Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-403-27.11.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

2. Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական այլ ակտերից:

Հոդված 2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը եւ այլ սոցիալական երաշխիքները

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի.

1) Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում,

2) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամը՝ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարեցման դեպքերում,

3) դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով,

4) դատախազի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որը պաշտոնից ազատվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 9-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով,

5) հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը, որը պաշտոնից ազատվել է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով,

6) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում,

7) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, կառավարության անդամները, սահմանադրական դատարանի անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, դատավորները, դատախազները, հատուկ քննչական ծառայության ծառայողները՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում ապահովվում է բժշկական սպասարկմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 3. Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, կառավարության անդամի, սահմանադրական դատարանի անդամի, մարդու իրավունքների պաշտպանի, վերահսկիչ պալատի նախագահի, դատավորի, դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում.

1) նրա հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ,

2) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն,

3) նրա ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին նշանակվում եւ վճարվում է կենսաթոշակ:

2. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու եւ վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 4. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

1. Սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ:

Հոդված 5. Պետական պաշտոն զբաղեցրած անձի եւ նրա ընտանիքի անդամների  կենսաթոշակը հաշվարկելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի պատգամավորին, վարչապետին, կառավարության անդամին, մարդու իրավունքների պաշտպանին, վերահսկիչ պալատի նախագահին, նրանց ընտանիքների անդամներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի ընտանիքի անդամներին սույն օրենքով սահմանված դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նրանց համար սահմանված գործակցի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի արտադրյալի չափով:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի՝ սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ X Գ + ՄՍ X ՄՍԱ բանաձեւով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափը,

Գ-ն` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված  գործակիցը (այսուհետ՝ գործակից),

ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,

ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

3. 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում է մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները:

4. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, գործակիցը փոխվելու դեպքում:

5. Մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցրած անձի, նրա ընտանիքի անդամների կենսաթոշակ ստանալու իրավունքը

1. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին եւ նրան նշանակվել է կենսաթոշակ:

2. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է.

1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում,

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում,

3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում,

4) դիմելու օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-3-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո:

3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի անցնելու դեպքում (բացառությամբ՝ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքի)՝ աշխատանքի անցնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում եւ վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

Հոդված 7. Թաղման նպաստի վճարումը

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ:

2. Թաղման նպաստը նշանակվում եւ վճարվում է, եթե անձը հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում կամ մահացել է Հայաստանի Հանրապետությունում:

3. Թաղման նպաստը նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, թաղման նպաստը նշանակելու եւ վճարելու կարգը  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-236 օրենքը:

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը պաշտոնատար անձին (պաշտոնատար անձի ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով:

2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվածների այրիներին սույն օրենքով կենսաթոշակ է նշանակվում՝ անկախ նրանց տարիքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:

3.   Սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում նաեւ մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը`

1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը եւ դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 11-րդ կետերով սահմանված հիմքերով  հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին, եթե հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Սույն մասով սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի եւ դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան շնորհված աշխատողների), քննիչի (ներառյալ մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի), հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի եւ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում եւ ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը:»:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված  գործակիցը եւ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Տեղեկանք-հիմնավորում

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայացվող փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակային ապահովության օրենսդրության միասնականացմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առանձին կատեգորիայի անձանց համար սահմանված է  կենսաթոշակի իրավունք:

Մասնավորապես,

1) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված է դատավորի կենսաթոշակի իրավունքը,

2) «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված է դատախազի կենսաթոշակի իրավունքը,

3) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված է հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակի իրավունքը,

4) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կենսաթոշակի իրավունքը,

5) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված է ՀՀ  Սահմանադրական դատարանի անդամի կենսաթոշակի իրավունքը,

6) «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված է ՀՀ Նախագահի կենսաթոշակի իրավունքը,

7) «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված է առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց (նրանց ընտանիքների անդամների) սոցիալական երաշխիքներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում:

Վերը նշված անձանց կենսաթոշակային ապահովության  (սոցիալական այլ երաշխիքների) հիմքում ընկած է նրանց աշխատավարձի չափը:

Միաժամանակ, տարբեր են վերը նշված կատեգորիայի պաշտոնատար անձանց կենսաթոշակային ապահովության պայմաններն ու կարգը:

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Հաշվի առնելով առկա խնդիրները՝ առաջարկվում է առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց կենսաթոշակային ապահովությանը եւ սոցիալական այլ երաշխիքները կարգավորել մեկ միասնական օրենքով՝ հնարավորինս նույնականացնելով սոցիալական երաշխիքների պայմաններն ու կարգը:

Ըստ այդմ, առաջարկվում է ընդունել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը՝ ուժը կորցրած ճանաչելով այլ օրենքներում առկա՝ կենսաթոշակներին վերաբերող դրույթները:

Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը՝ առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում` սոցիալական երաշխիքները սահմանելով ներկայացվող նախագծով:

Հաշվի առնելով 2014 թվականի հուլիսի 1-ից ներդրվող աշխատավարձերի հաշվարկման նոր կարգը, առաջարկվում է նաեւ վերանայել  առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը:

Մասնավորապես, առաջարկվում է վերը նշված անձանց կենսաթոշակի չափը հաշվարկել Կ=Հ X Գ + ՄՍ X ՄՍԱ բանաձեւով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափը,

Գ-ն` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված  գործակիցը,

ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,

ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը (սահմանում է ՀՀ կառավարությունը):

Առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը առաջարկվում է հաշվարկել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նրանց համար սահմանված գործակցի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի արտադրյալի չափով՝ պահպանելով գործող օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:

Վերանայվում է նաեւ ՍԴ անդամներին, դատավորներին, դատախազներին եւ հատուկ քննչական ծառայության ծառայողների կենսաթոշակային ապահովության պայմաններն ու կարգը. այս անձանց կենսաթոշակի իրավունք է սահմանվում միայն այն դեպքում, երբ անձը պաշտոնից ազատվում է պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն ձեռք բերելու կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում:

Հաշվի առնելով դատախազներին եւ հատուկ քննչական ծառայության ծառայողների կենսաթոշակային ապահովության գործող պայմաններն ու կարգը՝ առաջարկվում է նաեւ սահմանել անցումային ռեժիմ՝ կենսաթոշակի իրավունք սահմանելով մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը.

1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը եւ դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 11-րդ կետերով սահմանված հիմքերով  հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին, եթե հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

«Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով լուծվում է հատուկ քննչական ծառայության ծառայողներին մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակ նշանակելու կապակցությամբ առկա խնդիրները (գործող օրենքով սահմանված չէ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի ստաժը հաշվարկելու, կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, ինչպես նաեւ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը):

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող փաթեթն ընդունվելու դեպքում հնարավորինս կնույնականացվեն վերը նշված պաշտոնատար անձանց կենսաթոշակային ապահովության պայմաններն ու կարգը՝ հաշվի առնելով առկա իրողությունները: