Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «հանրային ծառայությունների համարանիշը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1. մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1. մասով.
«3.1. Այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը եւ օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը: Մինչեւ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը քաղաքացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաեւ նույնականացման քարտ եւ իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը եւ օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր չի տրամադրվում (փոխանակվում), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նույնականացման քարտ կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիր եւ իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ դակելուց հետո:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: