Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասը «կարգը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորությունների վերապահմամբ` սահմանելու Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները, գույների համադրությունը` միջազգային գունային ստանդարտների եւ հստակ գունային գամաների չափորոշիչների գործածմամբ, գրաֆիկա-գունային ձեւաչափերի ամրագրմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Պետության քաղաքացիների վերաբերմունքը երկրի խորհրդանշանների նկատմամբ ցուցիչն է այն բանի, թե որքանով են նրանք իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ եւ հավատում նրա ապագային: Այս պարագայում կարեւորվում է պետական խորհրդանշանների հետեւողական եւ գրագետ հանրահռչակումը, ինչի համար անհրաժեշտ է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները:
Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ՀՍՏ 50 94 ստանդարտը գործածության մեջ է մտել 1995 թվականի հունվարի 1-ից, որն ունի վերամշակման անհրաժեշտություն: Տպագրությունում, հեռուսատադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձեւաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, ծառայողների համազգեստների վրա այսօր օգտագործվում են տարբեր գունային գամաներով դրոշներ, որոնք հաճախ լինում են գունաթափված եւ ոչ ներկայանալի: Այդ իսկ պատճառով 2011 թվականի նոյեմբերի 30-ի N 01/3.1/5208-11 գրությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ազգային ստանդարտների մշակման վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության առաջարկները: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակվել եւ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 84-Վ հրամանով հաստատվել ու գործողության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները, սակայն դրանք չեն հանդիսանում առեւտրում տեխնիկական խոչընդոտների (TBT) ոլորտ եւ պարտադիր կիրառման ենթակա չեն, ուստի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի կարեւորությունը եւ դրա կիրառման տեխնիկական պայմանների պարտադիր լինելը, անհրաժեշտություն է առաջացել դրանք սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի համար պարտադիր է օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել այդ լիազորությունը:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել լիազորություններ սահմանելու Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները (տեխնիկական պահանջներ, փաթեթավորման եւ մակնշման պահանջներ, ընդունման կարգ եւ հսկողության մեթոդներ):
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժեւորման եւ հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կունենա օրենքով սահմանված լիազորություն` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեխնիկական պայմանները (տեխնիկական պահանջներ, փաթեթավորման եւ մակնշման պահանջներ, ընդունման կարգ եւ հսկողության մեթոդներ) հաստատելու համար, որոնք որպես պարտադիր պայման կկիրառվեն տպագրությունում, հեռուսատադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձեւաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա: