Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-356-02.10.2013,14.11.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում.

1. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին.

1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսը աշխատել է առանձնապես վնաuակար, առանձնապես ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք,

2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում (թիվ 3 ցուցակ) եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Կանանց, մինչեւ սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետեւյալ սանդղակի.

Ծննդյան տարեթիվ
Տարիք
Կենսաթոշակի անցնելու տարեթիվ
01.01.1960-30.06.1960
54,5
2014
01.07.1960-31.12.1960
55
2015

2. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին.

1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնաuակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներ,

2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղում (թիվ 4 ցուցակ) եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:»:

2. 5-րդ մասը «ցուցակները» բառից հետո լրացնել «, աշխատատեղերի թիվ 3 եւ թիվ 4 ցուցակները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 4-րդ կետում «տարիքային» բառը փոխարինել «կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային» բառով.

2. 5-րդ կետից հանել «կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի» բառերը.

3. 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ կետով.

«5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում.»,

4. 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

5. 6-րդ կետին հաջորդող 3-րդ պարբերությունում «եւ 6-րդ կետերում նշված անձանց եւ 5-րդ կետում նշված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի» բառերը փոխարինել «կետում նշված անձանց» բառերով.

6. 6-րդ կետին հաջորդող 4-րդ պարբերությունում «կետում» բառը փոխարինել «եւ 5.1-րդ կետերում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի`

1. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:

Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Մինչեւ 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձեւով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձեւով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

Ա-ն` մինչեւ 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

2. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`

1) մինչեւ 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.

2) 11-ից մինչեւ 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.

3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`

ա) մինչեւ 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձեւով.

բ) 11-ից մինչեւ 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձեւով.

գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձեւով:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:».

2. 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Աշխատանքային ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվող ժամանակահատվածները, այդ ժամանակահատվածները հաշվարկելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է) նաեւ տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:»:

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «բուժվելու» բառից հետո լրացնել «, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու» բառերով:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «դադարեցնելու ամսվան հաջորդող» բառերը փոխարինել «դադարեցնելու ամսվանից սկսած՝» բառերով:

Հոդված 8. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`

1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1?ին:

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված աշխատանքային կենսաթոշակների չափերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվում են Օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը եւ կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

2. Եթե հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը (ներառյալ՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին Օրենքով տրվող հավելումը) ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Տեղեկանք-հիմնավորում

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության գործունեության 2013 թվականի միջոցառումների ծրագրի:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը եւ ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները: Օրենքը սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու եւ վճարելու պայմաններն ու կարգը:

Օրենքի առանձին դրույթների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք չեն բխում ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթություններից, չեն համապատասխանում ձեւավորված սոցիալ-տնտեսական իրողություններին եւ միջազգային փորձին:

Միաժամանակ, կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձեւը չի բխում ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթություններից:

Մասնավորապես, եթե 2014 թվականի հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը սահմավի 14000 դրամ, իսկ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը՝ 550 դրամ (ցուցանիշները համապատասխանում են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով աշխատանքային կենսաթոշակների համար հատկացված միջոցներին), ապա աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կկազմի շուրջ 37000 դրամ (2013 թվականին՝ շուրջ 31350 դրամ, աճը՝ շուրջ 18.4 %):

Սակայն հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով աշխատանքային կենսաթոշակների համար հատկացված լրացուցիչ շուրջ 29.0 մլրդ դրամ միջոցները համամասնորեն չեն բաշխվելու կենսաթոշակառուների միջեւ:

Կենսաթոշակի չափի աճը կկազմի՝

10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 9,5 %.

20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 12,9 %.

30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 15,4 %.

40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 17 %.

50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 18,6 %.

60 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 19 %:

Վերը նշվածը չի բխում կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը եւ աղքատության ռիսկը նախ՝ նվազեցնելու, ապա՝ իսպառ բացառելու քաղաքականությունից:

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Հաշվի առնելով առկա խնդիրները՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Մասնավորապես, առաջարկվում է՝

1. հստակեցնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակների համակարգը՝ ի լրումն գործող պայմանների ավելացնելով, որ անձն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի, եթե 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունի.

1) առաջին ցուցակի դեպքում՝ 7,5 օրացուցային տարվա արտոնյալ ստաժ,

2) երկրորդ ցուցակի դեպքում՝ 10 օրացուցային տարվա արտոնյալ ստաժ.

2. հստակեցնել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, մասնավորապես՝

1) ծնողներին եւ ամուսնուն կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք վերապահել միայն կերակրողի մահվան պահին տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած լինելու կամ հաշմանդամ ճանաչված լինելու դեպքում.

2) ընտանիքի այլ անդամին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք վերապահել մահացած կերակրողի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքով զբաղված անձի կամ խնամակալի համար (այսինքն՝ եթե երեխան երկկողմանի ծնողազուրկ է կամ կորցրել է միակ ծնողին):

Ըստ այդմ, կսահմանվեն նաեւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող նոր՝ թիվ 3 եւ թիվ 4 ցուցակները՝ հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացը:

Միաժամանակ, առաջարկվում է՝

1) վերանայել կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու կարգը,

2) սահմանել աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ (նախատեսվում է առաջին 10 տարվա համար աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանել 700 դրամ, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ 450 դրամ):

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կենսաթոշակային ապահովության համակարգի բաշխողական բաղադրիչը (պետական կենսաթոշակային ապահովության համակարգը) կհամապատասխանեցվի արդի սոցիալ-տնտեսական իրողություններին՝ ապահովելով համակարգի ֆինանսական կայունությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում:

Միաժամանակ, կենսաթոշակառուի անձնական գործակցի հաշվարկման կարգի փոփոխության եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ սահմանելու արդյունքում, առաջանցիկ տեմպերով կաճի ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի չափը:

Վարվող քաղաքականության արդյունքում.

1) ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կնվազի եւս 32000-ով (սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ ծայրահեղ ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կկազմի շուրջ 15000),

2) չի աճի շուրջ 450 կենսաթոշակառուի կենսաթոշակ (աշխատանքային կենսաթոշակ ստացողների շուրջ 0,1%-ը), ովքեր ունեն 82 տարի եւ ավելի աշխատանքային ստաժ (կենսաթոշակի չափը՝ շուրջ 93000 դրամ),

3) կաճի մինչեւ 5 տոկոսով՝ շուրջ 60 կենսաթոշակառուի կենսաթոշակ (աշխատանքային կենսաթոշակ ստացողների շուրջ 0,01%-ը), ովքեր ունեն 78-81 տարվա աշխատանքային ստաժ,

4) կաճի 5-10 տոկոսով՝ շուրջ 19500 կենսաթոշակառուի կենսաթոշակ (աշխատանքային կենսաթոշակ ստացողների շուրջ 4,2%-ը), ովքեր ունեն 52-77 տարվա աշխատանքային ստաժ,

5) կաճի 10-15 տոկոսով՝ շուրջ 165000 կենսաթոշակառուի կենսաթոշակ (աշխատանքային կենսաթոշակ ստացողների շուրջ 37%-ը), ովքեր ունեն 3, 4, 5, 36-51 տարվա աշխատանքային ստաժ,

6) կաճի 15-20 տոկոսով՝ շուրջ 101000 կենսաթոշակառուի կենսաթոշակ (աշխատանքային կենսաթոշակ ստացողների շուրջ 22%-ը), ովքեր ունեն 29-35 տարվա աշխատանքային ստաժ,

7) կաճի 20-ից ավել տոկոսով՝ շուրջ 164000 կենսաթոշակառուի կենսաթոշակ (աշխատանքային կենսաթոշակ ստացողների շուրջ 36%-ը), ովքեր ունեն 6-ից 28 տարվա աշխատանքային ստաժ:

Բանաձեւի փոփոխության արդյունքում կենսաթոշակի չափի աճը կկազմի՝

10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 42 %,

20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 32 %,

30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 19 %,

40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 12 %,

50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 10 %,

60 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 9 %: