Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4291-08.01.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապահովել օբյեկտների պետական պահպանությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» եւ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանական պահպանության մասին» եւ դրա ընդունմամբ պայմանավորված` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման պահանջներից:

Օբյեկտների եւ գույքի ոստիկանական պահպանության հետ կապված իրավահարաբերությունները օրենսդրորեն գրեթե կարգավորված չեն: “Ոստիկանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքն ամրագրում է միայն մեկ իրավադրույթ /հոդված 15/, որն անբավարար է հիշյալ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար: Մասնավորապես, հոդվածում խոսքը գնում է կազմակերպությունների ու քաղաքացիների գույքի պահպանության մասին, տրված չէ պետական պահպանության հասկացությունը:

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածն անուղղակիորեն թույլատրելի է համարում գույքի պետական պահպանությունն այլ կազմակերպությունների կողմից եւս, ոստիկանության համար սահմանում հիշյալ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավաբանորեն անորոշ լիազորություն:

Խնդիրներ են առաջացել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված` ինչպես պետական մարմինների շինությունների, այնպես էլ կարեւորագույն նշանակության օբյեկտների ոստիկանական պահպանության իրականացման գործընթացներում:

Բացի այդ` օրենսդրորեն սահմանված չէ պետական պահպանության համակարգի մեջ մտնող ռազմականացված ստորաբաժանումների հասկացությունը, չկան այդ տորաբաժանումներում ծառայություն անցնելու համար նախատեսված պահանջներ կամ սահմանափակումներ, ռազմականացված ստորաբաժանման ծառայողի կյանքն ու առողջությունը ապահովագրված չէ, բացակայում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ ռազմականացված ստորաբաժանման ծառայողի իրավունքներն ու պարտականությունները օբյեկտների պահպանությունն իրականացնելիս:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի նպատակը ոստիկանական պահպանությունը` ՀՀ օրենքով որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ սահմանելն է, ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտների տարանջատումը, ոստիկանական պահպանության ոլորտին առնչվող հարաբերությունների հստակ կանոնակարգումը, ինչպես նաեւ մասնավոր պահնորդական լիցենզավորված կազմակերպությունների կայացման ներկայիս փուլից պատշաճ շուկայի ձեւավորմանը սահուն անցում կատարելուն նպաստելը:

Օրենքի նախագծով սահմանվում է ոստիկանական պարտադիր պահպանության ենթակա օբյեկտների 5 խումբ` պետական մարմինների շենքեր եւ շինություններ, հույժ կարեւոր նշանակության օբյեկտներ, կարեւորագույն նշանակության օբյեկտներ, լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներով զբաղվող կազմակերպությունների գույք (զենքի, թմրամիջոցների, պրեկուրսորների շրջանառության ոլորտ, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում) եւ քրեական դատավարությանը մասնակցող անձինք:

Ընդ որում, կարեւորագույն նշանակության օբյեկտների եւ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գույքի պահպանությունն իրականացվելու է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն կնքվող գրավոր պայմանագրի հիման վրա, իսկ պահպանության ենթակա մյուս օբյեկտների պահպանությունն իրականացվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կարեւորագույն նշանակության օբյեկտների եւ լիցենզավորման ենթակա որոշակի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գույքի պահպանությունը ոստիկանության կողմից պարտադիր իրականացնելը պայմանավորված է նախ` հանրության առողջության եւ հասարակական անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությամբ: Բացի այդ, նշված օբյեկտները պետության հսկողությունից ամբողջությամբ հանելը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգության շահերին, նպաստել հանցագործությունների թվի աճին, մասնավորապես տեռորիստական ակտերի, ինչպես նաեւ պետության դեմ ուղղված այլ ծանր հանցագործությունների կատարմանը:

Օրինագծով սահմանվում է նաեւ, որ մինչեւ 2018 թվականը ոստիկանությունը պահպանություն կարող է իրականացվել նաեւ մասնավոր այլ ոլորտներում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս մասնավոր պահնորդական լիցենզավորված կազմակերպությունների գործունեությունը եւ դրա իրավական կարգավորման մեխանիզմները դեռեւս կայացման եւ անցումային փուլում են: Մինչեւ 2018 թվականը, մասնավոր պահնորդական համակարգի կայացմանը զուգահեռ ՀՀ ոստիկանությունը աստիճանաբար կդադարեցնի մասնավոր հատվածում պահպանություն իրականացնելու գործառույթները եւ իր գործունեությունը կծավալի միայն ոստիկանական պահպանությանը ենթակա օրենքով նախատեսված ոլորտներում:

«Ոստիկանական պահպանության մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվում ընդունել պարտադիր պահպանության ենթակա օբյեկտների ցանկը, եւ սահմանել այն չափորոշիչները, որոնցով ղեկավարվելու է կառավարությունը այդ օբյեկտները ցանկում ներառելու համար:

Օրենքով սահմանվելու են նաեւ պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի լիազորությունները, ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը, նրանց գործունեության համար անհրաժեշտ իրավական եւ սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ ջոկատի անդամի թեկնածուին առաջադրվող պահանջները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական պահպանության ստորաբաժանումները հանդիսանում են պահպանության ոլորտի մասնագիտացված կառույցներ, պետական պահպանության ստորաբաժանումներին վերապահվել է նաեւ քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության գործառույթը: Հիշյալ գործառույթը ներկայումս ոստիկանության որեւէ ստորաբաժանման վրա դրված չէ եւ այն կհանդիսանա ոստիկանական պահպանության հիմնական լիազորություններից մեկը: Պաշտպանության միջոցներն իրականացվելու են բացառապես բյուջետային միջոցների հաշվին` անկախ քրեական գործերի քննչական ենթակայությունից /բացառություն կարող է կազմել ազգային անվտանգության ծառայության քննիչների որոշումների հիման վրա իրականացվող պաշտպանության միջոցների կիրառումը/:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր եւ իրավաբանական վարչությունների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Ոստիկանական պահպանության մասին» եւ դրա ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ոստիկանական պահպանությունը կսահմանվի որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, կտարանջատվեն ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտները, աստիճանաբար կսահամափակվի ոստիկանության ներգրավվածությունը մասնավոր օբյեկտների պահպանության շուկայում, կհստակեցվեն ոստիկանական պահպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, օրենքով կամրագրվի ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների եւ ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը, կերաշխավորվի կարեւորագույն նշանակության օբյեկտների պարտադիր պահպանությունը: