դատարանի նախագահի թեկնածուների ընտրությունն անցկացվում է այդ ժամկետը լրանալուց հետո՝ 10-րդ օրը:
13. Դատարանի նախագահը նշանակվում է 5 տարի ժամկետով:
14. Միեւնույն անձը չի կարող նշանակվել դատարանի նախագահի պաշտոնում 2 անգամ անընդմեջ:
15. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հիմքերով թափուր մնալու դեպքում վճռաբեկ դատարանի նախագահը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով անհապաղ հայտարարում է այդ պաշտոնում առաջադրումներ սկսելու մասին: Հայտարարության մեջ նշվում են թափուր պաշտոնին հավակնողների կողմից դիմումների եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները եւ վայրը:
16. Հայտարարությունից հետո` մեկ շաբաթյա ժամկետում, համապատասխան պաշտոնին հավակնող բոլոր այն դատավորները, դատարանի նախագահները եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահները, ովքեր ունեն դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա ստաժ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն 2 տարվա ստաժ կամ հանրային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոններում առնվազն 5 տարվա ստաժ եւ չունեն կարգապահական տույժ, կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդը դատարանի նախագահին ընտրում է սույն հոդվածի 6-ից 11-րդ մասերով սահմանված կարգով:
17. Սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում՝ դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել տվյալ դատարանի դատավորի պաշտոնում՝ դատարանի նոր նախագահ նշանակվելու պահից, իսկ 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում՝ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվելու պահից:»:
Հոդված 20. Oրենսգիրքը լրացնել 144.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդված 144.1. Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու հիմքերը
1. Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը մնում է թափուր այն դեպքերում, երբ՝
1) ստեղծվում է նոր վերաքննիչ դատարան.
2) դադարում են դատարանի նախագահի լիազորությունները`
ա. լրանում է դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը.
բ. սույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառման արդյունքում Հանրապետության Նախագահը դադարեցնում է դատարանի նախագահի լիազորությունները.
գ. սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքում դիմում է ներկայացվում.
դ. դադարեցվում կամ դադարում են նախագահի պաշտոնը զբաղեցնող դատավորի լիազորությունները:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել այդ պաշտոնում մինչեւ դատարանի նոր նախագահ նշանակելը:»
Հոդված 21. Օրենսգրքի 145-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 145. Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման կարգը
1. Վերաքննիչ դատարանի նախագահները նշանակվում են սույն օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:
2. Վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները` սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով դադարելու կամ դադարեցվելու դեպքում վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում ընդգրկվում են այն դատավորները, ովքեր համապատասխանում են սույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված պահանջին, ունեն դատավորի պաշտոնում առնվազն 5 տարվա ստաժ կամ տվյալ դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա ստաժ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն 3 տարվա ստաժ կամ հանրային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոններում առնվազն 7 տարվա ստաժ եւ չունեն կարգապահական տույժ:
3. Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հիմքերով թափուր մնալու դեպքում վերաքննիչ դատարանի նախագահի թափուր պաշտոնին կարող են հավակնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձը, վերաքննիչ դատարանի դատավորը, այլ վերաքննիչ դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը, ովքեր ունեն դատավորի պաշտոնում առնվազն 5 տարվա ստաժ կամ տվյալ դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա ստաժ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն 3 տարվա ստաժ կամ հանրային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոններում առնվազն 7 տարվա ստաժ եւ չունեն կարգապահական տույժ:
Հոդված 22. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
1) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
2) լրացնել 5-ից 8-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ՝
«5. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։
6. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, կառավարման ոլորտում կրթությունը եւ աշխատանքային փորձը, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Յուրաքանչյուր հավակնողի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
7. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած թեկնծուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
8. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում համապատասխան անձին Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է նոր քվեարկություն:»
Հոդված 23. Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 150-րդ հոդվածի 5-ից 8-րդ մասերով» բառերով:
Հոդված 24. Օրենսգրքի 154-րդ հոդվածի՝
1) վերնագրում եւ հոդվածի տեքստում «էթիկայի » բառերը փոխարինել «Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի » բառերով՝:
2) 1-ին մասի երրորդ նախադասության «կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին» բառերը փոխարինել «հարուցում է կարգապահական վարույթ սույն օրենսգրքի 155-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 25. Օրենսգրքի 155-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետում եւ 4-րդ մասում «Արդարադատության խորհրդի կարգապահական» բառերը փոխարինել «Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով:
2) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) վճռաբեկ դատարանի նախագահը` էթիկայի եւ կարգապահական կանոնների խախտման հիմքերով.
«2) Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ միայն էթիկայի կանոնների խախտման հիմքով:»:
3) 3-րդ մասում «Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ» բառերը փոխարինել «Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը» բառերով:
4) 4-րդ մասում «տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ» բառերից հետո լրացնել «էթիկայի կանոնների խախտման հիմքով՝» բառերը:
5) 5-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 26. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասում, 159-րդ հոդվածի 1-ին մասում եւ 166.1-րդ հոդվածի 2-րդ մասում «Արդարադատության խորհրդի կարգապահական» բառերը փոխարինել «Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով:
Հոդված 27. Օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից, ապա վարույթ հարուցած կարգապահական հանձնաժողովի անդամները խորհրդակցական սենյակում ներկա չեն գտնվում:» նախադասությունը հանել:
Հոդված 28. Oրենսգրքի 165-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 4-րդ կետում «դատավորի» բառից առաջ լրացնել «վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նկատմամբ`» բառերը
2) 3-րդ մասը լրացնել 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`
«5) առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահների նկատմամբ՝ դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:»
3) լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«5. Եթե առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:»:
Հոդված 29. Օրենսգրքի 166-րդ հոդվածում «դատավորի» բառերից հետո լրացնել «(դատարանի նախագահի)» բառերը, իսկ «դատավորը» բառից հետո լրացնել «(դատարանի նախագահը)» բառերը:
Հոդված 30. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ նախադասությունները հանել:
Հոդված 31. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունում, 78-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, 166.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «էթիկայի», բառերը փոխարինել «էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով, իսկ 159-րդ հոդվածի 1-ին մասում՝ «կարգապահական հանձնաժողովի հանձնարարությամբ» բառերը փոխարինել «էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ» բառերով:
Հոդված 32. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ) էթիկայի հանձնաժողովին» բառերը փոխարինել «Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով:
Հոդված 33. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում, 76-րդ հոդվածի 5-րդ մասում, 78-րդ հոդվածի 2-րդ մասում, 92-րդ հոդվածի 6-րդ մասում, 95-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «դատարանների նախագահների խորհրդի էթիկայի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով:
Հոդված 34. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, 64-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ, 65-րդ հոդվածի 1-ին մասում, 67-րդ հոդվածում, 68-րդ հոդվածի 3-րդ մասում, 71-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերում եւ 3-րդ մասի 1-ին կետում, 76-րդ հոդվածի 2-րդ մասում, 78-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում, 80-րդ հոդվածի 2-րդ մասում, 195-րդ հոդվածի 3-րդ մասում, 200-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 201-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 201.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 206-րդ հոդվածի 1-ին մասում, 214-րդ հոդվածի 3-րդ մասում, 221-րդ հոդվածի 1-ին մասում, 223-րդ հոդվածի 7-րդ մասում, ինչպես նաեւ Օրենսգրքի ամբողջ տեքստում «Դատարանների նախագահների» բառերը փոխարինել «Դատավորների» բառերով:
Հոդված 35. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովին» եւ «դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատավորների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովին» եւ «դատավորների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի» բառերով:
Հոդված 36. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածից, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովն առանց կարգապահական վարույթ հարուցելու լիազորության շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ իր կողմից հարուցված կարգապահական վարույթներն ավարտելը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Նշված ժամկետն ավարտվելուց հետո չավարտված կարգապահական վարույթները փոխանցվում են Դատավորների խորհրդի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Դատավորների խորհրդի առաջին կազմում ընտրված ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարանների դատավորների եւ առաջին ատյանի դատարանների նախագահների 1/3րդը պաշտոնավարում է մեկ տարի ժամկետով, 1/3-րդը` երկու տարի ժամկետով, 1/3-րդը` երեք տարի ժամկետով: Դատավորների խորհրդի առաջին կազմում ընտրված յուրաքանչյուր անդամի պաշտոնավարման ժամկետը որոշվում է վիճակահանությամբ` Դատավորների խորհրդի առաջին կազմի ընտրություններից հետո` նույն օրը:
4. Մինչեւ դատարաններում գործերի թվայնացման եւ թվայնացված փաստաթղթերի շրջանառությունն ապահովող համակարգի ներդրումը դատական գործի նյութերը դատավորներին տրամադրվում են թղթային կրիչով, իսկ թվայնացված փաստաթղթերի շրջանառությունն ապահովող համակարգի ներդրումից հետո՝ էլեկտրոնային եղանակով եւ թղթային կրիչով:
5. Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 21.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական կազմերն առաջին անգամ ձեւավորվում են պատահական ընտրությամբ՝ համակարգչային ծրագրի միջոցով:
6. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահները պաշտոնավարում են մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահների առաջին ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի կիրառվում:
8. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա հաջորդող մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը սահմանում է դատական վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Դատարանների նախագահների խորհրդի որոշումները շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին: