Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող եւ համատեղ զավակ ունեցող անձը: Զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու են համարվում նաեւ զինծառայողի եղբայրը եւ քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որեւէ այլ շահառու գումար չի ստացել:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի իմաստով՝ շահառուների բացակայություն է համարվում համապատասխան շահառուի ֆիզիկապես գոյություն չունենալը, ներառյալ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ համապատասխան կարգավիճակ չունենալը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-ին կետի եւ 5-րդ մասի «3-րդ եւ 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին» բառերով.
2) 4-րդ մասի «3-րդ եւ 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ եւ 4.1-ին» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերի վրա:
3. Սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: