Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4021-26.11.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.  Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «հանրային ծառայությունների համարանիշը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1. մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1. մասով.

«3.1. Այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում 2-րդ եւ 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.

Հոդված  4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ օրենքով նախատեսված դեպքերում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը: Մինչեւ անձնագրի վավերականության ժամկետը լրանալը անձնագիրը քաղաքացու ցանկությամբ կարող է փոխարինվել  նույնականացման քարտով «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նույնականացման քարտը տրամադրվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Նույնականացման քարտերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)`  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա  խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ եւ կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է, այսպես կոչված, «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:

Վերը նշված հիմնախնդրի կարգավորմանն էր ուղղված «Նույնականացման քարտերի  մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալուց հետո:

Ներկայումս նույնականացման քարտերի կիրառումը հետզհետե դառնում է արդիական էլեկտրոնային կառավարման գրեթե բոլոր բնագավառերում: Երբեմն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը առաջացնում է դժգոհություններ քաղաքացիների մոտ, համաձայն որի նույնկանացման քարտ ստանալու համար վերջիններս ստիպված են լինում ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր:

Առաջարկվում է առկա  խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`

Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Նույնականացման քարտերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով նախատեսվում է հանել այն դրույթը, համաձայն որի նույնականցման քարտ ստանալու համար պարտադիր է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր ունենալու հանգամանքը:

Նախատեսվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Բացի այդ, նախատսվում է մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ստացված (փոխանակված) անձնագրերը համարել վավերական փաստաթղթեր մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը:

Բացի այդ, նախագծով մասնավորապես, քաղաքացուն հնարավորություն կտրվի իր ցանկությամբ նույնականացման քարտը ստանալ առանց հանրային ծառայությունների համարանիշը դրանում ամրագրելու:

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծով նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանք տրամադրել նաեւ այն քաղաքացիներին, ովքեր նույնականացման քարտ ստացել են,  սակայն դրանում հանրային ծառայությունների համարանիշը ամրագրված չէ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրինագծերի ընդունման դեպքում կպարզեցվի նույնականացման քարտ ստանալու գործընթացը, հնարավորություն կընձեռնվի որոշակի ժամանակ անց լիարժեք անցում կատարել առավել պաշտպանված անձը հաստատող փաստաթղային համակարգի: