Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-378-06.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտա դիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-146-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 6–րդ հոդվածում՝

1) 2–րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4) հայտարարագիր այն մասին, որ կրիչների արտադրման կամ ներմուծման ժամանակ պահպանված են հեղինակային եւ/կամ հարակից իրավունքները։».

2) 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2. Oրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում հանել «գիտության, գրականության, մշակույթի, կապի, հեռահաղորդակցության ոլորտի» բառերը։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն պայմանավորված է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի 1371-Ն որոշմամբ հաստատված կարգի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած դժվարությունների վերացմամբ ու տարընթերցումների հստակեցմամբ, անհիմն եւ անհարկի բողոքների կանխմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի 1371-Ն որոշմամբ հաստատված կարգի գործնական կիրառումն առաջացնում է որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են պետական մարմնի միջամտությամբ հեղինակային եւ հարակից իրավունքների իրավատերերի եւ կրիչներ արտադրողների հարաբերությունների կարգավորմամբ: Պետական մարմնի միջամտությունը պայմանագրային հիմունքներով կարգավորվող իրավատեր-կրիչներ արտադրող եւ իրավատեր-կրիչներ ներմուծող հարաբերություններին արդարացված չէ, հատկապես այն դեպքերում, երբ հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների օբյեկտների գրանցամատյաններ չեն վարվում։ Հետեւապես, որեւէ պետական մարմին չի կարող տիրապետել հավաստի տեղեկատվություն այդ օբյեկտների նկատմամբ իրավունքների առկայության, իրավական կարգավիճակի, այլ անձանց փոխանցման ու օգտագործման թույլտվությունների մասին: Այսինքն, ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի 1371-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` պետական մարմինը, չտիրապետելով անհրաժեշտ տեղեկությունների, ինչպես նաեւ առանց ներկայացված պայմանագրերի իսկությունը եւ դրանցում տեղ գտած տվյալները ստուգելու, տալիս է իրավունքը հաստատող տեղեկանք` սահմանափակվելով միայն նրանով, որ որպես ներկայացված պայմանագրի կողմեր նշված լինեն արտադրողն ու իրավատերը: Ակնհայտ է, որ նման տեղեկանքով հնարավոր չէ հաստատել որեւէ իրավունք եւ ըստ էության դա կրում է ձեւական բնույթ եւ առավել նպատակահարմար կլիներ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում իրավունքը հաստատող տեղեկանքը (հավաստագիրը) փոխարինել իրավունքները չխախտելու դիմումատուի հայտարարագրով։ Որպես այլընտրանք՝ հնարավորին չափով պարզեցնել ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի 1371-Ն որոշմամբ հաստատված կարգը` կիրառելով մեկ պատուհանի եւ ինքնահավաստագրման (հայտարարագրման) սկզբունքները։

Դրանից բացի կրիչներ արտադրող (ներմուծող) անձինք դրոշմապիտակներ ստանալու համար ստիպված են դիմել երկու տարբեր պետական մարմինների՝ Մտավոր սեփականության գործակալություն եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։ Այս բարդ ընթացակարգը չի բխում գործարարների շահերից:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունը ամբողջովին նպատակաուղղված է վերոգրյալ որոշմամբ հաստատված կարգի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած դժվարությունների վերացման ու տարընթերցումների հստակեցման, անհիմն եւ անհարկի բողոքների կանխման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը:

4. Կարգավորումը նպատակ ունի դրոշմապիտակների առկայության միջոցով կանխարգելել եւ նվազեցնել կրիչների ստվերային շրջանառությունը եւ դրա հետ կապված ստվերային գործարքները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ Մտավոր սեփականության գործակալություն

6. Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի 1371-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալությունը կրիչներ արտադրող եւ կրիչներ ներմուծող անձանց դիմումների հիման վրա տալու է կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք, որն անհրաժեշտ պայմաններից մեկն է տվյալ կրիչների դրոշմապիտակներ ստանալու համար, որոնց առկայությունն արդեն իսկ կնվազեցնի կրիչների ստվերային շրջանառությունը եւ որպես հետեւանք նաեւ դրա հետ կապված ստվերային գործարքները, իսկ իրավատերերի եւ կրիչներ արտադրողների հարաբերությունները կկարգավորվեն օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմներով: