Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ`
1.Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երեւան քաղաքից,
2. Այլ հանրապետություններից բռնադատվածներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երեւան քաղաքից:
Վերջին երեք տարիներին Երեւան քաղաքում մշտապես բնակվող եւ մինչեւ 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնակավայրերում:
Բռնադատվածներին սեփականության իրավունքով անհատույց հողամասերը տրամադրվում են մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող բռնադատվածներին սույն հոդվածի առաջին մասով նախատեսված նպատակների համար տրամադրվում է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:
Սույն հոդվածի համաձայն` համայնքների սեփականություն հանդիսացող հողերը սեփականության իրավունքով բռնադատված քաղաքացիներին օտարման եղանակով անհատույց տրամադրելու դեպքերի համար «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի երկրորդ մասով եւ 71-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված դրույթները չեն գործում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: