Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-407-28.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 օրենքի 31-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 31. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին

հաշվառումից հանելու եւ հաշվառումից հանելը մերժելու կարգը

1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ դիմում ներկայացնելու համար սույն օրենքով լիազորված անձը կամ նրանց կողմից լիազորված անձը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն:

2. Գործակալությունը հաշվառումից հանելու դիմում ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի գծով անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթա-շրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Հարկային մարմինների կողմից սույն մասով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից եւ դրանց հստակ չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի գծով հաշվառումից հանվող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության հավաստում:

3. Եթե գործունեության դադարման համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնում է նաեւ հարկային մարմնի՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ տված տեղեկանք՝ պետական բյուջեի հանդեպ հարկերի գծով պարտավորությունների բացակայության մասին, ապա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցումը հարկային մարմնին չի ուղարկվում, իսկ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հաշվառումից հանվում է անմիջապես դիմումը ներկայացնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Պետական բյուջեի գծով անհատ ձեռնարկատիրոջ պարտավորություն-ների բացակայության հավաստումը ստանալուց հետո գործակալությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի, անմիջապես հանվում է հաշվառումից, ընդ որում, այդ դեպքում անձը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու օրվանից:

5. Եթե գործունեության դադարման համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հանձնաժողովի կողմից ներառվել է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում, ապա գործակալությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին` հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է հարցման ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանա-ռությունն ապահովող համակարգի միջոցով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանը այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այնպիսի պատասխան տալը, որում հստակորեն նշված չեն հարուցված եւ չավարտված վարույթի առկայությունը, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայությունը եւ դրանց կոնկրետ չափը, դիտվում է որպես հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:

6. Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված անձը դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է հանձանաժողովի` դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ տված տեղեկանք առ այն, որ իր նկատմամբ բացակայում է հարուցված եւ չավարտված վարչական վարույթ, ինչպես նաեւ բացակայում են հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ, ապա սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարցումը չի ուղարկվում, եւ մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված անձը, սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառումից հանվում է անմիջապես դիմումը ներկայացնելու օրը:

7. Հանձնաժողովի կողմից անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին հավաստումը ստանալուց հետո գործակալությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը, սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում,  անմիջապես հանվում է հաշվառումից, ընդ որում, այդ դեպքում անձը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու օրվանից:

8. Անձին որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը հավաստվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթղթով (տեղեկանքով), որը համապատասխան գրառումը կատարելուց հետո` մեկօրյա ժամկետում, ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

9. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցմանը հարկային մարմնի կողմից պետական բյուջեի գծով անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների առկայության մասին պատասխան ստանալու դեպքում, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարցմանը հանձնաժողովի կողմից հարուցված եւ չավարտված վարչական վարույթի կամ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին պատասխան ստանալու դեպքում հարցման պատասխանը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, անհատ ձեռնարկատիրոջը գործակալությունը ծանուցում է հաշվառումից հանելու մերժման մասին, որին կցվում է հարկային մարմնի կամ հանձնաժողովի` մերժման հիմք համարված պատասխանը: Մերժումը էլեկտրոնային փաստաթղթի ձեւով ուղարկվում է անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկանունը մուտքագրելու պայմանով: Անձը համարվում է մերժման մասին պատշաճ ծանուցված ծանուցումը համացանցում հասանելի դառնալու պահից:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմք(եր)ով մերժում ստանալու դեպքում անձը իրավասու է հարկային մարմնի կամ հանձնաժողովի տրամադրած տեղեկանքը բողոքարկելու վարչական կարգով՝ համապատասխանաբար հարկային մարմին կամ հանձնաժողով, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Բողոքը բավարարելու կամ հարկային պարտավորությունները կատարելու կամ չավարտված վարչական վարույթն ավարտվելու եւ հանձնաժողովի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու դեպքերում անձն իրավասու է կրկին դիմելու գործակալություն՝ հաշվառումից հանվելու համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պետական բյուջեի գծով պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը կանխելու, այնպես էլ գործունեությունը դադարեցնող անհատ ձեռնարկատիրոջը չկատարված պարտավորությունների մասով պահանջներ ներկայացնելու` հարկային մարմնի հնարավորության նախատեսելու եւ հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նկատառումով:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի համաձայն անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում պետական ռեգիստրի գործակալություն չի ներկայացվում հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` պետական բյուջեի գծով պարտավորությունների բացակայության մասին:

Ստեղծված իրավիճակում կարող են գործունեությունը դադարեցնել նաեւ այնպիսի անհատ ձեռնարկատերեր, որոնք պարտավորություններ ունեն պետական բյուջեի գծով, իսկ գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատիրոջը չկատարված պարտավորությունների մասով պահանջներ ներկայացնելու` հարկային մարմնի հնարավորությունները խիստ սահմանափակ են, եւ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակից դուրս եկած ֆիզիկական անձի մոտ չեն կարող իրականացվել ստուգումներ եւ առաջադրվել լրացուցիչ հարկային պարտավորություններ, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն, նշյալ օրենքը կարգավորում է միայն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության ստուգումների եւ ուսումնասիրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները: Բացի այդ հարկային մարմինը չի կարող դատարան հայց ներկայացնել անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցմանը նախորդած` մեկ տարին գերազանցող ժամանակահատվածներին վերաբերող հարկային պարտավորությունների մասով, քանի որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային տեսչության ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել անհատ ձեռնարկատիրոջ վրա` գործունեությունը դադարեցնելուն նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային տեսչությունից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Փոփոխության արդյունքում անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման պետական գրանցման (պետական հաշվառումից հանելու) նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը գործունեությունը դադարեցնող անհատ ձեռնարկատիրոջ` հարկերի գծով պարտավորությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով պետք է հարցում կատարի հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը վերոնշյալ տեղեկանքը` գործունեությունը դադարեցնող անհատ ձեռնարկատիրոջ` հարկերի գծով պարտավորությունների չափի կոնկրետ նշումով, պետական ռեգիստրի գործակալություն պետք է ներկայացնի 10-օրյա ժամանակահատվածում: Վերոնշյալ ժամկետում հարկային մարմնի կողմից պետական ռեգիստրի գործակալություն գործունեությունը դադարեցնող անհատ ձեռնարկատիրոջ` հարկերի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու կամ տեղեկանքում անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների կոնկրետ չափը չնշելու կամ ցանկացած այլ տեղեկատվություն ներկայացվելու դեպքերում (ներառյալ այն դեպքերում, երբ տեղեկանքում նշվում է, որ հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումը դեռ շարունակվում է կամ կասեցվել է) անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման պետական գրանցումը պետք է իրականացվի առանց վերոնշյալ տեղեկանքի առկայության: Նշված ընթացակարգը եւ մասնավորապես, սահմանված սեղմ ժամկետները չեն առաջացնի անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման ընթացակարգերի ավելորդ ձգձգումներ եւ, միեւնույն ժամանակ, կնպաստեն հարկային հսկողության արդյունավետության բարձրացմանը: