Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-385-18.11.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի  ՀՕ-55 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ  հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2 մասով.

«3.2  Արգելվում է գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Գովազդի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով գովազդի հեռարձակման հետ կապված հնարավոր բացասական հետեւանքների նվազեցման պահանջով:

 Առաջարկվող օրենքի նախագծի նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետությունում նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների տարեցտարի աճող տեմպերի կրճատմանը: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների 2007-2011 թվականներին հանրապետությունում նկատվել է նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների աճ եւ որ ամենամտահոգիչն է՝ այդպիսի աճ նկատվել է նաեւ 0-14 տարիքային խմբի երեխաների մոտ (http://www.armstat.am/file/doc/99471458.pdf): Հարկ է նշել, որ երեխաների լսողական օրգանը շատ ավելի նուրբ եւ խոցելի է, քան մեծահասակներինը, հետեւաբար, գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ազդանշանների կտրուկ բարձրացումը ոչ միայն կարող է հանգեցնել սթրեսային հիվանդությունների առաջացման, այլեւ՝ լսողական օրգանների ֆունկցիոնալ խանգարման:

Գիտնականորեն հիմնավորված է, որ աղմուկի բարձր մակարդակը կարող է ազդել վեգետատիվ ֆունկցիաների, տարբեր օրգան-համակարգերի վրա (սրտանոթային, ստամոքսաաղիքային, հորմոնային): Հանկարծակի աղմուկը հանդիսանում է սթրես առաջացնող գործոններից մեկն:

Գովազդի հեռարձակման ժամանակ ձայնի կտրուկ բարձրացումը ոչ միայն հանգեցնում է սթրեսի հակված անձանց մոտ մի շարք հիվանդությունների զարգացմանը, այլեւ կարող կարող է խոչընդոտ հանդիսանալ արդեն իսկ սթրեսային հիվանդություններով տառապողների մոտ հիվանդության հաղթահարմանը: 
  
Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունմամբ  հայաստանյան հասարակությունը կապահովագրվի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով գովազդի հեռարձակման հնարավոր վնասակար հետեւանքներից: