Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «հանրային ծառայությունների համարանիշը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1. մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1. մասով.
«3.1. Այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը եւ օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը: Մինչեւ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը քաղաքացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաեւ նույնականացման քարտ եւ իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը եւ օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր չի տրամադրվում (փոխանակվում), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նույնականացման քարտ կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիր եւ իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ դակելուց հետո:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)` կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ եւ կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է, այսպես կոչված, «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:
Վերը նշված հիմնախնդրի կարգավորմանն էր ուղղված «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալուց հետո:
Ներկայումս նույնականացման քարտերի կիրառումը հետզհետե դառնում է արդիական էլեկտրոնային կառավարման գրեթե բոլոր բնագավառերում: Երբեմն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը առաջացնում է դժգոհություններ քաղաքացիների մոտ, համաձայն որի նույնկանացման քարտ ստանալու համար վերջիններս ստիպված են լինում ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր:
Առաջարկվում է առկա խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`
Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
2. Կարգավորման առարկան
Օրենքի նախագծով նախատեսվում է հանել այն դրույթը, համաձայն որի նույնականցման քարտ ստանալու համար պարտադիր է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր ունենալու հանգամանքը:
Նախատեսվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Բացի այդ, նախատսվում է մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ստացված (փոխանակված) անձնագրերը համարել վավերական փաստաթղթեր մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը:
Բացի այդ, նախագծով մասնավորապես, քաղաքացուն հնարավորություն կտրվի իր ցանկությամբ նույնականացման քարտը ստանալ առանց հանրային ծառայությունների համարանիշը դրանում ամրագրելու:
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծով նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանք տրամադրել նաեւ այն քաղաքացիներին, ովքեր նույնականացման քարտ ստացել են, սակայն դրանում հանրային ծառայությունների համարանիշը ամրագրված չէ:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրինագծերի ընդունման դեպքում կպարզեցվի նույնականացման քարտ ստանալու գործընթացը, հնարավորություն կընձեռնվի որոշակի ժամանակ անց լիարժեք անցում կատարել առավել պաշտպանված անձը հաստատող փաստաթղային համակարգի: