Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4054-27.11.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 34.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 34.1. Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, առանձին կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգեւավճարի իրավունքը

1. Ամենամսյա պարգեւավճարի իրավունք ունեն`

1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող`

ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,

ե. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,

զ. Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված զինծառայողները,

է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,

ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողների ընտանիքների անդամները.

2) մահացած զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ եւ ունեն նաեւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.

3) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ եւ չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից,

4) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից անկախ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա պարգեւավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է ամենամսյա մեկ պարգեւավճար՝ իր ընտրությամբ:

3. Ամենամսյա պարգեւավճարի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի անդամները:

4. Զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած եւ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված, ինչպես նաեւ 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված եւ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի անդամներին նշանակվում է մեկ պարգեւավճար՝ իրենց ընտրությամբ: Ընտանիքի` ամենամսյա պարգեւավճարի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն:

5. Սույն հոդվածի իմաստով` զոհվածի ընտանիքի անդամ են համարվում զոհվածի`

1) ծնողները, ամուսինը.

2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչեւ ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչեւ իր 23 տարին լրանալը),

3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

6. Ամենամսյա պարգեւավճարի չափերը, պարգեւավաճար նշանակելու եւ վճարելու կարգը, պարգեւավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ին:

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված ամենամսյա դրամական օգնության փոխարեն նշանակվում է ամենամսյա պարգեւավճար:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստանալու իրավունք ունեցող եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անձանց նշանակված դրամական օգնության (պարգեւավճարի) իրավունքը չի վերանայվում:

3. Եթե մահացած զինծառայողի ընտանիքի անդամին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, եւ նա դիմել է կենսաթոշակի փոխարեն իրեն ամենամսյա պարգեւավճար նշանակելու համար, ապա ամենամսյա պարգեւավճարը նշանակվում է կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից՝ անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքով նշանակված` զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի անդամներին տրվող նպաստի փոխարեն սույն օրենքով նշանակվում է ամենամսյա պարգեւավճար: