Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-388-19.11.2013-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքում՝

1) 17-րդ հոդվածի 2-րդ մասի «թ4» կետը «վճարը» բառից հետո լրացնել «եւ օգտագործման պարտադիր վճարը» բառերը.

2) 5-րդ մասի «ժ» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

« Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին »  եւ  «Հայաստանի  Հանրապետության  2013 թվականի պետական  բյուջեի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին  ՀՀ օրենքների  նախագծերի  ընդունման  հիմնավորման

Նախագծերի  ընդունումը հիմնավորում է գործող իրավական ակտերում առկա հակասությունները վերացնելու, ինչպես  նաեւ  ՀՀ պետական բյուջեի  հարկային եկամուտներն ավելացնելու նպատակով:

Համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին » ՀՀ օրենքի 17.1 հոդվածի 6-րդ մասին՝ «Ռադիոհաճախականության  օգտագործմամ պարտադիր  վճարը  սահմանվում է տարվա համար եւ ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ  մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ»: Սակայն « Հայաստանի  Հանրապետության բյուջետային համակարգի մասին » ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի «Ժ» կետով  սահմանված է,  ինչպես  նաեւ « 2013 թվականի  պետական  բյուջեի  մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով եւ նույն  օրենքի  հավելված թիվ  7-ի աղյուսակ 2-ի վերնագրում նշված է «ռադիոհաճախականության  օգտագործման վճար »  հասկացությունը, որը համարվում է այլ հարկային եկամուտ:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն վերացնելու իրավական ակտերի միջեւ առկա հակասությունը՝ « Հայաստանի  Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  եւ « Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին » ՀՀ օրենքներում  համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: