Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4081-29.11.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 184-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 184. Ապօրինի գործողություններ պետական պարգեւների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ պատրաստելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ կրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ պատրաստելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219-րդ եւ 220-րդ հոդվածներից հանել «184» թվերը:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ մասի 1-ին կետում «183» թվերից հետո լրացնել «184,» թվերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետի համաձայն` ՀՀ Նախագահը պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» գործող ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը մատուցած ակնառու եւ բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգեւներ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, ՀՀ շքանշանների եւ մեդալներ: Համաձայն ՀՀ Սահմանադրության եւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքի` պետական պարգեւներ շնորհում է ՀՀ Նախագահը` հրապարակելով հրամանագրեր, ՀՀ Ազգային Ժողովը պետական պարգեւների վերաբերյալ ընդունում է օրենքներ, իսկ շքանշանների, մեդալների նկարագրությունները եւ նմուշները հաստատում է ՀՀ կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի:

Սակայն ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ տարբեր շքանշանների եւ մեդալների մասին առանձին օրենքներում առկա են մի շարք օրենսդրական բացեր, հակասություններ եւ թերի կարգավորումներ:

Այսպես, «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է: Նշված բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է հայրենիքի շքանշան: ՀՀ կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի թիվ 5 որոշմամբ հաստատվել է Հայրենիքի շքանշանի նկարագրությունն ու նմուշը: Սակայն օրենքով նախատեսված չէ այն պետական կառավարման մարմինը, որը իրավասու է ներկայացնելու պարգեւատրման միջնորդություն: Նույն խնդիրը առկա է նաեւ «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքում, «Փառքի շքանշանի մասին» ՀՀ օրենքում, «Արիության մեդալի մասին» օրենքում, «Անանիա Շիրակացու մեդալի մասին» ՀՀ օրենքի եւ նշված ոլորտը կարգավորող գործող մի շարք այլ օրենքներում: Կամ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ մեդալով պարգեւատրելու միջնորդություն ներկայացնում են համապատասխան հանրաապետական գործադիր մարմինների ղեկավարները: Սակայն հոդվածը հստակ չի նշում, թե կոնկրետ որ մարմիններն իրավունք ունեն հարուցելու համապատասխան միջնորդությունը: Ուստի անհրաժեշտություն է արաջացել հստակեցնելու եւ սահմանելու այն մարմինների ցանկը, որոնք կարող են միջնորդություն հարուցել որեւէ պետական պարգեւով` մեդալով կամ շքանշանով պարգեւատրելու համար:

Միաժամանակ մինչ օրս «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի մասին» ՀՀ օրենքում, «Մխիթար Գոշի մեդալի մասին» օրենքում եւ այլ օրենքներում որպես համապատասխան շքանշանով կամ մեդալով պարգեւատրելու միջնորդություն հարուցող մարմին նախատեսված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը, ինչը չի համապատսախանում ՀՀ Սահմանադրության, «Պետական պարգեւների մասին» ՀՀ գործող օրենքի եւ այլ օրենքների պահանջներին:

Բացի այդ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալի մասին» օրենքով, «Մխիթար Գոշի մեդալի մասին» ՀՀ օրենքով, պարգեւների առանձին տեսակների բնագավառը կարգավորող այլ օրենքներում սահմանված չեն այն անձանց շրջանակը, որոնք կարող են պարգեւատրվել համապատասխան մեդալներով եւ շքանշաններով:

Առկա են նաեւ մի շարք դրույթներ եւ ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այսպես, «Մարտական խաչ» շքանշանի մասին» ՀՀ օրենքի, «Մովսես Խորենացու մեդալի մասին» ՀՀ օրենքի, «Արիության մեդալի մասին» ՀՀ օրենքի, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին» եւ նաեւ նշված բնագավառը կարգավորող այլ օրենքներում որպես պարգեւատրման միջնորդություն հարուցող կամ պարգեւատրում ստացող մարմինների մեջ նախատեսված են ներքին գործերի, լուսավորության եւ բարձրագույն կրթության ու գիտության նախարարություններ, ազգային անվտանգության եւ արտակարգ իրավիճակների պետական վարչությունների, մաքսային վարչություն եւ այլեւս գոյություն չունեցող այլ մարմինների անվանումներ, որոնցից անհասկանալի են դառնում, թե ներկայումս այդ տեսակի պետական պարգեւով կոնկրետ ովքեր կարող են պարգեւատրվել կամ միջնորդություն ներկայացնել:

Միաժամանակ նախատեսվել են նաեւ մի շարք նոր կարգավորումներ, այդ թվում՝ պարգեւների նոր տեսակներ՝ Երախտագիտության մեդալը, Անձնվեր աշխատանքի համար մեդալը, Ծնողական փառքի մեդալը: Այսպես օրինակ սահմանվել է, որ ծնողական փառքի մեդալով պարգեւատրվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողները (ծնողը), որդեգրողները (որդեգրողը), որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի երեխա։

«Պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: Իսկ պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողություններ եւ դրանց կատարման համար պատասխանատվությունը նախատեսված են ՀՀ քրեական եւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով: Նման ձեւակերպումները չեն բխում ՀՀ Սահմանադրության եւ <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, համաձայն որոնց` բացառապես օրենքով են սահմանվում անձանց պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել նաեւ վերանայել նման դրույթները եւ համապատասխանաբար փոփոխություններ կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում:

Միեւնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքով նախատեսել դրույթներ նաեւ նախկին ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւների վերաբերյալ, որոնցով պարգեւատրել են ՀՀ քաղաքացիները: Նախկինում շնորհված ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւները պետք է պահպանեն իրենց ուժը:

Առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով կատարվում են լայնածավալ փոփոխություններ գործող օրենքի համեմատ, համապարփակ կարգավորման են ենթարկվում պետական պարգեւների տեսակների, պետական պարգեւներ հիմնելու, պետական պարգեւներով պարգեւատրելու կարգի ու պայմանների, պետական պարգեւները կրելու կանոնների եւ դրանց հերթականության հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ նախագծով սահմանվում են պետական պարգեւներով պարգեւատրվող անձինք եւ մարմինները, պարգեւատրված անձանց իրավունքները եւ պարտականությունները, Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու արգելքը եւ նախատեսվող պատասխանատվությունը ու դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող առաջարկվում է ընդունել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Ակնկալվող արդյունք

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգեւների հետ կապված հարաբերությունները, օրենսդրորեն ամրագրել ՀՀ պետական պարգեւներով` մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրելու եւ այդ պարգեւները կրելու հետ կապված հարաբերությունները, որի արդյունքում կշտկվի ներկայումս պետական պարգեւների ոլորտում առկա հակասական եւ թերի կարգավորումները: