Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 16-րդ հոդվածի առաջին պարբերությունում «օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ օտարերկրացիներ)» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածի վերջին պարբերությունում «օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց» բառերը փոխարինել «օտարերկրացիների» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «կարգը խախտելը» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված ժամկետից դուրս Հայաստանի Հանրապետությունում գտնվելը» բառերով.
2) 3-րդ մասը «օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայությունը)»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Անհրաժեշտությունը
Սույն նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային օրենսդրության համահունչությունը, տերմինաբանական հստակեցումը եւ իրավակիրառ պրակտիկայի բարելավումն ապահովելու նպատակով` օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների խախտումները կանխելու համար: Անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ` Ծրագիր) 7.4.2 կետով:
Ընթացիկ վիճակը եւ խնդիրները
Թեեւ 2011թ.-ի նոյեմբերի 30-ին ընդունված օրենքով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքում, որոնք ուժի մեջ են մտել 2012թ.-ի հունիսի 1-ից, բայց միգրացիոն օրենսդրությանը վերաբերող որոշ իրավախախտումներ կարիք ունեն հստակեցվելու կամ մանրամասնեցվելու եւ հետեւաբար ուղղակիորեն ամրագրվելու ՀՀ ՎԻՎ օրենսգրում:
Այսպես, տերմինաբանական անճշտությունից խուսափելու նպատակով առաջարկվում է ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 16-րդ եւ 23-րդ հոդվածներում «օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք» եւ «օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց» բառերը փոխարինել «օտարերկրացիներ» եւ «օտարերկրացիների» բառերով: Քանի որ «Օտարերկրացի» եզրույթը նախատեսված է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում, որի համաձայն «Սույն օրենքով «օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որեւէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք):» Քանի որ ՀՀ ՎԻՎ 201-րդ հոդվածում կիրառվում է «օտարերկրացի» եզրույթը, հետեւաբար անհրաժեշտ է ՀՀ ՎԻՎ-ի տերմինաբանությունը միասնականացնել: Բացի այդ, միեւնույն իրավական ակտում նույն տերմինի երկիմաստ կիրառումը կառաջացնի բարդություններ իրավակիրառ պրակտիկայում: Հետեւաբար, տերմինների հստակեցման տեսանկյունից նման փոփոխությունն իրականացնելը հիմնավորված է եւ անհրաժեշտ:
Բացի այդ, ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի դեսպոզիցիայում անհրաժեշտ է ավելացնել «կամ օրենքով սահմանված ժամկետից դուրս Հայաստանի Հանրապետությունում գտնվելը» բառակապակցությունը, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկության կարգը խախտելը» մասամբ է ներառում սահմանված ժամկետից դուրս Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքերը, մասնավորապես հաշվի առնելով, որ մի շարք պետությունների` օրինակ` ԱՊՀ անդամ պետությունների, քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են առանց փաստաթղթերի հատուկ ձեւակերպման եւ միայն իր պետության վավերական անձնագրի առկայությունը բավարար է ՀՀ-ում գտնվելու համար, քանի որ վիզա անհրաժեշտ չէ: Այս փոփոխությունն ուղղակիորեն ամրագրված է Ծրագրի 7.4.2. կետով:
ՎԻՎ օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասում «աշխատանքի ընդունելը» բառերից հետո «կամ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայությունը)» բառերը լրացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «աշխատանքի ընդունելը» ենթադրում է աշխատանքային պայմանագրի կնքումը, աշխատողին հրամանագրելը, դրա հիման վրա եւ օրենքով սահմանված կարգով աշխատանքային գրքույկում գրանցում կատարելը, ինչպես նաեւ այլ գործողությունների կատարումը, այնինչ օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք հաճախ չեն գրանցվում որպես աշխատող եւ նշված դրույթի կիրառման համար անհրաժեշտ կլիներ ապացուցել, որ առկա են եղել աշխատանքային հարաբերություններ գործատուի եւ օտարերկրացու միջեւ, ինչը հնարավոր կլինի ապացուցել միայն Աշխատանքի պետական տեսչության կողմից արձանագրված «չգրանցված զբաղվածության» դեպքում, ինչը նույնպես բարդ եւ տեւական գործընթաց է: Մասնավորապես համակցությամբ վերլուծելով «Ստուգումների մասին» եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքները, կարելի է ասել, որ 3 օր առաջ նախապես զգուշացնելով ստուգումներ կատարելը հիմնականում արդյունքի չի բերում եւ չի բացահայտում որոշ իրավախախտումներ: Նման բարդություններից խուսափելու համար բավարար է քննարկվող մասում ավելացնել «կամ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայությունը)» բառակապակցությունը, ինչը կընդլայնի փոփոխվող նորմի կիրառման շրջանակը, եւ նորմը կտարածվի նաեւ չգրանցված աշխատողների վրա:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 201-րդ հոդվածը եւ տերմինաբանական հստակեցում իրականացնել 16-րդ եւ 23-րդ հոդվածներում, որով կլուծվեն վերը նշված խնդիրներն ու բացերը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը համահունչ դարձնել այլ իրավական ակտերի հետ, բացի այդ իրականացվում է Ծրագրի 7.4.2 կետը: