Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-411-03.12.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասում՝

1) «ա» ենթակետում «20 տարի» բառերը փոխարինել «15 տարի» բառերով.

2) «բ» ենթակետում «10 տարի» բառերը փոխարինել «8 տարի» բառերով.

3) «գ» ենթակետում «3 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, իսկ նույն հոդվածի երկրորդ մասը, մասնավորապես, սահմանում է ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ հիմնական միջոցների տարբեր խմբերի համար, որոնցից ելնելով էլ հաշվարկվում է (նույն հոդվածով սահմանված կարգով) ամորտիզացիոն մասհանումների գումարը:

Այսպես՝ շենքերի, շինությունների եւ փոխանցող հարմարանքների համար (բացառությամբ հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական եւ ուսումնական հաստատությունների) համար սահմանվում է 20 տարի ամորտիզացիոն նվազագույն ժամկետ: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը սահմանել 15 տարի: Հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական եւ ուսումնական հաստատությունների շենքերի եւ շինությունների համար գործող օրենքը սահմանում է 10 տարի ամորտիզացիոն նվազագույն ժամկետ: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետն իջեցնել մինչեւ 8 տարի: Իսկ հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար սահմանված 3 տարի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը նախագծով առաջարկվում է սահմանել 2 տարի:

Հաշվի առնելով հանրապետությունում գործարար եւ ներդրումային միջավայրի հետագա բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպությունների հիմնական միջոցների առավել բարձր տեմպերով արդիականացման պահանջը, առաջարկվող օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել ձեռնարկությունների հիմնական միջոցների ամորտիզացիայի ժամկետները՝ ձեւավորելով առավել արագ ամորտիզացիոն ժամկետներ: