Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (30 սեպտեմբերի 1997, ՀՕ-155) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 36 1 հոդվածով.
«Հոդված 361. Ավանդների երաշխավորման հիմնադրամի եկամուտները
Շահութահարկի վճարումից ազատվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների երաշխավորման հիմնադրամը՝ հետեւյալ եկամուտների մասով.
ա) առեւտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական, միանվագ եւ լրացուցիչ երաշխիքային վճարների մասով,
բ) Հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցված եւ բանկերի նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարների մասով,
գ) այն եկամուտների մասով, որոնք ստացվել են կատարված ներդրումներից՝ հետեւյալ ակտիվներում.
գա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում
գբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում եւ բարձր ռեյտինգ ունեցող առաջատար օտարերկրյա բանկերում՝ որպես բանկային ավանդ եւ (կամ) բանկային հաշիվ
գգ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերում
գդ) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում
գե) բարձր ռեյտինգ ունեցող երկրների կառավարությունների եւ (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում
գզ) բարձր ռեյտինգ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների եւ (կամ) բանկերի արժեթղթերում
դ) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ այլ ֆինանսական ակտիվներում:»: