Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ՝ Օրենսգիրք) 190-րդ հոդվածի 5-րդ մասում «329-րդ,» բառից հետո լրացնել «329.1-րդ» բառը:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 329.1-րդ հոդվածով.
«Հոդված 329.1. Անօրինական միգրացիայի կազմակերպումը
1. Oտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետություն մուտքը, Հայաստանի Հանրապետությունում գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը, օտարերկրյա պետություն մուտքը կամ օտարերկրյա պետությունում գտնվելը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է ելքի, մուտքի կամ գտնվելու համար օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ.
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.
3) մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում.
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Անհրաժեշտությունը
Սույն նախագծի առաջին հոդվածի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 190-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված է, որ սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է հանդիսանում ցանկացած գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել են սույն օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ, 238-րդ, 261-262-րդ, 266-270-րդ, 281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ եւ 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում: Քանի որ 329.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքն իրականացվում է շահադիտական նպատակով, ապա այդ արարքից ստացած եկամուտները պետք է դիտվեն որպես հանցավոր ճանապարհով ստացված:
Սույն նախագծի երկրորդ հոդվածի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Կոնվենցիան լրացնող Ցամաքով, ծովով եւ օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ արձանագրության 6-րդ հոդվածով, եւ գործնականում առաջացած այն հիմնախնդրով, որ կազմակերպում են ՀՀ քաղաքացիների տեղափոխումը այլ պետություններ՝ ապօրինի միգրանտների կարգավիճակով այնտեղ պահելով: Եվ քանի որ ՀՀ-ը հիմնականում ելքի, այլ ոչ թե մուտքի երկիր է, հարցի երկկողմանի կարգավորումն ու անօրինական միգրացիայի ողջ շղթայի կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելը հանդիսանում է անհրաժեշտություն:
Ընթացիկ վիճակը եւ խնդիրները
Միգրացիայի միջազգային կազմակերպությունն անօրինական միգրացիա ասելով՝ հասկանում է միգրանտների հոսքերը պետության տարածք, այլ պետության տարածքից կամ պետության տարածքով, որոնք իրականացվում են պետության կողմից սահմանված մուտքի, ելքի ու բնակվելու ընթացակարգերի եւ նորմերի խախտմամբ:
Առաջարկվող 329.1 հոդվածը բովանդակային առումով բաղկացած է իրար հետ փոխկապակցված երկու առանձին արարքներից, որոնք նախատեսված են երկու տարբեր մասերով՝
- ապօրինաբար օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման (տեղափոխման) կազմակերպում,
- ապօրինաբար ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից ելքի, օտարերկրյա պետություն մուտքի, օտարերկրյա պետությունում գտնվելու կազմակերպում:
Տեղաշարժի հետ առնչվող ցանկացած օղակ՝ մուտքը, ելքը, տարանցումը, գտնվելը, բնակվելը, ներառվում է այս երկու կետերում՝ համապատասխանելով անօրինական միգրացիայի միջազգայնորեն ճանաչված դիրքորոշմանը:
Ընդ որում, անօրինական միգրացիայի կազմակերպման դրսեւորման երկու դեպքում էլ հանցագործության պարտադիր հատկանիշն է հատուկ՝ այն է՝ շահադիտական նպատակը: Հենց այս նպատակը կհանդիսանա ՀՀ քրեական օրենսգրքի 329 եւ 329.1 հոդվածների տարբերակիչ հատկանիշներից մեկը: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքում 329 եւ 329.1 հոդվածների միաժամանակյա առկայությունը չի հանգեցնի խառնաշփոթի, եթե կիրառվի քրեաիրավական նորմերի մրցակցությունը եւ արարքների որակումներն իրականացվեն դրան համապատասխան, ինչը լայնորեն կիրառվում է նաեւ այլ պետությունների պրակտիկայում:
ՀՀ քրեական օրենսգրքում 329.1 հոդվածի լրացումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությամբ, որն ամրագրված է ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Կոնվենցիան լրացնող Ցամաքով, ծովով եւ օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ արձանագրության (Պալերմոյի Արձանագրության) 6-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն միգրանտների անօրինական ներս բերելը, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ եւ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսական կամ այլ նյութական շահ ստանալու նպատակով:
Անօրինական միգրացիայի կազմակերպումը քրեորեն պատժելի արարք է համարվում պետությունների մեծամասնության քրեական օրենսգրքերով: Մասնավորապես, դա որպես հանացագործություն նախատեսված է Ալբանիայի, Իտալիայի, Չեխիայի, Գերմանիայաի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ այլ պետությունների քրեական օրենսգրքերով: Ընդ որում կան պետություններ, որտեղ քրեորեն պատժելի է եւ՛ ապօրինի սահմանահատումը, եւ՛ անօրինական միգրացիայի կազմակերպումը, ու դրանց տարանջատումը գործնականում որեւէ խնդիր չի առաջացնում: Այդ երկրներից են՝ Ռուսաստանի Դաշնությունը,
Գերմանիան, Ղազախստանը, Բելառուսը եւ այլ պետություններ: Ավելին, օրինակ՝ Ղազախստանը, լինելով խոցելի եւ՛ արտագաղթի, եւ՛ ներգաղթի տեսանկյուններից, քրեական պատասխանատվություն է նախատեսել բոլոր անձանց անօրինական միգրացիայի կազմակերպման համար՝ անկախ նրանց քաղաքացիությունից (ինչպես եւ նախատեսվում է սույն նախագծով):
Հայաստանի համար նույնպես արդիական է եւ՛ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտքի, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքով ապօրինի տարանցման (տեղափոխման), եւ՛ ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից ապօրինի ելքի, օտարերկրյա պետություն ապօրինի մուտքի, օտարերկրյա պետությունում ապօրինի գտնվելու կազմակերպումը: Ուստի՝ ՀՀ-ում քրեորեն պատժելի պետք է լինի բոլոր անձանց անօրինական միգրացիայի կազմակերպումը՝ անկախ այդ անձի քաղաքացիությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածում ինքնուրույն հանցակազմի առկայությունը պայմանավորված է նաեւ հետեւյալ հանգամանքներով.
-անձի տեղափոխման կազմակերպումն այլ պետություն իրականացվում է վերջինիս կամքով,
- տեղափոխվողն ինքն է վճարում կամ հատուցում տեղափոխման համար,
- տեղափոխվողի նպատակն է մի պետության տարածքից դուրս գալը եւ/կամ մեկ այլ պետության տարածքում հայտնվելը, իսկ հանցագործի նպատակը՝ շահ ստանալն է՝ կազմակերպելով տուժողի նպատակին հասնելը,
- հանցագործը փաստացի չի ոտնձգում անձի դեմ, այլ գործում է պետության՝ մասնավորապես կառավարման կարգի դեմ,
- խախտվում է տվյալ պետության միգրացիոն օրենսդրությունը:
Ելնելով վերագրյալից՝ գործնականում խնդիր չի առաջանա առաջարկվող 329.1-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունը տարբերակել մարդու թրաֆիքինգից կամ շահագործումից (շահագործման հասկացությունն ու ձեւերը նշված են ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածում):
ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասում նախատեսված ծանրացնող հանգամանքներից մեկը՝ «մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում» ծանրացնող հանգամանքը, բխում է Պալերմոյի Արձանագրությունից, որի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել, որպեսզի ծանրացնող հանգամանքներ ճանաչվեն այն հանցագործությունները, որոնք որպես այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 1 (ա), (բ) (i) եւ (գ) կետերին համապատասխան եւ իրենց իրավական համակարգի հիմնական սկզբունքների պահպանման պայմանով՝ հանցագործությունները, որոնք որպես այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 2 (բ) եւ (գ) կետերին համապատասխան,
ա) որոնք համապատասխան միգրանտների կյանքը կամ անվտանգությունը վտանգի տակ են դնում կամ կարող են դնել, կամ
բ) որոնք կապված են այդպիսի միգրանտների հետ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետ, այդ թվում՝ շահագործման նպատակով։
Տվյալ դեպքում միգրանտը ցանկանում է տեղափոխվել այլ պետություն, բայց չի ցանկանում տեղափոխվել փակ դագաղի մեջ, «գազի բալոնի» հետ բեռնախցիկում փակված պայմաններում կամ անմարդկային այլ պայմաններում: Ներկայացված ծանրացնող հանգամանքը վերաբերում է միայն տեղափոխման ընթացքում վերը նշված միջոցների կիրառմանը:
ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասում նախատեսված մյուս ծանրացնող հանգամանքները, ինչպիսիք են՝ նույն արարքի կատարումը երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով այն կատարելը, պայմանավորված է այս հանցագործության կատարման եւ կազմակերպման առանձնահատկություններով ու որոշ դեպքերում՝ օրինակ, խոչընդոտները վերացնելու համար, պաշտոնեական դիրքը օգտագործելով:
Պատիժների վերաբերյալ հարկ է նշել հետեւյալը. ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսվող հանցագործությունը միջին ծանրության են, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասում՝ ծանր հանցագործություն: Երեք մասով նախատեսված արարքները պատժվում են ազատազրկմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասում նախատեսված է նաեւ երկու լրացուցիչ պատիժ՝ գույքի բռնագրավումն ու որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը: Վերջինի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ծանրացնող հանգամանքներում առկա է նաեւ այս հանցագործությունը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը ծանրացնող հանագամանքը:
ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով հանցագործությունների համար նախատեսվող պատժաչափի նույնը լինելը պայմանավորված է երկու հանագամանքով՝
1. այդ մասերում ներկայացվող արարքների վտանգավորության աստիճանը հավասար է,
2. օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի կազմակերպման ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման միջեւ որեւէ տարբերություն չպետք է լինի, առավել եւս չպետք է լինի օրենքով ամրագրված խտրական վերաբերմունք պատժիչ քաղաքականության տեսանկյունից:
Ընտրված պատժատեսակներն ու պատժաչափերը համահունչ են ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներին՝ մասնավորապես 329-րդ հոդվածին՝ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով նախատեսվում է ներկայացնել ՀՀ քրեական օրենսգրքի նոր՝ 329.1-րդ հոդված, որի միջոցով կկարգավորվի վերը նշված օրենսդրական բացը եւ կիրականացվի ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորությունը: Բացի այդ, անօրինական միգրացիայի կազմակերպումից ստացած եկամուտները նախատեսվում է դիտել որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ քրեական օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կապահովվեն միգրանտների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ, ինչպես նաեւ կքրեականացվի ՀՀ-ում տարածված հանրորեն վտանգավոր արարքներից մեկը: