Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4061-28.11.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 47.7-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «5-րդ,», «5.1-րդ,», «5.2-րդ», «5.3-րդ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն յուրաքանչյուր կողմ իր Սահմանադրության կամ սահմանադրական դրույթների համաձայն, ամբողջությամբ արգելում է ծխախոտի գովազդը, հովանավորչությունը եւ վաճառքի խթանումը: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր կողմ իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 5 տարվա ընթացքում պատշաճ օրենսդրական, գործադիր, վարչական եւ կամ այլ միջոցներ է ձեռնարկում:

Ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի գովազդի վերաբերյալ օրենսդրության վերանայում նախատեսված է նաեւ ՀՀ-ԵՄ ասոցացման ապագա համաձայնագրի առողջապահության բաժնում:

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը ամրագրված է նաեւ ՀՀ կառավարության 29.04.2010 թվականի 475-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագրի 13-րդ կետի 4-րդ ենթակետի ա. պարբերության, հավելված 2-ի 2-րդ կետի «Ռազմավարություն 2» բ) կետի պահանջներում:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի վավերացումը խթանել է ծխախոտի դեմ պայքարին առնչվող նոր օրենսդրության մշակումը: ՀՀ օրենսդրության մեջ, մասնավորապես` 1996 թվականի ապրիլի 30-ին ընդունված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա էին ծխախոտի գովազդը սահմանափակող որոշ դրույթներ, 2002 եւ 2006 թվականներին նշված օրենքում իրականացված համապատասխան փոփոխություններից հետո արգելվեց ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ինչպես նաեւ արգելվեց արտաքին գովազդը:

Իրականացվող քաղաքականությունը

Ներկայում մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է առողջ ապրելակերպը: Վերջին տասնամյակում ծխախոտի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից մեկն է դարձել:

Կոնվենցիայի վավերացումը մեծապես խթանել է Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարին առնչվող օրենսդրության մշակումը, 2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի 2005-2009 թվականների պետական ծրագիրը եւ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը», որին հաջորդեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ`

Կարգավորման նպատակը եւ խնդիրները

Ծխախոտի գովազդը մեծապես նպաստում է ծխելու տարածվածության կանխարգելմանը հատկապես դեռահասների շրջանում:

Բոլոր փաստարկները, թե իբր գովազդը չի նպաստում նոր ծխողների ներգրավելուն, որ ծխախոտի գովազդն ուղղված է միայն ծխողներին տեղեկատվություն տրամադրելուն, ամբողջովին անհիմն են: Թերթերը, ամսագրերը, ինտերնետը, ցուցատախտակները, գովազդային վահանակները վաճառա- կետերում, խանութներում եւ այլ տեղերում իրականացվող խթանման միջամտությունները եւ այլն շատ մատչելի եւ տեսանելի են բոլորի համար, այդ թվում` դեռահասների: Նախագծի նպատակն է արգելել օրենքով ծխախոտային արտադրատեսակների օգտագործմանը նպաստող ծխախոտային ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն եւ հովանավորչությունը, որը բացի այն, որ Հայաստանի Հանրապետության, որպես ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմ, պարտավորության կատարումն է, նաեւ ծխախոտի դեմ պայքարում ծխախոտի տարածվածությունը կրճատող հզոր գործոն է:

Ինստիտուտները եւ անձինք

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության, հանրային առողջության բաժնի, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից: