Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-429-08.01.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Սույն օրենքի նպատակը ոստիկանական պահպանությունը` որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ սահմանելն է, ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտների տարանջատումը, ինչպես նաեւ` ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների եւ ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրության ամրագրումը:

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) պահպանություն - պահպանվող օբյեկտի եւ նրա շրջակայքի դիտում` պահպանվող օբյեկտի նկատմամբ հնարավոր հակաիրավական ոտնձգությունները հայտնաբերելու, կանխելու եւ խափանելու նպատակով.

2) հույժ կարեւոր նշանակության օբյեկտներ – այնպիսի օբյեկտներ, որոնց բնականոն գործունեության ընթացքի խախտումները կարող են բնակչության կյանքի կամ առողջության համար անմիջական ռադիացիոն, հիդրոդինամիկ, քիմիական, հրդեհապայթյունավտանգ եւ այլ սպառնալիք հանդիսանալ.

3) կարեւորագույն նշանակության օբյեկտներ – այնպիսի օբյեկտներ, որոնց պահպանումը երաշխավորում է բնակչության նորմալ կենսագործունեությունը կամ հասարակակական եւ պետական անվտանգությունը.

4) պահպանվող օբյեկտ – սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահպանության ենթակա շենքերը, շինությունները, օբյեկտները, գույքը, անձինք.

5) պահպանության միջոցներ - պահպանվող օբյեկտի անվտանգության ապահովմանն ուղղված ահազանգման միջոցների տեղադրում, շահագործում, սպասարկում, պահպանության պահակակետերի տեղադրում, համապատասխան տարածքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովում, անցագրային եւ նորօբյեկտային ռեժիմի կազմակերպում, հանցագործությունների եւ այլ իրվախախտումների նախականխում ու կանխում, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտի անվտանգության ապահովման նպատակով իրականացվող այլ միջոցառումներ.

6) անցագրային ռեժիմ - պահպանվող օբյեկտ մուտք գործելու (ելք) համար պահպանության միջոցների իրականացում, որոնք բացառում են անձանց, տրանսպորտային միջոցների եւ գույքի անվերահսկելի մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտ hանդիսացող տարածք.

7) ներօբյեկտային ռեժիմ - պահպանվող օբյեկտում գտնվելու համար պահպանության միջոցների իրականացում, որոնք ապահովում են օբյեկտում գտնվող անձանց վարքի համապատասխանությունը նախապես որոշված կանոններին:

ՀՈԴՎԱԾ 3. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Ոստիկանական պահպանությունը սույն օրենքով նախատեսված դեպքերում իրականացվող պարտադիր պետական պահպանության տեսակ է:

2. Ոստիկանական պահպանության ենթակա են.

1) պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերն ու շինությունները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված շենքերի եւ շինությունների.

2) հույժ կարեւոր նշանակության օբյեկտները.

3) կարեւորագույն նշանակության օբյեկտները.

4) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի hամաձայն՝ զենքի արտադրություն, զենքի առեւտուր, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրություն, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծում, արտահանում կամ մեծածախ առեւտուր, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում եւ արտահանում իրականացնելու համար լիցենզիա ստացած առեւտրային կազմակերպությունների (այսուհետ՝ լիցենզավորված կազմակերպություններ) գույքը (շենք, շինություն, պահեստ, փոխադրամիջոց կամ այլ հնարավոր տարածք, որտեղ առկա կլինի լիցենզավորված գործունեության իրականացման հետ կապված թմրամիջոց, հոգեմետ նյութեր եւ դրանց պրեկուրսորներ, զենք կամ ռազմական նշանակության արտադրանք).

5) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննությանը ենթակա քրեական գործերով)` քրեական դատավարությանը մասնակցող անձինք:

3. Ոստիկանական պահպանության ենթակա օբյեկտների եւ գույքի պահպանությունն իրականացվում է մարտական զենքով եւ (կամ) տեսադիտարկման հատուկ տեխնիկական միջոցներով, որոնք միացվում են պահպանության համապատասխան ստորաբաժանումների կենտրոնական պահպանության դիտակետերին՝ ոստիկանական վերակարգերի արագ արձագանքման եւ իրավախախտումների նախականխման, կանխման եւ խափանման նպատակով:

4. Ոստիկանական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, կարեւորագույն եւ հույժ կարեւոր նշանակության օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւորագույն եւ հույժ կարեւոր նշանակության օբյեկտների ցանկը սահմանելիս հիմք է ընդունում դրանց բնականոն գործունեության ընթացքի ցանկացած խախտման դեպքում պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության եւ բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների վտանգման անմիջական սպառնալիքի առկայության հնարավորությունը:

5. Ոստիկանական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, հույժ կարեւոր նշանակության օբյեկտների, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պահպանությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Ոստիկանական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, հույժ կարեւոր նշանակության օբյեկտների պահպանությունն իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) պետի հրամանով:

7. Ոստիկանական պահպանության սակագների հաշվարկման կարգը, տարեկան ծախսերի նորմատիվները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Արգելվում է ոստիկանական պահպանության ենթակա օբյեկտների պահպանության պայմանագրեր կնքել մասնավոր պահնորդական կազմակերպությունների կամ այլ անձանց հետ: Սույն դրույթի խախտմամբ կնքված պայմանագրերն առոչինչ են:

9. Ոստիկանական պահպանության ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումներում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ոստիկանության պահպանության ստորաբաժանման արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման եւ տնօրինման նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ոստիկանական պահպանության ստորաբաժանումն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մատուցել սույն հոդվածի 2-րդ մասով չնախատեսված օբյեկտների պահպանության վճարովի ծառայություններ:

11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված արտաբյուջետային ֆոնդը ձեւավորվում է պայմանագրային հիմունքներով ոստիկանական պահպանության ծառայությունների դիմաց գանձվող վճարներից եւ ծախսվում է ոստիկանական պահպանության ստորաբաժանման համար ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման, սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ ռազմականացված ստորաբաժանման ծառայողի կյանքի եւ առողջության պահպանման համար ապահովագրվավճարների վճարման, ոստիկանական պահպանության ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, պահպանության պայմանագրով նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում պահպանվող օբյեկտին պատճառված վնասի փոխհատուցման, պահպանության ստորաբաժանման շենքերի ու շինությունների, ծառայության պայմանների բարելավման նպատակով: Արտայուջետային ֆոնդը ծախսելու այլ ուղղությունները սահմանվում են արտաբյուջետային ֆոնդի տարեկան նախահաշիվը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 4. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1. Ոստիկանական պահպանության ենթակա՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված օբյեկտների եւ գույքի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն կնքված գրավոր պայմանագրի հիման վրա: Պայմանագրի գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:

2. Ոստիկանական պահպանության ենթակա՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերով սահմանված շենքերի, շինությունների, օբյեկտների եւ անձանց պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` վարչական ակտի հիման վրա, առանց ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքելու:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում կնքվող ոստիկանական պահպանության մասին պայմանագիրը պարունակում է պահպանության միջոցների մասին պլան, տվյալներ ոստիկանական պահպանության ստորաբաժանման ծառայողների, պահակետերի թվաքանակի, տեղաբաշխման, շահագործվող պահպանության տեխնիկական համակարգերի եւ միջոցների ինչպես նաեւ` ոստիկանական պահպանության ստորաբաժանման ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման եղանակների մասին:

4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանագրի գինը որոշելիս հիմք են ընդունվում սույն օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սակագները:

ԳԼՈՒԽ 2.
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 5. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

Ոստիկանական պահպանության ստորաբաժանումը ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է: Հիմնարկն ընդգրկում է ոստիկանական պահպանության ստորաբաժանման վարչական մասը, պահպանության տարածքային շարային ստորաբաժանումները եւ ոստիկանության ռազմականացված ստորաբաժանումները:

ՀՈԴՎԱԾ 6. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԸ

1. Ռազմականացված ստրաբաժանման ծառայողը աշխատանքային պայմանագրով ոստիկանական պահպանության ստորաբաժանման կազմում ծառայության անցած անձն է:

2. Ռազմականացված ստորաբաժանման կազմում ծառայության անցնել չի կարող այն անձը՝

1) որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

2) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաuի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մաuով նախատեuված դեպքերի.

3) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) որը որպես թմրամոլ, ալկոհոլամոլ կամ հոգեկան հիվանդ գտնվում է հաշվառման մեջ բժշկական կազմակերպությունում.

5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

6) որը ծառայողական իրավախախտումների համար ազատվել է ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից, պաշտպանության նախարարության համակարգից, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, քրեակատարողական ծառայությունից, փրկարար ծառայությունից եւ ազատման օրվանից մեկ տարուց պակաս ժամանակ է անցել.

7) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

8) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար եւ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ:

3. Ռազմականացված ստրաբաժանման ծառայողը կրում է հատուկ համազգեստ, ունի վկայական, որոնց ձեւերը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:

4. Ռազմականացված ստորաբաժանման ծառայողի կյանքն ու առողջությունը ապահովագրվում է դժբախտ պատահարներից: Ապահովագրավճարները վճարվում են ոստիկանական պահպանության ծառայություններից ստացվող արտաբյուջետային միջոցներից:

ՀՈԴՎԱԾ 7. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

1. Ոստիկանական պահպանության ստորաբաժանման ծառայողի լիազորություններն են.

1) անձանցից պահանջել կատարելու իր լիազորություններից բխող օրինական պահանջները.

2) պահպանվող օբյեկտի աշխատակիցներից, պաշտոնատար եւ այլ անձանցից պահանջել անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմի պահպանում, արգելել անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմին չենթարկվող անձանց մուտքը պահպանվող օբյեկտ, վնասազերծել պահպանվող օբյեկտ ներխուժող, ներխուժած անձանց, եթե այդ անձինք ցուցաբերում են անհնազանդություն կամ դիմադրություն եւ նրանց հանձնել ոստիկանության համապատասխան ստորաբաժանում.

3) պահպանվող օբյեկտում անցագրային ռեժիմ կիրառելիս իրականացնել քաղաքացիների անձնական եւ նրանց մոտ գտնվող իրերի զննություն, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ` պահպանվող օբյեկտ մուտքի, ելքի (այդ թվում` տրանսպորտային միջոցով), գույք տեղափոխելու իրավունք տվող թույլտվություններ.

4) իրականացնել պահպանվող օբյեկտ մուտք գործող կամ պահպանվող օբյեկտից դուրս եկող տրանսպորտային միջոցների զննություն.

5) կատարել պահպանվող օբյեկտի նկատմամբ կամ պահպանվող օբյեկտում իրավախախտում կատարած անձանց վնասազերծում, անձնական զննություն եւ նրանց հանձնել ոստիկանության համապաստախան ստորաբաժանում.

6) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն.

7) պահպանության տեխնիկական համակարգերի նախագծումը, մոնտաժը, տեխնիկական սպասարկումը, ինչպես նաեւ կենտրոնացված պահպանության դիտակետերի շահագործումը:

2. Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` քրեական դատավարությանը մասնակող անձանց պաշտպանության միջոցները ոստիկանական պահպանության ստորաբաժանման կողմից իրականացնելու կարգն ու պայմանները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ԳԼՈՒԽ 3.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՈԴՎԱԾ 8. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

1. Ոստիկանական պահպանության ստորաբաժանման հետ ոստիկանական պահպանության ենթակա կարեւորագույն նշանակության օբյեկտների կամ լիցենզավորված կազմակերպությունների կողմից ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքելուց խուսափելու դեպքում ոստիկանական պահպանության ստորաբաժանումն իրավունք ունի դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիականան օրենսգրքի 461-րդ հոդվածին համապատասխան պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջով: Պայմանագիր կնքելուց անհիմն խուսափող կազմակերպությունները պարտավոր են պետությանը հատուցել դրանով պատճառված վնասները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզավորված կազմակերպությունների կողմից ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքելուց խուսափելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մինչեւ համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Ոստիկանական պահպանության ստորաբաժանման ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 9. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՈԴՎԱԾ 10. ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված լիցենզավորված կազմակերպությունները պարտավոր են ոստիկանական պահպանության ստորաբաժանման հետ ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքել մինչեւ 2014 թվականի հունիսի 1-ը:

2. Ոստիկանական պահպանության ենթակա՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված լիցենզավորված կազմակերպությունների գույքի պահպանության պայմանագիրը կնքվում է միայն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում լիցենզավորված գործունեության իրականացման հետ կապված թմրամիջոցները, հոգեմետ նյութերը կամ դրանց պրեկուրսորները, զենքը կամ ռազմական նշանակության արտադրանքը փաստացի առկա են ոստիկանական պահպանության ենթակա շենքում, շինությունում, պահեստում, փոխադրամիջոցում կամ այլ հնարավոր տարածքում:

ՀՈԴՎԱԾ 11. ՖԻԶԻԿԱԿԱՆ եւ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Ոստիկանական պահպանության ստորաբաժանումը սույն օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գործառույթն իրավունք ունի իրականացնել մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» եւ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանական պահպանության մասին» եւ դրա ընդունմամբ պայմանավորված` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման պահանջներից:

Օբյեկտների եւ գույքի ոստիկանական պահպանության հետ կապված իրավահարաբերությունները օրենսդրորեն գրեթե կարգավորված չեն: “Ոստիկանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքն ամրագրում է միայն մեկ իրավադրույթ /հոդված 15/, որն անբավարար է հիշյալ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար: Մասնավորապես, հոդվածում խոսքը գնում է կազմակերպությունների ու քաղաքացիների գույքի պահպանության մասին, տրված չէ պետական պահպանության հասկացությունը:

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածն անուղղակիորեն թույլատրելի է համարում գույքի պետական պահպանությունն այլ կազմակերպությունների կողմից եւս, ոստիկանության համար սահմանում հիշյալ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավաբանորեն անորոշ լիազորություն:

Խնդիրներ են առաջացել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված` ինչպես պետական մարմինների շինությունների, այնպես էլ կարեւորագույն նշանակության օբյեկտների ոստիկանական պահպանության իրականացման գործընթացներում:

Բացի այդ` օրենսդրորեն սահմանված չէ պետական պահպանության համակարգի մեջ մտնող ռազմականացված ստորաբաժանումների հասկացությունը, չկան այդ տորաբաժանումներում ծառայություն անցնելու համար նախատեսված պահանջներ կամ սահմանափակումներ, ռազմականացված ստորաբաժանման ծառայողի կյանքն ու առողջությունը ապահովագրված չէ, բացակայում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ ռազմականացված ստորաբաժանման ծառայողի իրավունքներն ու պարտականությունները օբյեկտների պահպանությունն իրականացնելիս:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի նպատակը ոստիկանական պահպանությունը` ՀՀ օրենքով որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ սահմանելն է, ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտների տարանջատումը, ոստիկանական պահպանության ոլորտին առնչվող հարաբերությունների հստակ կանոնակարգումը, ինչպես նաեւ մասնավոր պահնորդական լիցենզավորված կազմակերպությունների կայացման ներկայիս փուլից պատշաճ շուկայի ձեւավորմանը սահուն անցում կատարելուն նպաստելը:

Օրենքի նախագծով սահմանվում է ոստիկանական պարտադիր պահպանության ենթակա օբյեկտների 5 խումբ` պետական մարմինների շենքեր եւ շինություններ, հույժ կարեւոր նշանակության օբյեկտներ, կարեւորագույն նշանակության օբյեկտներ, լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներով զբաղվող կազմակերպությունների գույք (զենքի, թմրամիջոցների, պրեկուրսորների շրջանառության ոլորտ, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում) եւ քրեական դատավարությանը մասնակցող անձինք:

Ընդ որում, կարեւորագույն նշանակության օբյեկտների եւ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գույքի պահպանությունն իրականացվելու է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն կնքվող գրավոր պայմանագրի հիման վրա, իսկ պահպանության ենթակա մյուս օբյեկտների պահպանությունն իրականացվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կարեւորագույն նշանակության օբյեկտների եւ լիցենզավորման ենթակա որոշակի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գույքի պահպանությունը ոստիկանության կողմից պարտադիր իրականացնելը պայմանավորված է նախ` հանրության առողջության եւ հասարակական անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությամբ: Բացի այդ, նշված օբյեկտները պետության հսկողությունից ամբողջությամբ հանելը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգության շահերին, նպաստել հանցագործությունների թվի աճին, մասնավորապես տեռորիստական ակտերի, ինչպես նաեւ պետության դեմ ուղղված այլ ծանր հանցագործությունների կատարմանը:

Օրինագծով սահմանվում է նաեւ, որ մինչեւ 2018 թվականը ոստիկանությունը պահպանություն կարող է իրականացվել նաեւ մասնավոր այլ ոլորտներում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս մասնավոր պահնորդական լիցենզավորված կազմակերպությունների գործունեությունը եւ դրա իրավական կարգավորման մեխանիզմները դեռեւս կայացման եւ անցումային փուլում են: Մինչեւ 2018 թվականը, մասնավոր պահնորդական համակարգի կայացմանը զուգահեռ ՀՀ ոստիկանությունը աստիճանաբար կդադարեցնի մասնավոր հատվածում պահպանություն իրականացնելու գործառույթները եւ իր գործունեությունը կծավալի միայն ոստիկանական պահպանությանը ենթակա օրենքով նախատեսված ոլորտներում:

«Ոստիկանական պահպանության մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվում ընդունել պարտադիր պահպանության ենթակա օբյեկտների ցանկը, եւ սահմանել այն չափորոշիչները, որոնցով ղեկավարվելու է կառավարությունը այդ օբյեկտները ցանկում ներառելու համար:

Օրենքով սահմանվելու են նաեւ պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի լիազորությունները, ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը, նրանց գործունեության համար անհրաժեշտ իրավական եւ սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ ջոկատի անդամի թեկնածուին առաջադրվող պահանջները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական պահպանության ստորաբաժանումները հանդիսանում են պահպանության ոլորտի մասնագիտացված կառույցներ, պետական պահպանության ստորաբաժանումներին վերապահվել է նաեւ քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության գործառույթը: Հիշյալ գործառույթը ներկայումս ոստիկանության որեւէ ստորաբաժանման վրա դրված չէ եւ այն կհանդիսանա ոստիկանական պահպանության հիմնական լիազորություններից մեկը: Պաշտպանության միջոցներն իրականացվելու են բացառապես բյուջետային միջոցների հաշվին` անկախ քրեական գործերի քննչական ենթակայությունից /բացառություն կարող է կազմել ազգային անվտանգության ծառայության քննիչների որոշումների հիման վրա իրականացվող պաշտպանության միջոցների կիրառումը/:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր եւ իրավաբանական վարչությունների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Ոստիկանական պահպանության մասին» եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ոստիկանական պահպանությունը կսահմանվի որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, կտարանջատվեն ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտները, աստիճանաբար կսահամափակվի ոստիկանության ներգրավվածությունը մասնավոր օբյեկտների պահպանության շուկայում, կհստակեցվեն ոստիկանական պահպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, օրենքով կամրագրվի ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների եւ ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը, կերաշխավորվի կարեւորագույն նշանակության օբյեկտների պարտադիր պահպանությունը: