Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունը
Հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում՝ հատուկ քննչական ծառայության ծառայողի եւ նրան ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունը իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Տեղեկանք-հիմնավորում
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Ներկայացվող փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակային ապահովության օրենսդրության միասնականացմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առանձին կատեգորիայի անձանց համար սահմանված է կենսաթոշակի իրավունք:
Մասնավորապես,
1) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված է դատավորի կենսաթոշակի իրավունքը,
2) «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված է դատախազի կենսաթոշակի իրավունքը,
3) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված է հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակի իրավունքը,
4) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կենսաթոշակի իրավունքը,
5) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի կենսաթոշակի իրավունքը,
6) «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված է ՀՀ Նախագահի կենսաթոշակի իրավունքը,
7) «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված է առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց (նրանց ընտանիքների անդամների) սոցիալական երաշխիքներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում:
Վերը նշված անձանց կենսաթոշակային ապահովության (սոցիալական այլ երաշխիքների) հիմքում ընկած է նրանց աշխատավարձի չափը:
Միաժամանակ, տարբեր են վերը նշված կատեգորիայի պաշտոնատար անձանց կենսաթոշակային ապահովության պայմաններն ու կարգը:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Հաշվի առնելով առկա խնդիրները՝ առաջարկվում է առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց կենսաթոշակային ապահովությանը եւ սոցիալական այլ երաշխիքները կարգավորել մեկ միասնական օրենքով՝ հնարավորինս նույնականացնելով սոցիալական երաշխիքների պայմաններն ու կարգը:
Ըստ այդմ, առաջարկվում է ընդունել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը՝ ուժը կորցրած ճանաչելով այլ օրենքներում առկա՝ կենսաթոշակներին վերաբերող դրույթները:
Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը՝ առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում` սոցիալական երաշխիքները սահմանելով ներկայացվող նախագծով:
Հաշվի առնելով 2014 թվականի հուլիսի 1-ից ներդրվող աշխատավարձերի հաշվարկման նոր կարգը, առաջարկվում է նաեւ վերանայել առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը:
Մասնավորապես, առաջարկվում է վերը նշված անձանց կենսաթոշակի չափը հաշվարկել Կ=Հ X Գ + ՄՍ X ՄՍԱ բանաձեւով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափը,
Գ-ն` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը,
ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,
ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը (սահմանում է ՀՀ կառավարությունը):
Առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը առաջարկվում է հաշվարկել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նրանց համար սահմանված գործակցի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի արտադրյալի չափով՝ պահպանելով գործող օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:
Վերանայվում է նաեւ ՍԴ անդամներին, դատավորներին, դատախազներին եւ հատուկ քննչական ծառայության ծառայողների կենսաթոշակային ապահովության պայմաններն ու կարգը. այս անձանց կենսաթոշակի իրավունք է սահմանվում միայն այն դեպքում, երբ անձը պաշտոնից ազատվում է պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն ձեռք բերելու կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում:
Հաշվի առնելով դատախազներին եւ հատուկ քննչական ծառայության ծառայողների կենսաթոշակային ապահովության գործող պայմաններն ու կարգը՝ առաջարկվում է նաեւ սահմանել անցումային ռեժիմ՝ կենսաթոշակի իրավունք սահմանելով մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը.
1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը եւ դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 11-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին, եթե հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
«Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով լուծվում է հատուկ քննչական ծառայության ծառայողներին մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակ նշանակելու կապակցությամբ առկա խնդիրները (գործող օրենքով սահմանված չէ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի ստաժը հաշվարկելու, կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, ինչպես նաեւ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը):
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող փաթեթն ընդունվելու դեպքում հնարավորինս կնույնականացվեն վերը նշված պաշտոնատար անձանց կենսաթոշակային ապահովության պայմաններն ու կարգը՝ հաշվի առնելով առկա իրողությունները: