Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-099-01.10.2012,15.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`

1. 11-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.»,

2. 14-րդ պարբերությունում «հանձնաժողովի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթը, որով կանոնակարգվում են» բառերը փոխարինել «հանձնաժողովի կողմից հաստատված իրավական ակտերը, որոնք կանոնակարգում են» բառերով:

Հոդված 2. Հոդված 28-ի 1-ին մասի ը) ենթակետում «զարգացման» բառից հետո լրացնել «եւ հուսալիության բարձրացման» բառերը:

Հոդված 3. Հոդված 37-ում կատարել հետեւյալ լրացումը.

1. 1-ին մասի 2-րդ պարբերությունում «արտադրության,» բառից հետո լրացնել «հաղորդման,» բառը:

2. հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում, հանձնաժողովի սահմանած կարգով, հրապարակում է էլեկտրաէներգետիկական համակարգի նախորդ տարվա անվտանգության եւ հուսալիության ցուցանիշները, իրականացնում է դրանց հետազոտություն, իրազեկում էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված կազմակերպություններին եւ ճշգրտման անհրաժեշտության դեպքում, անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների վերանայման մասին առաջարկություններ է ներկայացնում  հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին»:

Հոդված 4. Հոդված 53-ի 2-րդ մասում «տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «իրավական ակտերի» բառերով:

Հոդված 5. Հոդված 59-ի 2-րդ կետի ա) ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

-Էներգահամակարգում  հուսալիության ցուցանիշները Օրենքով սահմանվում եւ հաստատվում են լիազոր մարմնի եւ Հանձնաժողովի կողմից, սակայն այդ ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման եւ նրանց հետագա կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակումը բաց են մնացել, ինչը համակարգային  վթարների վերլուծությունների ժամանակ հնարավորություն չի տալիս ճշգրիտ մոտեցումներ ցուցաբերելու:   Սահմանված չէ նաեւ Էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավովրած անձանց զարգացման ծրագրերից բխող  հուսալիության միջոցառումների իրականացման պարտավորությունը:

-  գործող օրենքում նշված է, որ հաղորդման (փոխադրման), բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են պայմանագրերի հիման վրա իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել), բաշխել այլ լիցենզավորված անձանց կամ սպառողի էլեկտրական էներգիան (բնական գազը)` հանձնաժողովի սահմանած սակագնով, եթե հաղորդումը (փոխադրումը) եւ (կամ) բաշխումը չի վատթարացնում համակարգի հուսալիության եւ անվտանգության հաստատված ցուցանիշները եւ համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

««Էներգետկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (Օրենք)  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (նախագիծ)  մշակման անհրաժեշտությունը առաջացել է`

ա.  Նախագծի 1-ին հոդված. ճշգրտվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ  օրենքի  (այսուհետեւ` օրենք) 4-րդ հոդվածում բերված սահմանումները` մասնավորապես «շուկայի կանոններ» հասկացության սահմանման մեջ առաջարկվում է հիմնարար մեկ փաստաթուղթը փոխարինել շուկան կարգավորող իրավական ակտերով, այսինքն այնպես` ինչպես ներկա դրությամբ գոյություն ունի: Նույն հոդվածում «Հանձնաժողով» հասկացության բացված տեսքը նույնպես համապատասխանեցվել է ներկայումս գործող Հանձնաժողովի անվանման հետ:

բ. նախագծի 3-րդ հոդված. անհրաժեշտ է, որպեսզի լիցենզավորված կազմակերպությունները ներդրումային զարգացման ծրագրերի համաձայնեցման ժամանակ պարտադրված լինեն ներառելու նաեւ հուսալիության բաղադրիչը, ինչը կպարտավորեցնի լիցենզավորված անձին պահպանել եւ բարձրացնել, ինչպես նաեւ համակարգի օպերատորին տրամադրել հուսալիության ցուցանիշները:

գ. նախագծի 4-րդ հոդված. 1) անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համակարգի օպերատորը պարտավորված լինի հետազոտել եւ վերլուծել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ցուցանիշները եւ առաջարկություններ ներկայացնի հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին դրանց բարելավման ուղղությամբ: 2) նախատեսում է էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարի լիցենզիայի պայմանների մեջ մտցնել նաեւ հաղորդման գործառույթը: Սույն լրացման համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցը գտնվում է էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարի օպերատիվ վարույթի ներքո եւ վերջինս է իրականացնում էլեկտրաէներգիայի հաղորդման գործառույթի համակարգային պլանավորումն ու կոորդինացումը:

դ. նախագծի 5-րդ հոդված. գործող օրենքում նշված տեխնիկական կանոնակարգերի փոխարինումը իրավական ակտերով պայմանավորված է այն հանգամանքով, որ տեխնիկական կանոնակարգերը չեն ընդգրկում կարգավորող մարմնի իրավական ակտերը, իսկ ՀԾԿՀ-ի որոշումները  շատ դեպքերում շուկայի մասնակիցների  փոխհարաբերությունները կարգավորող բնույթի են:

ե.  նախագծի 6-րդ հոդված. Համաձայն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի ՀՀ կառավարությունը օրենքը ընդունելուց հետո 6 ամսյա ժամկետում պետք է ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքներ տրամադրեր հիդրոէլեկտրակայններում էլեկտրական էներգիայի արտադրության համար:

Այդ երաշխիքների տրամադրումը ՀՀ կառավարության կողմից անիրատեսական է, քանի որ բնության քմահաճույքներից կախված ջրի հաշվարկային քանակները տատանվելու են տարեց տարի, ուստի դրանք կարող են դիտվել բացառապես որպես հաշվարկային քանակներ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծի նպատակն է կարգավորել ռազմավարական խնդիրների լուծման ուղիների սահմանումը եւ էներգահամակարգի հուսալիության ապահովման համար լիցենզավորված անձանց գործառույթների հստակեցումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ  անձիք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ » ՓԲԸ:

4. Ակնկալվող արդյունքը

Կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում զարգացման ծրագրերի եւ դրանցից բխող անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների մշակման,  ինչպես նաեւ Էներգահամակարգում  հուսալիության ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման եւ նրանց հետագա կատարելագործման հետ կապված հարցերը եւ պարտավորությունները: