Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-392-22.11.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-148-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը «դեպքերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորությունների վերապահմամբ` սահմանելու Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի գործածվող գունային գամաների հստակեցմամբ եւ հերալդիկայի կանոններին ու ավանդույթներին համապատասխան առանձին դետալների, ընդհանուր կոմպոզիցիայի շտկում եւ վերամշակում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Պետության քաղաքացիների վերաբերմունքը երկրի խորհրդանշանների նկատմամբ ցուցիչն է այն բանի, թե որքանով են նրանք իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ եւ հավատում նրա ապագային: Այս պարագայում կարեւորվում է պետական խորհրդանշանների հետեւողական եւ գրագետ հանրահռչակումը, ինչի համար անհրաժեշտ է սահմանել ընդհանուր տեխնիկական պայմանները:

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պետական ստանդարտ գոյություն չունի: Տպագրությունում, հեռուսատադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձեւաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա այսօր օգտագործվում են տարբեր գունային գամաներով զինանշաններ, որոնք հաճախ լինում են ոչ ներկայանալի: Այդ իսկ պատճառով 2011 թվականի նոյեմբերի 30-ի N 01/3.1/5208-11 գրությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի ազգային ստանդարտների մշակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության առաջարկները: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակվել եւ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի N 84-Վ հրամանով հաստատվել ու գործողության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները, սակայն դրանք չեն հանդիսանում առեւտրում տեխնիկական խոչընդոտների (TBT) ոլորտ եւ պարտադիր կիրառման ենթակա չեն, ուստի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի կարեւորությունը եւ դրա կիրառման տեխնիկական պայմանների պարտադիր լինելը, անհրաժեշտություն է առաջացել դրանք սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի համար պարտադիր է օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել այդ լիազորությունը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել լիազորություններ` սահմանելու Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները (տեխնիկական պահանջներ, փաթեթավորման եւ մակնշման պահանջներ, ընդունման կարգ եւ հսկողության մեթոդներ):

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժեւորման եւ հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կունենա օրենքով սահմանված լիազորություն` Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի տեխնիկական պայմանները (տեխնիկական պահանջներ, փաթեթավորման եւ մակնշման պահանջներ, ընդունման կարգ եւ հսկողության մեթոդներ) հաստատելու համար, որոնք որպես պարտադիր պայման կկիրառվեն տպագրությունում, հեռուսատադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձեւաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա: