Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-402-26.11.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու  անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  4-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1)  «5» թիվը փոխարինել  «10» թվով.

2)  «արական» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի» բառերը:

Հոդված  2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված  3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված  անձնագրերը: Օտարերկրյա պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչեւ 2014 թվականի ապրիլի մեկը իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված  անձնագրերը: Այն օտարերկրյա պետությունների ցանկը, որտեղ գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2014 թվականի ապրիլի մեկից հետո իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված  անձնագրերը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ օրենքով նախատեսված դեպքերում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)`  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա  խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

ա. Ահաբեկչության դեմ պայքարը տարիներ ի վեր դարձել է գերխնդիր միջազգային հանրության, կազմակերպությունների, զարգացած եւ զարգացող երկրների համար: Անձանց նույնականացման եւ պետությունում անցանկալի անձանց մուտքը վերահսկելի դարձնելու նպատակով շարունակաբար մշակվում եւ գործողության մեջ են դրվում ինչպես ներպետական, այնպես նաեւ միջազգային ջանքերի շնորհիվ կատարելագործվող մեխանիզմներ: 
 Վերը նշված հիմնախնդրի լուծմանն է ուղղված նաեւ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 2001 թվականի 1373 բանաձեւի ընդունումը, համաձայն որի ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի եւ արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Նշված մեխանիզմն իր արդյունավետ կիրառման գործառնական նշանակությամբ եւ կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգի ստեղծման ձեւաչափով 2001 թվականից ի վեր արմատապես սկիզբ առավ եւ մեծ թափով զարգացում ապրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպական գրեթե բոլոր երկրներում:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ հրապարակած  տվյալների համաձայն Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամ երկրներից 93-ը  անցում են կատարել կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգին եւ 21 պետություններ արդեն իսկ 12-48 ամսվա ընթացքում պատրասվում են անցում կատարելու նշված համակարգին: Տարեցտարի նշված համակարգին անցում կատարող պետությունների ցանկն ընդլայնվում է:

Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային հարաբերության սուբյեկտ, ունենալով նաեւ ակտիվ սփյուռք, անմասն չմնաց վերը նշված մեխանիզմի ներդրման գործում: Արդեն իսկ 2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված օրենքով 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունն անցում կատարեց կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգին:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ այն, որ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրի թողարկումը, անհրաժեշտություն առաջացավ համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

բ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին նախատեսվում է անձնագիրը տրամադրել 5 տարի վավերականության ժամկետով: Տարիներ շարունակ 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին նախատեսվել է անձնագիրը տրամադրել 10 տարի վավերականության ժամկետով: Նշված բնագավառում միատեսակ վարչարարություն կիրառելու համար նախատեսվում է 16 տարին լրացած քաղաքացիներին կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրամադրել 10 տարի վավերականության ժամկետով:

Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի    4-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական կարգավորումից դուրս է մնացել 16 տարին լրացած արական սեռի նախազորակոչային տարիքի անձանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելու հարցը:

Առաջարկվում է առկա  խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`

Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով նախատեսվում է մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ստացված (փոխանակված) անձնագրերը համարել վավերական փաստաթղթեր մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը: Բացի այդ, նախատեսվում է 16 տարին լրացած քաղաքացիներին կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրամադրել 10 տարի վավերականության ժամկետով:

Նախագծով նախատեսվում է կարգավորել նաեւ 16 տարին լրացած արական սեռի նախազորակոչային տարիքի անձանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելու հարցը, համաձայն որի նախատեսվում է նշված կատեգորիայի անձանց անձնագիրը տրամադրել մինչեւ նրանց զորակոչային տարիքը լրանալը (կատարվող փոփոխությունը համահունչ է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված 2-րդ մասի «ա» կետի պահանջներին):

Մինչեւ 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին կենսաչափական տվյալներ  պարունակող անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի քաղաքացիներին մինչեւ զորակոչային տարիքը լրանալը (այսինքն մինչեւ 18 տարին լրանալը)՝ պետական տուրքի վճարման նույն չափով: Հաշվի առնելով նշվածը, օրենքի նախագծով նախատեսվել է դրույթ, համաձայն որի նշված անձինք իրավունք կունենան ստանալու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված  անձնագրերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարերկրյա պետություններում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմանրկներում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգը տեխնիկական առումով դեռեւս ներդրման փուլում է, ուստի օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը իրացնելու նպատակով օրենքի նախագծի անցումային դրույթներում նախատեսվել է դրույթ, համաձայն որի մինչեւ 2014 թվականի ապրիլի 1-ը նշված անձինք հնարավորություն կունենան դիմելու  ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր  ստանալու(փոխանակելու) համար: Միաժամանակ, նկատի ունենալով, որ 2014 թվականի ապրիլ ամսից հետո եւս հնարավոր է հավանական խոչընդոտների առկայություն օտարերկրյա որոշ պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմանրկներում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգի շահագործման համար, ուստի օրինագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում սահմանելու այն պետությունների ցանկը, որտեղ գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած  քաղաքացիները 2014 թվականի ապրիլի մեկից հետո եւս իրավունք կունենան ստանալու կամ փոխանակելու ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված  անձնագրերը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի որոշակի ժամանակ անց լիարժեք անցում կատարել առավել պաշտպանված անձը հաստատող փաստաթղային համակարգի: