Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Անձը նպաստի իրավունք ունի, եթե նա ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել (հանդիսացել է անհատ ձեռնակատեր կամ նոտար) առնվազն 6 օրացուցային ամիս կամ ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու ամսվան նախորդող 24 ամսվա ընթացքում գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել (հանդիսացել է անհատ ձեռնակատեր կամ նոտար) առնվազն 12 օրացուցային ամիս:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝
«5. Փոխնակ (սուրոգատ) մորը հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչեւ 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում.
1. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
Բացառությամբ վարձու աշխատողին տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստի, եթե վարձու աշխատողի՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի եւ նվազագույն ամսական աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` հաշվարկային նվազագույն ամսական աշխատավարձ) հնգապատիկը, ապա վարձու աշխատողի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:
Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է հաշվարկային նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է հաշվարկային նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար վարձու աշխատողի հաշվարկված (հաշվարկման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Վարձու աշխատողի եկամտում հաշվառվող վճարումների ցանկը, միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի հանրապետության կառավարությունը:»:
2. Օրենքի 3-րդ եւ 6-րդ մասերում «ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված» բառերը փոխարինել «հաշվարկային» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով կարգավորվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:
Սակայն իրավակիրառական պրակտիկայում առաջանում են մի շարք խնդիրներ:
Մասնավորապես, օրենքով սահմանված չէ նպաստի իրավունք տվող նվազագույն աշխատանքային ստաժ, որի արդյունքում անձին, կարող է նշանակվել եւ վճարվել նպաստ, օրինակ, ընդամենը մեկ օր աշխատելու (անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու) դեպքում: Այնինչ, ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարումների վրա հիմնված նպաստ է:
Միաժամանակ, օրենսդրությամբ կարգավորված չէ փոխնակ (սուրոգատ) մոր եւ փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մոր հղիության ու ծննդաբերության նպաստի իրավունքը:
Խնդրո առարկա է նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը: Մասնավորապես, միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմք է ընդունվում նաեւ վարձու աշխատողին վճարված պարգեւատրումները:
Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ վարձու աշխատողին վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը ավելի բարձր է լինում, քան այն աշխատավարձը, որը անձը կստանար, եթե ներկայանար աշխատանքի:
Գործնականում կան նաեւ դեպքեր, երբ ժամանակավոր անաշխատունակության նախորդող ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարվում են պարգեւատրումներ՝ արհեստականորեն մեծացնելով միջին աշխատավարձի (նպաստի) չափը:
Վերը նշվածը չի բխում ժամանակավոր անաշխատունակության նպաստի էությունից, այն է՝ փոխհատուցել ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է.
1) սահմանել ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք տվող աշխատանքային ստաժի նվազագույն տեւողություն՝ ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում առնվազն 6 օրացուցային ամիս կամ ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու ամսվան նախորդող 24 ամսվա ընթացքում առնվազն 12 օրացուցային ամիս,
2) նպաստի իրավունք տրամադրել նաեւ փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը, համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում,
3) միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը սահմանելու իրավունք վերապահել ՀՀ կառավարությանը (առաջարկվում է միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների եկամտում հաշվի չառնել այն եկամուտները, որոնք վճարվել են կոնկրետ իրավիճակից (հանգամանքներից) ելնելով, մասնավորապես, պարգեւատրումները եւ այլն):
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքը կհամապատասխանեցվի նպաստի էությանը:
Ներկայացվող նախագծերն ընդունվելուց հետո անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ: