Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-390-22.11.2013-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ գիտական եւ գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի սպառազինման պետական, ինչպես նաեւ ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրերի իրականացումը:

2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ խնդիրները, ռազմարդյունաբերական համալիրի մեջ ընդգրկվող պետական եւ այլ մարմինների ու կազմակերպությունների միջեւ ծագող հարաբերությունները, ռազմական պետական պատվերի ձեւավորման եւ տեղադրման կարգը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գների կարգավորման մեթոդաբանությունը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի իրավական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի իրավա-կան կարգավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով ու իրավական ակտերով:

2. Սույն օրենքի կարգավորման առարկային առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի էությանը:

3. Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն oրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հոդված 3. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիր (այսուհետ` ՌԱՀ)` գիտական, գիտաարտադրական, արտադրական եւ այլ բնույթի կազմակերպությունների ու պետական մարմինների համակարգ, որի գործունեությունն ուղղված է պետության ռազմատեխնիկական քաղաքականության կենսագործմանը,

2) ռազմատեխնիկական քաղաքականություն` պետության պաշտոնական տեսակետ եւ գործունեություն, որն ուղղված է խաղաղ եւ պատերազմական ժամանակ զինված ուժերը եւ այլ զորքերը ներհանրապետական ռազմական ապրանքով բավարարման ապահովմանը,

3) ռազմարդյունաբերական քաղաքականություն` ՌԱՀ-ի իրավական ու ռազմատնտեսական միջոցառումների եւ գործողությունների համակարգ, պետության անվտանգության ապահովման, ռազմատնտեսական մրցունակության եւ սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությունից ելնելով,

4) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտներ` պետական մարմիններ եւ ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, կազմակերպություններ,

5) ռազմարդյունաբերական գործունեություն` ռազմական պետական պատվերների հիման վրա սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգման, նորոգման, ծառայությունների մատուցման եւ սպասարկման աշխատանքների տնտեսական գործունեության ձեւերի համակցություն,

6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներ` իրավաբանական եւ ֆիզիկական անձիք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են ռազմարդյունաբերական գործունեություն,

7) ռազմարդյունաբերական կլաստեր` միմյանց լրացնող եւ մրցունակություն ապահովող ռազմական պետական պատվերներ կատարող կազմակերպությունների փոխկապակցված խումբ,

8) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցություն` պետական մարմինների տնտեսական եւ իրավական բնույթի գործունեություն, որն ուղղված է ռազմական արտադրության ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման արդյունավետության աճի խթանմանը,

9) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների աջակցության կազմակերպություններ` առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք ստեղծվում են ռազմարդյունաբերական գործունեության սուբյեկտներին աջակցություն իրականացնելու նպատակով, կամ ներգրավվում են այդ աշխատանքներին,

10) ռազմական պետական պատվեր` զինված ուժերը եւ այլ զորքերը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կողմից ներհանրապետական ռազմական ապրանքով` սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, ռազմատեխնիկական միջոցներով, ունեցվածքով եւ թիկունքային գույքով ապահովման գործառույթ,

11) ռազմական ապրանք` ռազմական պետական պատվերով մատակարարվող արտադրանք, մատուցվող ծառայություն եւ աշխատանք,

12) ռազմական պետական պատվերի պետական պատվիրատու (այսուհետ` պետական պատվիրատու)` Հայաստանի Հանրապետության օրենքով (օրենքներով) սահմանված լիազոր պետական կառավարման մարմին (մարմիններ),

13) ռազմական ապրանքի մատակարարման գլխավոր կատարող (այսուհետ` գլխավոր կատարող)` պետական պատվիրատուի հետ մատակարարման պայմանագիր կնքող իրավաբանական կամ ֆիզիկական անձ,

14) ռազմական ապրանքի մատակարարման մասնակից (այսուհետ` կատարող)` գլխավոր կատարողի (կատարողի) հետ ռազմական ապրանքի մատակարարման պայմանագիր կնքող իրավաբանական կամ ֆիզիկական անձ,

15) մատակարարվող ռազմական ապրանքի բնութագիր` մատակարարվող ռազմական ապրանքի մարտավարա-տեխնիկական բնութագրեր, պահանջներ եւ հատկանիշներ,

16) ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշ` ընթացիկ ֆինանսական տարվա եւ պլանային ժամանակահատվածի համար պետական բյուջեով հաստատված ռազմական պետական պատվերի ֆինանսական ապահովման չափը,

17) ռազմական պետական պատվերի պայմանագիր (այսուհետ` պետական պայմանագիր)` ռազմական ապրանքի մատակարարման համար պետության անունից պետական պատվիրատուի կողմից կնքված պայմանագիր,

18) ՌԱՀ-ի նյութական միջոցների պետական պահուստ` պետության կողմից կազմակերպված (ինչպես զինված ուժերում, այնպես էլ ՌԱՀ-ի կազմակերպություններում) պահուստ, որտեղ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հատուկ ցանկի, կուտակվում եւ թարմացվում են ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքները (նյութեր, հումքեր, էլեկտրոնային եւ օպտոէլեկտրոնային տարրեր, համալրող պատրաստվածքներ եւ այլն),

19) հավակնոտ ծրագիր` պետության անվտանգության ապահովման կամ տնտեսական զարգացման նպատակով երկրի գիտական, տնտեսական, ֆինանսական, ինչպես նաեւ այլ հնարավորությունների համախմբմամբ նորագույնի ստեղծման ծրագիր,

20) ՌԱՀ-ի ամփոփ ցուցակ (ռեեստր)` ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող ցուցակ:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակը, սկզբունքները եւ խնդիրները

1. Ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակն է`

1) ռազմարդյունաբերության վերածումը տնտեսության կարեւորագույն եւ առաջատար ոլորտի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ հեռանկարում` ստեղծելով ռազմական անվտանգության ապահովման եւ տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ:

2. Ռազմարդյունաբերական քաղաքականության սկզբունքներն են`

1) ռազմարդյունաբերական քաղաքականության եւ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների շահերի համակցումը,

2) ռազմարդյունաբերության ոլորտում գիտության եւ տեխնիկայի ժամանակակից ու նորարարական տեխնոլոգիաների հետեւողական օգտագործումը,

3) պետական կառավարման եւ տնտեսական ինքնակարգավորման միջոցների ներդաշնակումը,

4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման բարենպաստ պայմանների ստեղծման համար պետական պատասխանատվությունը,

5) ռազմարդյունաբերական քաղաքականության ձեւավորման, իրականացման, ինչպես նաեւ իրավական ակտերի նախագծերի փորձաքննության գործում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությունը,

6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների համար պետական աջակցության մատչելիությունը, հավասար պայմանների ապահովումը:

3. Ռազմարդյունաբերական քաղաքականության խնդիրներն են`

1) գիտելիքահենք եւ ժամանակակից արտադրությունների համար հնարավորությունների ստեղծումը,

2) տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական գործընթացներին ինտեգրվելը,

3) Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքային պահանջմունքների բավարարումը:

Հոդված 5. ՌԱՀ-ի նպատակը եւ խնդիրները

1. ՌԱՀ-ի նպատակն է `

1) ռազմատեխնիկական քաղաքականության իրագործումը, ռազմարդյունաբերության կայուն եւ նորարարական զարգացումը,

2) հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծումը եւ զար-գացումը, որպես տնտեսության բաղկացուցիչ մաս,

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության նպատակով ձեռքբերվող ռազմական ապրանքների առավելագույնս մատակարարումը ՌԱՀ-ի կազմակերպություններից,

4) ՌԱՀ-ի արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,

5) ռազմական դրության պայմաններում զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային պահանջմունքների բավարարումը:

2. ՌԱՀ-ի խնդիրներն են`

1) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական կառավարման ապահովումը,

2) ՌԱՀ-ի գործունեության արդյունքում շրջակա միջավայրի պաշտպանությունը,

3) բնակչության զբաղվածության ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը,

4) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների շահերի համաձայնեցումը,

5) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական օժանդակության առաջնահերթությունների որոշումը,

6) ռազմարդյունաբերական գործունեության տարբեր ոլորտների ներդաշնակ զարգացումը,

7) նյութական, ֆինանսական, աշխատանքային միջոցների եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործումը,

8) ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը,

9) ռազմավարական հումքերի, նյութերի եւ էլեկտրոնային տարրերի (էլեմենտային` փոքր եւ մեծ միկրոսխեմաներ, տրանզիստորներ, դիոդներ եւ այլն) պետական պահուստի ստեղծումը,

10) ռազմական պետական պատվերի ձեւավորումը, հաստատումը եւ տեղադրումը,

11) ռազմական ապրանքների գների պետական կարգավորումը,

12) ռազմական պետական պատվերի բնագավառում մենաշնորհից պաշտպանվածության ապահովումը,

13) ռազմարդյունաբերական գործունեության խթանումը,

14) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների պետություն-մասնավոր ընկերակցություն համագործակցության կարգավորումը,

15) ռազմական դրության պայմաններում զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային առաջադրանքների կատարումը:

ԳԼՈՒԽ II

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ եւ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Ռազմարդյունաբերական քաղաքականության իրականացման Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը հաստատում է`

1) ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականությունը,

2) ՌԱՀ-ի զարգացման ծրագիրը,

3) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը եւ կազմը:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահն իրականացնում է ռազմարդյունաբերական բնագավառում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 7. Ռազմարդյունաբերական քաղաքականության իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության իրականացումը,

2) հաստատում է`

ա. ռազմական պետական պատվերի ձեւավորման կարգը,

բ. ռազմական պետական պատվերը,

գ. մատակարարվող ռազմական ապրանքների ցանկը,

3) մշակում է`

ա. ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության նախագծերը,

բ. ՌԱՀ-ի զարգացման ծրագրերի նախագծերը,

գ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը եւ

որոշում է երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրերում ռազմատեխնիկական քաղաքականության առաջնահերթությունները եւ աջակցման ձեւերը,

4) սահմանում է`

ա. ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշները,

բ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,

գ. ապրանքների գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները եւ ռազմական պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,

դ. ռազմարդյունաբերական քաղաքականության իրականացման միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորման եւ վարման կարգը,

ե. Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական քաղաքականության կենսագործման կարգը,

զ. պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը,

է. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող, նյութական արժեքների ցանկի մշակման կարգը,

ը. գլխավոր կատարողներին (կատարողներին) տրվող պետական երաշխիքի եւ սուբսիդավորման չափանիշները,

թ. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգը,

ժ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը,

ի. ՌԱՀ-ի ոլորտի գիտական, գիտատեխնիկական, ինժեներատեխնիկական եւ միջին մասնագիտական կադրերի պատրաստման կարգը:

5) ֆինանսավորում է ռազմատեխնիկական քաղաքականության իրականացման գիտահետազոտական աշխատանքները,

6) որոշումներ է ընդունում ռազմարդյունաբերության զարգացման հարցերով միջազգային համագործակցության իրականացման վերաբերյալ,

7) համակարգում է ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների միջեւ փոխհարաբերությունները,

8) կազմակերպում է ՌԱՀ-ի մասին ամենամյա զեկույցի լսումներ` ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության բյուջետային միջոցների օգտագործման, ինչպես նաեւ ֆինանսական, տնտեսական, սոցիալական ու ռազմարդյունաբերության զարգացման այլ ցուցանիշների վերլուծության, ՌԱՀ-ի զարգացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատման եւ ՌԱՀ-ի զարգացման կանխատեսումների վերաբերյալ,

9) համակարգում է ռազմարդյունաբերության քաղաքականության միջոցառումների կատարման պետական կառավարման մարմինների գործունեությունը,

10) տալիս է`

ա. գլխավոր կատարողներին (կատարողներին)` ռազմական պետական պատվերի կատարման գործունեությունը ապահովելու համար վարկավորման նպատակով պետական երաշխիք, ըստ սույն հոդվածի սահմանված չափանիշների,

բ. սուբսիդիա գլխավոր կատարողներին (կատարողներին) ծախսերի մի մասի փոխհատուցման` վարկերի տոկոսների վճարման համար, որը ստացել է Հայաստանի Հանրապետության բանկերից եւ վարկային կազմակերպություններից, ըստ սույն հոդվածի սահմանած չափանիշների,

գ. գլխավոր կատարողներին (կատարողներին) սնանկացման կանխարգելման նպատակով սուբսիդիա, ըստ սույն հոդվածի սահմանված չափանիշների,

11) իրականացնում է ռազմարդյունաբերական բնագավառում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 8. Ռազմարդյունաբերական քաղաքականության ապահովման գործընթացում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները

1. Ռազմարդյունաբերական քաղաքականության ապահովման գործընթացում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները իրավունք ունեն.

1) պետական մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ ՌԱՀ-ի զարգացման վերաբերյալ,

2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել եւ առաջարկություններով հանդես գալ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստերում:

2. Ռազմարդյունաբերական քաղաքականության ապահովման գործընթացում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները պարտավոր են ռազմարդյունաբերական քաղաքականության իրականացման գործընթացում իրենց զարգացման եւ հզորությունների պահպանման ամենամյա ծրագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը

1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

2. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը մշակում է առաջարկություններ եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով, դրանք են`

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության իրագործման, ՌԱՀ-ի զարգացման եւ գործունեության վերաբերյալ,

2) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների գործունեության վերաբերյալ,

3) ռազմական պետական պատվերների հաստատման եւ փոփոխման վերաբերյալ,

4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին աջակցման պայմանների եւ կարգի վերաբերյալ, ըստ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման ծրագրերի,

5) ռազմական պետական պատվերի գնի որոշման կարգի սահմանման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը իրեն կից ունի ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհուրդ, որը մշտապես գործող մարմին է եւ ուսումնասիրում է գործադիր մարմիններից ստացված ռազմական պետական պատվերների հայտերը, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից ստացված բոլոր առաջարկություններն ու համապատասխան եզրակացությամբ ներկայացնում ռազմարդյունաբերական հանձնաժողովին:

4. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունն ու կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

5. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհրդի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն ապահովում է ՌԱՀ-ի խնդիրների իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ III

ՌԱՀ-ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Հոդված 10. ՌԱՀ-ի զարգացման ծրագիրը

1. ՌԱՀ-ի զարգացման ծրագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս:

2. ՌԱՀ-ի զարգացման ծրագիրը ընդգրկում է`

1) ՌԱՀ-ի զարգացման ուղղությունները, ըստ գործունեության ձեւերի,

2) ռազմարդյունաբերական արտադրանքի որակի ցուցանիշների համադրումը ստանդարտներին,

3) ՌԱՀ-ի զարգացման միջոցառումները,

4) ՌԱՀ-ի արտադրանքի մրցունակության բարձրացման միջոցառումները,

5) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցման ենթակառույցների զարգացման միջոցառումները,

6) ռազմարդյունաբերությունում կադրերի պատրաստման միջոցառումները,

7) ՌԱՀ-ի պետական կառավարման եւ ինքնակարգավորման կատարելագործման միջոցառումներ:

ԳԼՈՒԽ IV

ՌԱՀ-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 11. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցությունը, ձեւերը, պայմանները եւ կարգը

1. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցությունը իրենից ներկայացնում է`

1) ֆինանսական, իրավական, գույքային, տեղեկատվական, խորհրդատվական ապահովումը,

2) նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունից ելնելով ֆինանսական վարձակալության (լիզինգ), ինչպես նաեւ հավատարմագրային կառավարման մեխանիզմների օգտագործմամբ համապատասխան գործունեության իրականացմանն օժանդակությունը,

3) կադրերի պատրաստումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը,

4) անմիջական եւ այլ ձեւերի օժանդակությունը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին, որոնք իրականացնում են նաեւ այլ գործունեություն:

2. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին ֆինանսական աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ պետական հատուկ նպատակային հիմնադրամների ստեղծման միջոցով:

3. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների հարկումը, ինչպես նաեւ առանձին դեպքերում արտոնությունների սահմանումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային օրենսդրությանը համապատասխան:

4. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին գույքային աջակցությունն իրականացվում է անշարժ կամ շարժական պետական գույքը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին անհատույց օգտագործման իրավունքով կամ հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով, որոնք պետք է օգտագործվեն ըստ նպատակային նշանակության` համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով:

5. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին նորարարական աշխատանքների կազմակերպման աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում նորարարական աշխատանքների չափորոշիչներ սահմանելով, որն իրականացվում է հետեւյալ ձեւերով`

1) ՌԱՀ-ի գործունեության մասնագիտացված կազմակերպություններում տեխնոպարկերի, ապրանքների եւ տեխնոլոգիաների առեւտրայնացման կենտրոնների, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, ստեղծմամբ,

2) ՌԱՀ-ի գիտարտադրական կազմակերպություններում նորարական տեխնոլոգիանների ներդրման գործունեության ապահովմամբ,

3) հայտնագործությունների, օգտակար մոդելների, ռազմարդյունաբերական նմուշների, ինչպես նաեւ ռազմարդյունաբերական գործունեության սուբյեկտների մտավոր արդյունքների հաշվառմամբ,

4) ներդրումային հիմնադրամների կամ ազատ տնտեսական գոտիների ստեղծմամբ,

5) վարչարարական ընթացակարգերի պարզեցմամբ,

6) այլ միջոցառումների իրականացմամբ:

6. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին տեղեկատվական աջակցությունն իրականացվում է`

1) տեղեկատվական համակարգի եւ տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցի ստեղծմամբ,

2) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին տնտեսագիտական, իրավական, արտադրատեխնոլոգիական, վիճակագրական, մարկետինգային տեղեկատվությունների տրամադրմամբ:

7. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման աջակցությունն իրականացվում է կադրերի պատրաստման պետական կրթական չափորոշիչների եւ դրանց հիման վրա մասնագիտական կրթական համապատասխան նյութական բազայի ստեղծման ծրագրերի հաստատմամբ, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական օժանդակությամբ:

8. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցությունն իրականացվում է`

1) միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների հետ ռազմարդյունաբերության զարգացման բնագավառում համագործակցությամբ,

2) արտաքին շուկաներում տեղական արտադրության ապրանքների արտահանման, այլ պետություններում մտավոր գործունեության արդյունքների արտոնագրային իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովմամբ,

3) համապատասխան պետական մարմիններում մասնագիտացված կառույցների ստեղծմամբ եւ գործունեության ապահովմամբ:

9. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին այլ աջակցությունը կարող է իրականացվել քաղաքացիական ապրանքների արտադրության եւ պետական կարիքների համար ծառայությունների մատուցման պատվերների տեղադրմամբ:

ԳԼՈՒԽ V

ՌԱԶՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ եւ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

Հոդված 12. Ռազմական պետական պատվերի ձեւավորումը

1. Ռազմական պետական պատվերի ձեւավորման հիմք են հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զարգացման ծրագրերը,

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը (պետական սպառազինման ծրագիր),

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության նպատակային պետական ծրագրերը,

4) Հայաստանի Հանրապետության հանրապետական զորահավաքային ծրագրերը,

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը եւ պլանները,

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը եւ անվտանգությանը վերաբերվող Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները:

2. Ռազմական պետական պատվերը ձեւավորվում է, ըստ ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների: Ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են`

1) պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմելիս,

2) պետական պատվիրատուների առաջարկությամբ հերթական ֆինանսական տարվա եւ պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

3. Ռազմական պետական պատվերում կարող են ընդգրկվել`

1) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի մշակման, ստեղծման, արդիականացման, նորոգման (վերականգման), նորոգում արդիականացմամբ, սպասարկման եւ այլ աշխատանքները,

2) կազմակերպությունների արտադրատեխնոլոգիական, կոնստրուկտորական եւ հետազոտական աշխատանքների բազայի զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային նախապատրաստության աշխատանքները,

3) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի, ինչպես նաեւ նյութերի, հումքերի, համալրող պատրաստվածքների մատակարարումը,

4) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների եւ ունեցվածքի օգտահանումը,

5) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների եւ ունեցվածքի օգտահանման համար տեխնիկական վերազինման աշխատանքները,

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում ապրանքների մատակարարման աշխատանքները,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համապատասխան, ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների, պետական պահոցում կուտակման համար ապրանքների մատակարարումը,

8) Հայաստանի Հանրապետության անվտանգության նպատակով այլ ապրանքների մատակարարումները` սահմանված սույն հոդվածի առաջին մասի համապատասխան:

Հոդված 13. Ռազմական պետական պատվերի հաստատումը

1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում հաստատում է ռազմական պետական պատվերը, ըստ կատարման ժամանակացույցի եւ միջոցառումների:

2. Պետական պատվիրատուների ցանկը՝ ըստ պատվերների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռազմական պետական պատվերի հաստատման ընթացքում:

3. Ռազմական պետական պատվերը կարող է փոփոխվել ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների սահմաններում, պայմանավորված ռազմական պետական պատվերի կատարման իրական ընթացքից եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարվելուց:

Հոդված 14. Ռազմական պետական պատվերի տեղադրումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ու զինված ուժերի եւ այլ զորքերի սպառազինություն ընդունված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի ձեռքբերման համար ռազմական պետական պատվերի տեղադրման համար ներկայացվող մրցույթային փաստաթղթերում նշվում է ապրանքի անվանումը կամ ապրանքային նշանը:

2. Ռազմական պետական պատվերի գինը որոշվում է մրցույթի միջոցով:

3. Մեկ տարուց ավելի ժամկետով մատակարարվող ռազմական ապրանքների մատակարարման գնի փոփոխությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով` ռազմական պետական պատվերի ընթացիկ տարվա փոփոխությունների կատարման կամ հերթական տարվա ռազմական պետական պատվերի տեղադրման ընթացքում:

4. Ռազմական պետական պատվերի տեղադրման ժամկետները, պետական պատվերի կազմում հաստատվող նյութատեխնիկական ռեսուրսների ցանկի եւ ծավալների ձեւավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ VI

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ, ԳԼԽԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂԻ, ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Պետական պատվիրատուի պարտականությունները

1. Գլխավոր կատարողների (կատարողների) ներգրավմամբ ներկայացնել ռազմական ապրանքի մատակարարման ծավալների եւ նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները:

2. Կազմակերպել եւ իրականացնել ռազմական պետական պատվերի տեղադրումը Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ պետական պայմանագրով նախատեսված պայմանների եւ մատակարարվող ռազմական ապրանքին ներկայացվող պահանջների կատարման ուղղությամբ:

4. Պետական պայմանագրի պայմաններին համապատասխան կատարել վճարումներ:

5. Գլխավոր կատարողի նկատմամբ իրականացնել հսկողություն ռազմական ապրանքի մատակարարման համար հատկացրած բյուջետային միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

6. Իրականացնել հսկողություն պետական պայմանագրի պահանջներին համապատասխան ռազմական ապրանքի մատակարարման ժամկետների եւ որակի նկատմամբ:

7. Ռազմական պետական պատվերի կատարման ընթացքում մասնակցել սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային եւ սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների, համալրող սարքերի եւ նյութերի փորձարկումներին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում պահանջել լրացուցիչ փորձարկումներ:

8. Գլխավոր կատարողի հետ կազմակերպել եւ անցկացնել սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի փորձնական նմուշների պետական փորձարկումներ:

9 Իրականացնել հսկողություն ռազմական ապրանքի որակի նկատմամբ` պետական պատվիրատուի կողմից սահմանած նորմատիվ իրավական եւ այլ ակտերի համապատասխան:

10. Հաստատել սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի ստեղծման եւ սերիական արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը:

11. Իրականացնել գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառում:

12. Պետական պայմանագրերում նախատեսել համալրող մասերի, հումքի եւ նյութերի առաջանցիկ գնումների համար միջոցներ:

13 Պետական պայմանագրի ուժի մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում, նախատեսել գլխավոր կատարողի կողմից հաշվետվության ներկայացման կարգը:

14. Իրականացել պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական պետական պատվերի կատարման որակի համապատասխանության հսկողություն:

Հոդված 16. Գլխավոր կատարողի պարտականությունները

1. Ռազմական պետական պատվերի ձեւավորման (ճշգրտման) ընթացքում, պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ հիմնավորել ապրանքի գինը, ձեւավորել ապրանքի մատակարարման կարգը եւ ժամկետները (ամբողջովին եւ առանձին փուլերով), որոշել կատարողների կազմը, ֆինանսավորման ժամկետները եւ պայմանները:

2. Պետական պայմանագրի պայմանների համապատասխան ապահովել ապրանքի մատակարարումը:

3. Կազմակերպել եւ անցկացնել տեխնիկական փաստաթղթերով նախատեսված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային եւ սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների (համալիրների, համակարգերի), ինչպես նաեւ համալրող սարքերի եւ նյութերի փորձարկումները:

4. Ապահովել ռազմական ապրանքի համապատասխանությունը պետական պատվիրատուի կողմից ներկայացված պահանջներին: 5. Ապահովել մատակարարվող ռազմական ապրանքների որակը` պետական պատվիրատուի նորմատիվ եւ իրավական այլ ակտերի ու փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաեւ պետական պայմանագրի պայմաններին համապատասխան:

6. Ապահովել պետական պատվիրատուի իրավասու մարմնի կողմից պետական պայմանագրի կատարման հսկողությունը:

7. Իրականացնել յուրաքանչյուր պետական պայմանագրի արդյունքների ֆինանսատնտեսական գործունեության առանձին հաշվառում:

8. Պետական պատվիրատուի պահանջով տեղեկատվություն ներկայացնել պետական պատվիրատուի իրավասու մարմնին ռազմական պետական պատվերի կատարման ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ:

9. Պետական պատվիրատուին ներկայացնել կատարողների հետ համատեղ պատրաստված, պետական պայմանագրի գնի փոփոխման անհրաժեշտ հիմնավորում: Պետական պայմանագրի գնի ավելացման դեպքում ներկայացնել նաեւ ծախսումների կրճատման ուղղությամբ միջոցառումների ցանկը:

10. Պետական պատվիրատուի հետ համաձայնեցնել ռազմական պետական պատվերի շրջանակներում մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի հետ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, սարքավորումների, համալրող մասերի, նյութերի, հումքի ձեռքբերման պայմանագրերի կնքումը, եթե կնքվող պայմանագրերի ընդհանուր գինը գերազանցում է պետական պայմանագրով մատակարարվող ապրանքի գնի 20%-ը:

11. Պետական պատվիրատուի հետ համաձայնեցնել արտադրական հզորությունները կրճատման, վերացման կամ աշխատանքի բնույթի փոփոխման հարցերը, եթե հերթական տարվա եւ պլանային ժամանակաշրջանում բացակայում կամ դադարեցվում է ռազմական ապրանքի մատակարարման ռազմական պետական պատվերը:

12. Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքերի հիման վրա պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմում է ներկայացնում լիազոր մարմին ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում գրանցվելու համար, իսկ լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում գրանցում է ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում:

Հոդված 17. Կատարողի պարտականությունները

1. Ապահովել մատակարարվող ռազմական ապրանքի, այդ թվում համալրող մասերի եւ նյութերի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պահանջներին:

2. Կազմակերպել եւ անցկացնել տեխնիկական փաստաթղթերով նախատեսված համալրող մասերի ու նյութերի, փորձնական նմուշների, հատային եւ սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների փորձարկումներ:

3. Ապահովել մատակարարվող ռազմական ապրանքների որակը` պետական պայմանագրի պահանջներին համապատասխան:

4. Ապահովել գլխավոր կատարողի, իրավասու մարմնի կողմից, պետական պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, այդ թվում նաեւ պայմանագրի կատարման առանձին փուլերում:

5. Իրականացնել յուրաքանչյուր ռազմական պետական պատվերով պայմանագրի արդյունքների ֆինանսատնտեսական գործունեության առանձին հաշվառում:

6. Գլխավոր կատարողի պահանջով ներկայացնել կատարված պայմանագրի իրականացված ծախսերի մասին տեղեկատվություն:

7. Իրականացնել օրենքով սահմանված պայմանագրի կատարման համար անհրաժեշտ այլ գործողություններ:

ԳԼՈՒԽ VII

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Հոդված 18. Ռազմական ապրանքների գների պետական կարգավորման նպատակները եւ սկզբունքները

1. Ռազմական ապրանքի գնի պետական կարգավորման նպատակն է պահպանել պետական պատվիրատուի եւ գլխավոր կատարողի (կատարողի) շահերի հարաբերակցությունը, որը նպատակաուղղված է`

1) բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը,

2) ռազմական պետական պատվերի արդյունավետ տեղադրմանը,

3) պետական պայմանագրի ժամանակին եւ որակյալ կատարման համար իրական պայմանների ստեղծմանը:

2. Ռազմական ապրանքի գնի պետական կարգավորումը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա`

1) ռազմական պետական պատվերի տեղադրման եւ կատարման համար բոլոր մասնակիցների շահերի իրավական ապահովման,

2) ռազմական ապրանքի մատակարարման ծախսերի նվազեցման,

3) մատակարարման ապրանքի շահութաբերության ապահովման,

4) գլխավոր կատարողի եւ կատարողի կողմից իրականացվող ծախսերի հիմնավորվածության,

5) հակամենաշնորհային կարգավորման միջոցների կիրառման,

6) պետական պատվիրատուի եւ գլխավոր կատարողի (կատարողի) շահերի հավասարակշռության պահպանման:

Հոդված 19. Մատակարարվող ռազմական ապրանքների գների պետական կարգավորման մեթոդները

1. Ռազմական ապրանքի գնի պետական կարգավորումը անմիջականորեն իրականացվում է`

1) մրցույթի միջոցով ռազմական պետական պատվերի տեղադրման սկզբնական (առավելագույն) գնի որոշման կանոնակարգով,

2) ռազմական պետական պատվերի ձեւավորման համար ապրանքի գնի հաշվարկի մեթոդական ուղեցույցի ներդրմամբ եւ կիրառմամբ,

3) ռազմական ապրանքների գնահաշվարկի կառուցվածքում ապրանքի արտադրության եւ իրացման ծախսերի հաշվառմամբ,

4) ռազմական ապրանքների գների պետական կարգավորման առանձնահատուկ մեխանիզմների կիրառմամբ,

5) շահույթի չափերի որոշմամբ, հաշվի առնելով ռազմական պետական պատվերի կատարման համար գլխավոր կատարողին (կատարողին) անհրաժեշտ արտադրական հզորությունների պահպանման ու զարգացման միջոցները, ինչպես նաեւ ռազմական պետական պատվերի կատարման նպատակով պետության կողմից ցուցաբերած ֆինանսական աջակցությունը,

6) գլխավոր կատարողին (կատարողին) ռազմական պետական պատվերի կատարման համար տնտեսապես հիմնավորված գնի վճարման ապահովմամբ,

7) ռազմական ապրանքների գնի պետական հաշվառմամբ,

8) ռազմական պետական պատվերի ձեւավորման, տեղադրման եւ կատարման ժամանակ ապրանքի գնի ընդունման նկատմամբ պետական հսկողության իրականացմամբ,

9) գլխավոր կատարողի (կատարողի) կողմից յուրաքանչյուր պետական պայմանագրի (պայմանագրի) ֆինանսատնտեսական արդյունքի առանձին հաշվառմամբ:

ԳԼՈՒԽ VIII

ՌԱԶՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 20. ՌԱՀ-ի գործունեություն սուբյեկտների տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջները

1. ՌԱՀ-ի գործունեության ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությամբ:

2. Ռազմական պետական պատվերի կատարման շրջանակներում, գլխավոր կատարողը (կատարողը) պարտավոր է ներկայացնել պետական պատվիրատուին տեղեկություն մատակարարների (կատարողների, կապալառուների) կողմից նյութերի, համալրող սարքավորումների, սարքավորումների, հումքի, ինչպես նաեւ աշխատանքի (ծառայության), գնային բոլոր բարձրացումների մասին, եթե առաջարկվող գինը ավելի քան 5%-ով գերազանցում է այն գնին, որը հաշվարկված է հաշվի առնելով որոշված գների ինդեքսը:

3.Ռազմական պետական պատվերի կատարման շրջանակներում կատարողի կողմից նյութերի, համալրող սարքավորումների, հումքի, աշխատանքի (ծառայության) գնի բարձրացման դեպքում մատակարարը պարտավոր է գնի բարձրացման պահից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել պետական պատվիրատուին` վերջինիս կողմից հաստատված ձեւին համապատասխան:

ԳԼՈՒԽ IX

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտման համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: