Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4152-12.12.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ Ա ԵՎ Բ ԿԵՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վրա, որոնք մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին (ըստ հաշվառման վայրի հարկային տեսչություն) կներկայացնեն (կամ արդեն ներկայացրել են) ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ձեւի (ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ԱԱՀ հաշվարկ) ԱԱՀ-ի հաշվարկ:

Հոդված 2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձիք ազատվում են մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների (հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների) վճարումից:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի Ա եւ Բ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործարքների մասով արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության


Նախագծի անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ֆիզիկական անձինք մեծամասամբ չեն կարողանում կանխատեսել նախկինում իրենց կողմից լիազորագրերի հիման վրա տրված (վաճառքի նպատակով տրված լիազորագրեր), կամ օտարված գույքի գործարքները (նոտարական վավերացմամբ կատարված առ ու վաճառքի պայմանագրեր), որոնք փաստացի կարող են դառնալ մեկ օրացույցային տարում իրարից անկախ պայմաններում կարող են դառնալ տվյալ ֆիզիկական անձի համար երկրորդ եւ ավելի անգամ օտարման փաստ:

Հատկանշական է որ պետական գրանցում իրականացնող մարմինը չի իրազեկում, կամ նման պարտականություն չի վերցնում իր վրա գործարք իրականացնող քաղաքացիներին իրազեկել կամ տրամադրել տեղեկատվություն, որ վերջիններիս կողմից իրականացվող գործարքը կարող է համարվել մեկ օրացույցային տարում կատարված երկրորդ եւ ավելի անգամ իրականացված, որի պայմաններում քաղաքացին պետք է գործարքին հաջորդող եռամսյակն ավարտվելուց հետո հարկային մարմին (իր հաշվառման վայրի հարկային կամ տարածքային հարկային տեսչություն) ներկայացնի ԱԱՀ-ի հաշվարկ:

Այսպիսով ֆիզիկական անձը տվյալ տարում իրեն համարելով մեկ գույքի օտարման գործարք իրականացնող անակնկալի է գալիս, երբ իրավասու մարմինը ծանուցում է ուղարկում առ այն, որ տվյալ տարում իր կողմից գույքի օտարման իրականացված գործարքները երկու եւ ավելի են եւ այդ մասով ինքը համարվում է ԱԱՀ-ի հարկային պարտավորություն կրող: Հարկային մարմինների կողմից տարաբնույթ բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքացիների որոշ մասը պատրաստակամություն են հայտնում կատարել վճարումները, սակայն երբ տեղեկանում են <Հարկերի մասին> ՀՀ օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածների հիմքով հաշվարկված տույժերի եւ տուգանքների մասին (տույժերն ու տուգանքները մեծամասամբ գերազանցում են հարկի գումարը, շատ դեպքերում կրկնակի անգամ) մեծամասամբ չեն կատարում նույնիսկ հաշվարկված եւ վճարման ենթակա գումարները, դրանով իսկ դժվարացնելով բյուջե հարկի գումարների հավաքագրումը:

Հաշվի առնելով, որ նշված խմբի անձինք չեն համարվում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող եւ եկամուտ հետապնդող, ապա անհրաժեշտություն է առաջանում այս մասով արտոնության կիրառմանը, որն էլ կնպաստի ԱԱՀ-ի հարկային պարտավորություն կրող անձանց կողմից հաշվարկների ներկայացման եւ հաշվարկված հարկերի վճարմանը:

Անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից:>

Նախատեսվող փոփոխությունների արդիականությունը կայանում է նրանում, որ ՀՀ-ում առկա են գրանցված անհատ ձեռնարկատերեր, որոնց նկատմամբ կիրառելով վերոնշյալ օրենքի դրույթը (2006-2008թ դեկտեմբերի 31-ը կիրառված արտոնություն) դեռեւս անավարտ է մնացել վերջիններիս ունեցած պարտավորությունների (սոցիալական ապահովության վճար) զիջման գործընթացը, քանի որ պայմանականորեն զիջվել է դեռեւս 1999 թվականին գրանցված անհատ ձեռնարկատիրոջ եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարները մինչեւ 2008թ-ի դեկտեմբերի 31-ը, սակայն մնացել են 2009թ-ից մինչեւ 2012թ-ը նույն կերպ հաշվարկված պարտավորություններ: Այս օրենքի փոփոխությամբ կարող են հանվել հաշվառումից բավականին մեծ գումարներ, որոնք կուտակվել են այն պարզ պատճառով, որ ընդունված եւ գործող օրենքը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ մաքրել կուտակված նվազագույն գումարները: