Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը ընդունվել է 2010 թվականի դեկտմեբերին: Դրանով նախատեսված բազմաթիվ գործողությունները պետք է նպատակաուղղված լինեին համակարգի կայացմանն ու հանրության լիարժեք իրազեկվածությանը:
Բարեփոխումների առանցքային կետերից մեկը համարվում է պարտադիր կուտակային բաղադրիչը, որի գործարկումը նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից:
Հանրության մի ստվար հատվածի մոտ կա ոչ միայն համակարգի նկատմամբ անվստահություն, այլ նաեւ համակարգից բխող բազմաթիվ ռիսկերի վերացման կամ նվազեցման անհնարինության մասին հիմնավոր փաստարկներ: Ռիսկերը բխում են ֆինանսական եւ աշխատանքային շուկաներից, ժողովրդագրական վիճակի վատթարացումից, տնտեսության մենաշնորհային վիճակից եւ այլն: Բարեփոխումների ընդունված սցենարը նվազագույնի է հասցնում, իսկ առանձին դեպքերում վերացնում է երկրում, թեկուզ եւ թույլ, նախընթաց ժամանակահատվածներում ձեւավորված սոցիալական համերաշխությունը: Կենսաթոշակայն բարեփոխումների ընդունված սցենարի վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրությանը չհամապասխանող հիմնավոր փաստարկներ:
Պատահական չէ, որ նոր համակարգի ներդրմանը նպատակաուղղված շուրջ 50 օրենքների ընդունումից հետո մինչեւ օրս դրանք (հանրագումարային) մի քանի տասնյակ անգամ փոփոխությունների են ենթարկվել:
Այս բաղադրիչի գործադրման կարեւորագույն նախապայմաններից են ինչպես այն ապահովող ենթակառուցվածքների, այնպես էլ հանրության մոտ անհրաժեշտ մակարդակի տեղեկացվածության ու մասնագիտական ունակությունների առկայությունը: Չնայած քիչ է մնացել պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկման սկիզբը, սակայն դեռեւս պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեության կազմակերպման համար համապատասխան լիցենզավորված կազմակերպություններ չկան (ըստ ՀՀ ԿԲ 06.11.2013թ. հայտարարության նման ցանկություն են հայտնել 2 կազմակերպություն): Անգամ եթե դա տեղի ունենա մինչեւ 2014 թվականի հունվարի մեկը, միեւնույն է այն չի կարող գործարկվել վերը նշված պատճառներով:
Բացի այդ, ըստ էության, տնտեսությունում աշխատավարձերի բարձրացումը, որպես համակարգային մոտեցում, ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթի համաձայն, տեղի է ունենալու միայն 2014 թվականի երկրորդ կեսին: Մինչ այդ, ստացվում է այնպես, որ գործող օրենքի շրջանակներում անձի կողմից, իր հայեցողությամբ սպառման նպատակով տնօրինվող եկամուտները փաստացի նվազելու են:
Այսպիսի պայմաններում 2014 թվականից գործարկման համար նախատեսված համակարգը դատապարտված է ձախողման:
Առ այդ, սույն օրինագծերի նպատակն է մեկ տարով հետաձգել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը, այս ընթացքում համակարգի վերաբերյալ կազմակերպել ամբողջական հանրային եւ մասնագիտական քննարկումներ, իրականացնել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ՝ համակարգը վերածելով քաղաքացու կենսաթոշակային իրավունքի ամբողջական իրացման ենթակառույցի: