Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4041-27.11.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ` երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:


Տեղեկանք-հիմնավորում

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով կարգավորվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:

Սակայն իրավակիրառական պրակտիկայում առաջանում են մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, օրենքով սահմանված չէ նպաստի իրավունք տվող նվազագույն աշխատանքային ստաժ, որի արդյունքում անձին, կարող է նշանակվել եւ վճարվել նպաստ, օրինակ, ընդամենը մեկ օր աշխատելու (անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու) դեպքում: Այնինչ, ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարումների վրա հիմնված նպաստ է:

Միաժամանակ, օրենսդրությամբ կարգավորված չէ փոխնակ (սուրոգատ) մոր եւ փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մոր հղիության ու ծննդաբերության նպաստի իրավունքը:

Խնդրո առարկա է նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը: Մասնավորապես, միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմք է ընդունվում նաեւ վարձու աշխատողին վճարված պարգեւատրումները:

Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ վարձու աշխատողին վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը ավելի բարձր է լինում, քան այն աշխատավարձը, որը անձը կստանար, եթե ներկայանար աշխատանքի:

Գործնականում կան նաեւ դեպքեր, երբ ժամանակավոր անաշխատունակության նախորդող ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարվում են պարգեւատրումներ՝ արհեստականորեն մեծացնելով միջին աշխատավարձի (նպաստի) չափը:

Վերը նշվածը չի բխում ժամանակավոր անաշխատունակության նպաստի էությունից, այն է՝ փոխհատուցել ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է.

1) սահմանել ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք տվող աշխատանքային ստաժի նվազագույն տեւողություն՝ ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում առնվազն 6 օրացուցային ամիս կամ ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու ամսվան նախորդող 24 ամսվա ընթացքում առնվազն 12 օրացուցային ամիս,

2) նպաստի իրավունք տրամադրել նաեւ փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը, համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում,

3) միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը սահմանելու իրավունք վերապահել ՀՀ կառավարությանը (առաջարկվում է միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների եկամտում հաշվի չառնել այն եկամուտները, որոնք վճարվել են կոնկրետ իրավիճակից (հանգամանքներից) ելնելով, մասնավորապես, պարգեւատրումները եւ այլն):

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքը կհամապատասխանեցվի նպաստի էությանը:

Ներկայացվող նախագծերն ընդունվելուց հետո անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ: