Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-404-27.11.2013,11.12.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝

«5. Փոխնակ (սուրոգատ) մորը հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչեւ 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: 

Տեղեկանք-հիմնավորում

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով կարգավորվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:

Սակայն իրավակիրառական պրակտիկայում առաջանում են մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, օրենքով սահմանված չէ նպաստի իրավունք տվող նվազագույն աշխատանքային ստաժ, որի արդյունքում անձին, կարող է նշանակվել եւ վճարվել նպաստ, օրինակ, ընդամենը մեկ օր աշխատելու (անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու) դեպքում: Այնինչ, ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարումների վրա հիմնված նպաստ է:

Միաժամանակ, օրենսդրությամբ կարգավորված չէ փոխնակ (սուրոգատ) մոր եւ փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մոր հղիության ու ծննդաբերության նպաստի իրավունքը:

Խնդրո առարկա է նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը: Մասնավորապես, միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմք է ընդունվում նաեւ վարձու աշխատողին վճարված պարգեւատրումները:

Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ վարձու աշխատողին վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը ավելի բարձր է լինում, քան այն աշխատավարձը, որը անձը կստանար, եթե ներկայանար աշխատանքի:

Գործնականում կան նաեւ դեպքեր, երբ ժամանակավոր անաշխատունակության նախորդող ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարվում են պարգեւատրումներ՝ արհեստականորեն մեծացնելով միջին աշխատավարձի (նպաստի) չափը:

Վերը նշվածը չի բխում ժամանակավոր անաշխատունակության նպաստի էությունից, այն է՝ փոխհատուցել ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է.

1) սահմանել ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք տվող աշխատանքային ստաժի նվազագույն տեւողություն՝ ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվան նախորդող 6 օրացուցային ամիս կամ ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու ամսվան նախորդող 24 ամսվա ընթացքում առնվազն 12 օրացուցային ամիս,

2) նպաստի իրավունք տրամադրել նաեւ փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը),

3) միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը սահմանելու իրավունք վերապահել ՀՀ կառավարությանը՝ միջին աշխատավարձը հաշվարկելով ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող քսանչորս օրացուցային ամիսների ընթացքում ստացած եկամտից (առաջարկվում է միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող քսանչորս հերթական օրացուցային ամիսների եկամտում հաշվի չառնել այն եկամուտները, որոնք վճարվել են կոնկրետ իրավիճակից (հանգամանքներից) ելնելով, մասնավորապես, պարգեւատրումները եւ այլն):

ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով առաջարկվում է.

1) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք տրամադրել նաեւ փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը),

2) սահմանել, որ այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է միմյանց հաջորդող առնվազն երեք ոչ աշխատանքային (տոնական, հիշատակի, հանգստյան) օրերից որեւէ մեկի ընթացքում, ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով,

3) սահմանել, որ եթե օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը ցածր են տվյալ պահին գործող նվագագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա հիմք են ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքը կհամապատասխանեցվի նպաստի էությանը: