Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-401-26.11.2013,29.11.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաեւ նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը եւ ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:»

Հոդված 2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 3-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 118.7 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում պետական տուրքը, բայց ոչ ավել քան քսան հազար ՀՀ դրամ չի վերադարձվում».

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը վերադարձնելու դեպքում պետական տուրքը չվերադարձնելու նպատակով:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Վճռաբեկ դատարանը գործը վարույթ ընդունելու ժամկետից, բողոքի հիման վրա, վերանայում է առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կայացրած եւ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը՝ իրականացնելով մեծածավալ ուսումնասիրություն:

Միաժամանակ, դատարանի կողմից վերոնշյալ, ինչպես նաեւ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում իրականցվող աշխատանքները իրենց բնույթով հանդիսանում են ծառայությունների մատուցում: Մտահոգություն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ վճռաբեկ դատարանը ստանում է բազմաթիվ չհիմնավորված բողոքներ, որոնք անհարկի ծանրաբեռնում են վճռաբեկ դատարանի գործունեությունը եւ խոչընդոտում դատարանի բնականոն եւ արդյունավետ աշխատանքը:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

«Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը վերադարձնելու դեպքում պետական տուրքը չվերադարձնելու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու պահից մատուցվող ծառայությունները, միաժամանակ, նպատակ հետապնդելով կրճատել վճռաբեկ դատարան մուտք գործող բազմաթիվ անհիմն դիմումների քանակը: