Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է ընկերության գործադիր մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
1.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների՝ ընկերության կառավարման իրավունքը կարգավորելու անհրաժեշտությամբ:
1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Սույն նախագծով առաջարկվող լրացումները նպատակ ունեն ապահովել օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքները, մասնավորապես, մասնակցի՝ ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքը: Քննարկվող օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Բարձրագույն մարմնի կողմից կառավարում կարելի է իրականացնել հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու միջոցով: Սույն օրենքի 37-րդ եւ 38-րդ հոդվածներում արտահերթ եւ հերթական ժողովի հրավիրման իրավունքը վերապահված է գործադիր մարմնին: Այլ կերպ ասած՝ գործադիր մարմնի կամքից է կախված մասնակցի՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացումը: Գործող խմբագրությամբ պրակտիկայում ստեղծվել է իրավիճակ, որտեղ 90 տոկոս բաժնեմաս տնօրինող մասնակիցները ցանկություն ունեն ժողով հրավիրելու, բայց գործադիր մարմինը պարզապես ժողով չի հրավիրում: Մասնակիցներին մնում է դիմել դատարան՝ տնօրենին ժողով հրավիրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ հայցով, բայց այդ դեպքում ժամանակի կորստի հետեւանքով ընկերությունը կարող է կրել նյութական եւ այլ անդառնալի կորուստներ: Ընդ որում, առաջարկվող նորմին համանման կարգավորում արդեն իսկ առկա է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հդվածում:
1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է օրենքի 38-րդ հոդվածը խմբագրել այնպես, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտահերթ ժողով հրավիրելու իրավունք ունենա(ն) նաեւ առնվազն 10 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակից(ներ)ը:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտահերթ ժողով հրավիրելու հետ կապված իրավահարաբերությունները:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընունման արդյունքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ժողով հրավիրելու իրավունք կունենա(ն) նաեւ ընկերության առնվազն 10 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակից(ներ)ը: