ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքով սահմանվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալների, պատճառների, պայմանների եւ հետեւանքների, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, ուսումնասիրություն իրականացնելու, զեկույցներ ներկայացնելու համար ստեղծվող հանձնաժողովի (այսուհետեւ՝ Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով կամ Հանձնաժողով) կազմավորման եւ գործունեության, լիազորությունների, ինչպես նաեւ Հանձաժողովի անդամների առաջադրման, նշանակման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը
1. Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ինքնավար մարմին է:
2. Հանձնաժողովի գտնվելու վայրը Երեւան քաղաքն է:
3. Հանձնաժողովը ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով եւ գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ իրավական ակտերի, իր կանոնադրության հիման վրա եւ ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 3. Հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության նպատակն ու խնդիրները
1. Հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության նպատակն է սույն օրենքով սահմանված իր խնդիրների լուծման միջոցով նպաստել հանրային համերաշխության ձեւավորմանն ու հայոց պետականության ամրապնդմանը, որպես Սահմանադրությամբ նախատեսված հիմնարար նշանակության հանրային շահ, ինչպես նաեւ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների ապահովման կարեւոր երաշխիք:
2. Հանձնաժողովի խնդիրներն են ուսումնասիրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին (այսուհետեւ՝ պատերազմ) առնչվող դեպքերն ու իրադարձությունները: Այդ թվում.
1) Բացահայտել եւ ամբողջացնել պատերազմի քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական նախադրյալները, արտաքին քաղաքականության երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների, բանակցային գործընթացի ձախողման, ինչպես նաեւ հայկական կողմի անհաջողությունների պատճառներն ու պայմանները,
2) Ուսումնասիրել եւ գնահատել պատերազմը կանխելու, պատերազմի փաստով պայմանավորված պատերազմ չհայտարարելու, պատերազմին դիմագրավելու հարցում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի, ինչպես նաեւ դրա առանձին միավորների՝ կառավարության, կառավարության անդամների, վարչապետի, պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի, ազգային անվտանգության ծառայության, ազգային անվտանգության խորհրդի կողմից ձեռնարկված գործողությունների համարժեքությունը ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ պատերազմը հայկական կողմի համար առավել նպաստավոր պայմաններով դադարեցնելու հնարավորությունները եւ դրանք չիրացնելու պատճառները,
3) Ուսումնասիրել եւ գնահատել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, ինչպես նաեւ դրանից հետո հայկական կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքների՝ ադրբեջանական վերահսկողությանը անցնելու փաստական հանգամանքներն ու ձեռնարկված գործողությունների օրինականությունը, իրավաչափությունն ու համաչափությունը,
4) Գնահատել պատերազմի ժամանակ «Ռազմական դրություն հայտարարելու իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Պետության ու պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանին փոխադրման պլանի» կատարման, պատերազմական գործողությունների վարման ու վերահսկման ընթացքը,
5) Գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից պետությունն ու հասարակությունը մոբիլիզացնելու, զինված ուժերի զորահավաքային խնդիրների կատարմանը աջակցելու, մարտական գործողությունների վայրերում եւ թիկունքում օրինականություն հաստատելու, հասարակական կարգը պահպանելու, մարտական առաջադրանքներից զանգվածաբար խուսափելու դեպքերը կանգնեցնելու համար ռազմական դրության իրավական ռեժիմը ապահովող մարմինների՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության, դատախազության, քննչական մարմինների, փրկարար ծառայության եւ այլ լիազոր մարմինների գործունեությունը,
6) Գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միասնական կառավարման համակարգի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հիմնական եւ պահեստային կառավարման կետերի զբաղեցման, դրանց գործունեության փոխգործակցության եւ վերահսկման մեխանիզմների աշխատանքը,
7) Վերհանել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, Ադրբեջանի զինված ուժերի հնարավոր գործողությունների բնույթի, հարձակման գլխավոր ուղղության բացահայտման, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համարժեք վերախմբավորումների առաջնային ղեկավարման կետերի ձեւավորման ու աշխատանքի, ինչպես նաեւ այդ ուղղություններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համակողմանի աջակցության, պաշտպանական բնագծերի կահավորման խոչընդոտներն ու թերությունները,
8) Աջակցել պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, ինչպես նաեւ այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց կողմից միջազգային իրավունքով սահմանված ենթադրյալ հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ու այդպիսի հանցանքներ կատարած անձանց՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն,
9) Նպաստել պատերազմին նախորդող եւ հաջորդող, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց բացահայտմանը եւ նրանց՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն,
10) Գնահատել Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը պատերազմի հետեւանքով պատճառված ռազմական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր-մշակութային կորուստներն ու վնասները,
11) Ամբողջացնել պատերազմի հետեւանքով զոհված (մահացած) անձանց տվյալները, ուսումնասիրել զոհվելու (մահանալու) հանգամանքների պարզման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները,
12) Աջակցել պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների ամբողջացմանը,
13) Աջակցել գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամբողջացմանը եւ նրանց հայրենիք վերադարձնելուն,
14) Ամբողջացնել պատերազմի հետեւանքով վնասվածքներ ստացած անձանց, ինչպես նաեւ գույքային վնասներ կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տվյալները,
15) Ներկայացնել առաջարկություններ եւ իրականացնել դրանց իրացման գործընթացի մոնիթորինգ,
16) Սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել զեկույցներ Ազգային ժողովին եւ հանրությանը:
Հոդված 4. Հանձնաժողովի գործունեության սկզբունքները
1. Հանձնաժողովը գործում է անձանց իրավունքների եւ արժանապատվության հարգման եւ պաշտպանության, անկախության, օբյեկտիվության եւ անկողմնակալության, քաղաքական չեզոքության, կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության եւ թափանցիկության, համագործակցության սկզբունքների հիման վրա:
Հոդված 5. Անձանց իրավունքները եւ արժանապատվությունը հարգելը եւ պաշտպանելը
1. Հանձնաժողովը պարտավոր է հարգել անձանց իրավունքներն ու արժանապատվությունը:
2. Ենթադրյալ խախտումներ կատարած, դեպքերին եւ իրադարձություններին որեւէ կերպ ներգրավված, տուժած, վկայություն տվող, ինչպես նաեւ այլ անձինք չեն կարող ենթարկվել պատասխանատվության Հանձնաժողովին հայտնած տեղեկությունների համար, եթե նրանց արարքներում առկա չեն հանցագործության հատկանիշներ:
Հոդված 6. Անկախությունը
1. Հանձնաժողովը անկախ է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել Հանձնաժողովի կամ նրա անդամի անկախությունը:
3. Հանձնաժողովի կամ նրա անդամի՝ սույն օրենքից բխող գործունեությանը խոչընդոտելը կամ դրան որեւէ միջամտությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 7. Օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը
1. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում բոլոր ուսումնասիրություննները պետք է իրականացնի եւ դրանց շրջանակում բոլոր փաստաթղթերը, նյութերը, տվյալները, վկայությունները եւ դրանցով հաստատվող կամ հերքվող փաստական հանգամանքները պետք է քննի, ուսումնասիրի, հետազոտի օբյեկտիվորեն եւ անկողմնակալ՝ առանց որեւէ փաստի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի:
2. Հանձնաժողովին հայտնի դարձած որեւէ փաստ նախապես հաստատված փաստի ուժ չունի:
Հոդված 8. Քաղաքական չեզոքությունը
1. Հանձնաժողովը, Հանձնաժողովի անդամը, Հանձնաժողովի ցանկացած աշխատող եւ փորձագետ իր լիազորությունն իրականացնելիս պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն:
Հոդված 9. Կոլեգիալությունը
1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում եւ որոշումներն ընդունում է կոլեգիալ:
Հոդված 10. Ֆինանսական ինքնուրույնությունը
1. Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Կառավարություն է ներկայացնում Հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (պետական բյուջեով Հանձնաժողովի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
2. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարության կողմից առարկությունների դեպքում՝ Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ներկայացվում է Ազգային ժողով՝ պետական բյուջեի նախագծի հետ:
3. Հանձնաժողովի ֆինանսավորումը պետք է բավարարի Հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների լուծման համար:
4. Պետական բյուջեի ծախսային մասում Հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:
Հոդված 11. Հանրային հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը
1. Հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված կարգով իր պաշտոնական կայքէջում տեղադրում, ինչպես նաեւ հաղորդման ձեւով Ազգային ժողովին է ներկայացնում սույն օրենքով նախատեսված զեկույցները:
2. Հանձնաժողովի բոլոր անդամներն ու աշխատողները (փորձագետները) պարտավոր են պահպանել իրենց կողմից ուսումնասիրված եւ ուսումնասիրվող բոլոր փաստաթղթերի, նյութերի, տվյալների, վկայությունների, խախտում կատարած, տուժած եւ վկայություն տվող անձանց գաղտնիությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված կարգով համապատասխան տեղեկությունների հանրայնացման, այդ թվում՝ դրանք հանձնաժողովի զեկույցների մեջ ներառելու եւ հրապարակելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով այլ մարմիններին եւ անձանց տրամադրելու դեպքերի: Սույն մասով նախատեսված սահմանափակումը տարածվում է նաեւ Հանձնաժողովի նախկին անդամի եւ Հանձնաժողովի նախկին աշխատողի նկատմամբ՝ մինչեւ Հանձնաժողովի գործունեության դադարումը:
Հոդված 12. Համագործակցությունը
1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով օժանդակում են Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:
ԳԼՈՒԽ 3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 13. Հանձնաժողովի իրավասությունը
1. Հանձնաժողովն իր գործունեությունը պատշաճ իրականացնելու համար սահմանում է պատերազմի դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ փաստերի հավաքագրման եւ իր իրավասության ներքո ընդգրկված հարցերի ուսումնասիրման ծավալը՝ հաշվի առնելով դրանց բնույթը, Հանձնաժողովի աշխատողների քանակը, ինչպես նաեւ իր գործունեությանն առնչվող այլ հանգամանքներ:
2. Հանձնաժողովն իր առջեւ դրված՝ սույն օրենքով սահմանված խնդիրների լուծման շրջանակում, դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ փաստերի հավաքագրման եւ ուսումնասիրության նպատակով իրավասու է՝
1) անձից պահանջել եւ ստանալ վկայություններ,
2) կազմակերպել այցելություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ինչպես նաեւ անձանց մշտական կամ ժամանակավոր բնակության վայրեր,
3) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ դեպքերին եւ իրադարձություններին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր՝ անկախ նյութական կրիչի ձեւից եւ տեսակից,
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել եւ ստանալ դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել անցկացնելու հետազոտություններ եւ տրամադրել եզրակացություններ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ,
5) ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական եւ կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները եւ որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը,
6) իր գործունեությանը ներգրավել փորձագետների, այդ թվում՝ միջազգային,
7) կազմակերպել եւ անցկացնել հանրային քննարկումներ եւ լսումներ,
8) իրավասու մարմիններին առաջարկություն ներկայացնել տուժած անձանց իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ,
9) կազմել զեկույցներ իր գործունեության եւ դրա արդյունքների վերաբերյալ,
10) համագործակցել այլ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ,
11) ներկայացնել առաջարկություններ Կառավարությանը կամ Ազգային ժողովին՝ խախտումների հետեւանքների վերացման, դրանց արդյունքում տուժած անձանց փոխհատուցման տրամադրման, խախտված իրավունքների, պատվի եւ արժանապատվության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ եւ հնարավոր միջոցառումների իրականացման ուղղությունների վերաբերյալ,
12) ներկայացնել առաջարկություններ Կառավարությանը, պետական այլ մարմիններին կամ Ազգային ժողովին՝ սույն օրենքով նախատեսված նպատակների իրականացմամբ պայմանավորված անհրաժեշտ եւ հրատապ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին,
13) ներկայացնել առաջարկություններ իրավասու մարմիններին՝ տուժած կամ վկայություն տվող անձանց պաշտպանության ծրագրերի մշակման եւ իրագործման համար,
14) ստանալ տեղեկություններ, նյութեր, փաստաթղթեր օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից դիվանագիտական ուղիներով՝ լիազոր մարմնի հետ նախապես խորհրդակցելուց հետո,
15) ստեղծել հասարակական հիմունքերով գործող խորհրդակցական մարմիններ,
15) իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
3. Դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ փաստերի հավաքագրման ընթացքում հայտնաբերված այնպիսի տեղեկությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ անձին քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, Հանձնաժողովը դրանք հիմնավորող փաստաթղթերի հետ փոխանցում է համապատասխան մարմնին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Հանձնաժողովի կողմից սույն մասով սահմանված իրավասությունների իրականացման կարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 14. Այցելությունների, հարցումների, ուսումնասիրությունների եւ հետազոտությունների իրականացումը
1. Հանձնաժողովի անդամը՝ սույն օրենքով սահմանված խնդիրների լուծման շրջանակներում փաստերի հավաքագրման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի, տեղեկությունների ձեռքբերման եւ հետազոտման, պարզաբանումների ստացման համար ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ կազմակերպությունների ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց մոտ անհետաձգելի ընդունելության իրավունք:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք՝ բացառությամբ դատավորների, պարտավոր են իրենց իրավասությանը վերաբերող՝ իրենց մոտ առկա կամ իրենց ազդեցության ոլորտում եղած նյութերը եւ փաստաթղթերը, ինչպես նաեւ խախտումների կամ իրադարձության վերաբերյալ ցանկացած տեղեկություն, օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության պահպանմամբ, Հանձնաժողովի անդամի գրավոր հարցման հիման վրա ներկայացնել Հանձնաժողովին՝ գրավոր հարցումը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
Եթե գրավոր հարցման մեջ նշված նյութերը, փաստաթղթերը եւ տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա դրանք տրամադրվում են հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, տեղեկացվում է Հանձնաժողովին՝ նշելով հետաձգման պատճառները եւ պահանջվող նյութերը, փաստաթղթերը եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
3. Հանձնաժողովը փաստերի հավաքագրման նպատակով կարող է գրավոր հարցմամբ դիմել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներին, հեռուստառադիոընկերություններին՝ տրամադրելու անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր, տեղեկություններ, ներառյալ՝ տեսագրություններ, ձայնագրություններ: Սույն մասով նախատեսված գրավոր հարցման նկատմամբ կիրառելի են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումները:
4. Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացման հետ կապված՝ նրա մուտքը անհրաժեշտ վայր չթույլատրելը կամ խոչընդոտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:
5. Հանձնաժողովն իր ուսումնասիրությունների իրականացման նպատակով կարող է օրենքով սահմանված կարգով ստանալ պետական, ծառայողական, առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ինչպես գրավոր հարցմամբ, այնպես էլ նման տեղեկություններ ստանալու իրավասություն ունեցող Հանձնաժողովի ներկայացուցչի այցելությունների ընթացքում, որոնք սակայն չեն կարող հրապարակվել Հանձնաժողովի զեկույցներում կամ այլ կերպ հասանելի դառնալ որեւէ երրորդ անձի, բացառությամբ Հանձնաժողովի անդամների եւ այն աշխատակիցների, որոնք ունեն նման տեղեկություններին հասանելիություն:
6. Հանձնաժողովն իր ուսումնասիրությունների իրականացման նպատակով իրավունք ունի միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հարցմամբ դիմել նաեւ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին եւ կազմակերպություններին:
7. Հանձնաժողովի կամ նրա անդամի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները կամ պարզաբանումները սույն օրենքով սահմանված ժամկետներում չտրամադրելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
8. Հանձնաժողովի անդամներին եւ աշխատողներին հասանելիություն է տրվում ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր արխիվների՝ «Արխիվային գործի մասին» օրենքով սահմանված կարգով:
9. Հանձնաժողովի կողմից այցելությունների կազմակերպման, հարցումների, ուսումնասիրությունների եւ հետազոտությունների իրականացման կարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 15. Վկայություններ ստանալը
1. Փաստերի հավաքագրման նպատակով վկայություններ ստանալու համար կարող են հրավիրվել իրադարձությունների եւ դեպքերի կապակցությամբ ենթադրյալ խախտում կատարած, դրանց արդյունքում տուժած անձինք, նրանց իրավահաջորդները, ինչպես նաեւ այն անձինք, որոնք կարող են վկայություն տալ այդ իրադարձությունների եւ դեպքերի վերաբերյալ:
2. Վկայություններ տալու նպատակով ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձանց ի պաշտոնե ներկայացուցիչները պարտավոր են պատասխանել Հանձնաժողովի անդամների հարցերին եւ տալ պարզաբանումներ: Ակնհայտ սուտ վկայություն տալը կամ վկայություն տալուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:
3. Անձը պարտավոր չէ վկայություն տալ իր, իր ամուսնու կամ քրեադատավարական օրենսդրության իմաստով մերձավոր ազգական հանդիսացող անձի վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
4. Վկայությունները հավաքագրվում են համապատասխան աշխատողի կողմից՝ Հանձնաժողովի անդամի ընդհանուր ղեկավարությամբ՝ Հանձնաժողովի գործունեության վայրում կամ համապատասխան վկայության ստացման ընդհանուր ղեկավարումն իրականացնող Հանձնաժողովի անդամի որոշմամբ՝ վկայություն տվող անձի նախընտրած վայրում, եթե հարգելի պատճառներով անձը հնարավորություն չունի ներկայանալ Հանձնաժողովի գործունեության կամ վկայություն տալու համար նախատեսված վայր:
5. Հանձնաժողովը կարող է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան մշակել վկայություն տված անձի անձնական տվյալները, ինչպես նաեւ նրա մասին տեղեկությունները, նրա ներկայացրած փաստերը, փաստաթղթերը կամ նյութերը փոխանցել այլ մարմիններին եւ հրապարակել սույն օրենքով սահմանված կարգով:
6. Վկայություն տալու նպատակով յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձ իրավունք ունի Հանձնաժողովի սահմանած կարգով գրավոր դիմելու Հանձնաժողովին կամ նրա անդամին:
7. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են Հանձնաժողովի անդամին դիմել նաեւ բանավոր, որը Հանձնաժողովի անդամի կամ աշխատողի կողմից կարող է ձեւակերպվել գրավոր:
8. Այլ անձի վերաբերյալ վկայություն տալու համար Հանձնաժողովին կարող է դիմել նաեւ անձի իրավահաջորդը, ինչպես նաեւ զինծառայողների մերձավոր ազգականները՝ նրանց վերաբերյալ վկայություն տալու նպատակով:
9. Հանձնաժողովին վկայություն տալը եւ այդ նպատակով Հանձնաժողովին դիմելը ինքնին չի կարող հանգեցնել անձի համար որեւէ անբարենպաստ հետեւանքի կամ անհավասար վերաբերմունքի կամ սպառնալիքի: Ցանկացած այդպիսի վերաբերմունք առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
10. Վկայությունների ստացման եւ Հանձնաժողովին դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 16. Լսումների եւ հանրային քննարկումների անցկացումը
1. Իր լիազորությունների իրականացման նպատակով Հանձնաժողովը կարող է իր սահմանած կարգով եւ ձեւով անցկացնել բաց եւ փակ լսումներ, ինչպես նաեւ հանրային քննարկումներ:
2. Լսումների ընթացքում ներկայացվում են Հանձնաժողովի իրավասության շրջանակում որեւէ իրադարձության կամ դեպքի վերաբերյալ կատարված հետազոտությունները՝ Հանձնաժողովի սահմանած ծավալով եւ շրջանակներում:
3. Լսումներն անցկացվում են իրադարձության կամ դեպքի կապակցությամբ ենթադրյալ խախտում կատարած եւ դրանց արդյունքում տուժած անձանց վկայությունները, լսումներին հրավիրված այլ անձանց կարծիքները, տեղեկությունները, պարզաբանումները քննարկվող դեպքի կամ իրադարձության վերաբերյալ՝ դրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, կատարված հետազոտությունների արդյունքները Հանձնաժողովի որոշած ծավալով եւ շրջանակներում հանրայնացնելու եւ դրանք լսումներին հրավիրված անձանց ներկայացնելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ նպատակով:
4. Հանձնաժողովի կողմից անցկացվող լսումները բաց են: Լսումներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը Հանձնաժողովի որոշմամբ կարող է անցկացվել փակ՝ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության, ինչպես նաեւ մասնակիցների եւ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով:
5. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ լսումներին հրավիրված ներկայացուցիչները եւ պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերի եւ իրադարձությունների ժամանակ ի պաշտոնե առնչվել են այդ դեպքերին եւ իրադարձություններին, պարտավոր են ներկայանալ լսումներին եւ պատասխանել Հանձնաժողովի անդամների հարցերին, տալ պարզաբանումներ:
6. Լսումներին հրավիրված այլ ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձանց ներկայացուցիչներն իրավունք ունեն պատասխանել Հանձնաժողովի անդամների հարցերին եւ տալ պարզաբանումներ:
7. Հանձնաժողովի կողմից կազմված զեկույցների վերաբերյալ իրականացնում են հանրային քննարկումներ սույն հոդվածով նախատեսված կարգով:
8. Հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:
9. Հանձնաժողովի կողմից հանրային քննարկումներ կարող են իրականացվել տվյալ ոլորտում մասնագիտացված կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, լսումների, հարցումների, ինչպես նաեւ հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:
10. Լսումների եւ հանրային քննարկումների կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 17. Համագործակցությունն ու փոխօգնությունը
1. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք իրենց իրավասության սահմաններում, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր են օժանդակել Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:
2. Հանձնաժողովը եւ պետական կառավարման համակարգի մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն (այսուհետ՝ փոխօգնություն) տրամադրել միմյանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հայտնաբերված այնպիսի տեղեկությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ անձին քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, դրանք հիմնավորող փաստաթղթերի հետ փոխանցում է իրավասու մարմնին՝ ներկայացնելով համապատասխան հաղորդում:
4. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հայտնաբերված այնպիսի տեղեկությունները, որոնք առնչվում են կամ կարող են առնչվել պետական կառավարման համակարգի մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը, առերեւույթ չեն պարունակում հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ, սակայն Հանձնաժողովի գնահատմամբ կարող են հետագայում հանգեցնել Հանձնաժողովի իրավասությունների ներքո ընդգրկվող խախտումների եւ իրադարձությունների կրկնությանը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին՝ դրանց համապատասխան ընթացք տալու միջնորդությամբ:
Հոդված 18. Հանձնաժողովի կազմավորման կարգը
1. Հանձնաժողովը կազմված է 9 անդամից: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:
2. Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով:
3. Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի գործունեության ժամկետով, բայց ոչ ավելի, քանի 2 տարի ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ եւ նախագահի տեղակալ: Եթե Հանձնաժողովի նախագահ է ընտրվում ընդդիմադիր (կառավարող) խմբակցության կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Հանձնաժողովի անդամը, ապա Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կարող է ընտրվել միայն համապատասխանաբար կառավարող (ընդդիմադիր) խմբակցության կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Հանձնաժողովի անդամը:
4. Հանձնաժողովի 4-ական անդամի թեկնածուների առաջադրման իրավունք ունեն Ազգային ժողովի համապատասխանաբար կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները, 1 թեկնածու՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը:
5. Ազգային ժողովի խմբակցության կողմից Հանձնաժողովի անդամի թեկնածուն առաջադրվում է համապատասխան խմբակցության որոշմամբ: Ընդ որում, Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Հանձնաժողովի առնվազն մեկական անդամի թեկնածությունն առաջադրվում է՝
1) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկվող թեկնածուներից,
2) այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք մասնակցել են Հայաստանի Հանրապետության վերջին համապետական ընտրություններին,
3) Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցության հիման վրա, որոնց կանոնադրական նպատակներից է պետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ զոհված, վնասվածքներ ստացած, գերեվարված եւ/կամ ռազմական գործողությունների հետեւանքով այլ կերպ տուժած անձանց հիմնախնդիրներով զբաղվելը, եւ որոնք առնվազը վերջին մեկ տարին իրականացնում են նման գործունեություն:
Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները Հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում թեկնածու առաջադրում են համապատասխանաբար կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունների համատեղ որոշմամբ՝ սույն մասով սահմանված կարգավորումներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը Հանձնաժողովի անդամի թեկնածուին առաջադրում է՝ խորհրդակցելով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ:
6. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածով սահմանված կարգով՝ 10-օրյա ժամկետում դիմում է իրավասու մարմիններին՝ թեկնածու առաջադրելու նպատակով:
Հոդված 19. Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները
1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր ոք, ով՝
1) դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ չի զրկվել հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
2) չի տառապում դատավորի կամ դատախազի նշանակմանը խոչընդոտող հիվանդությամբ.
3) չի դատապարտվել հանցագործության համար, եւ ում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) օրենքով սահմանված կարգով անցել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձի, ով ազատվել է նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5) մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում չի զբաղեցրել նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաեւ անվտանգության խորհրդի քարտուղարի, գլխավոր ռազմական տեսուչի, ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, ոստիկանապետի կամ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոն.
6) 2018 թվականի ապրիլի 9-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը չի զբաղեցրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի տեղակալի կամ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն.
7) Պատերազմի ընթացքում չի զբաղեցրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված զինվորական ծառայության բարձրագույն սպայական կազմի կամ ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչումով հիմնական պաշտոն, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դիվանագիտական պաշտոն, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոն:
Հոդված 20. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը եւ նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները
1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:
2. Հանձնաժողովի անդամը իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
3. Հանձնաժողովի անդամի վրա տարածվում են օրենքով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները:
Հոդված 21. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ Հանձնաժողովի անդամը
1. Հանձնաժողովի նախագահը՝
1) համակարգում է Հանձնաժողովի գործունեությունը եւ կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.
2) հրավիրում եւ վարում է Հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ նիստերի արձանագրությունները.
3) ընդունում է հրամաններ, Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր եւ կնքում պայմանագրեր.
4) ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում.
5) իրականացնում է uույն օրենքով, այլ իրավական ակտերով եւ Հանձնաժողովի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
3. Հանձնաժողովի անդամը՝
1) Հանձնաժողովի որոշմամբ համակարգում է Հանձնաժողովի գործունեության առանձին ոլորտներում աշխատանքների կատարման գործընթացը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում աշխատողներին տալիս է հանձնարարականներ.
2) ներկայացնում է առաջարկություն Հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ.
3) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.
4) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ.
5) իր համակարգման լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր.
6) իրականացնում է uույն օրենքով Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով եւ կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Հանձնաժողովի անդամը, ներառյալ Հանձնաժողովի նախագահը եւ Հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է ձեռնպահ մնա մինչեւ Հանձնաժողովի զեկույցների հրապարակումը դրանց վերաբերյալ տեղեկություններ բացահայտելուց:
Հոդված 22. Հանձնաժողովի անդամի անձեռնմխելիությունը եւ անվտանգությունը
1. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով:
2. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:
3. Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում իր կատարած կամ իր ընդհանուր ղեկավարման ներքո կատարված ուսումնասիրությունների, հետազոտությունների, լսած վկայությունների, վկայություն տվող անձանց, իր կամ Հանձնաժողովի կողմից ձեռք բերված փաստաթղթերի, տվյալների, տեղեկությունների էության, իր կամ իր մասնակցությամբ կայացրած որոշումների կապակցությամբ:
4. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հանձնաժողովի համաձայնությամբ՝ Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահը:
5. Հանձնաժողովի անդամի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, փոստային, հեռագրական հաղորդումները եւ հաղորդակցության այլ ձեւերը ենթակա են վերահսկման միայն դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ, եթե դա կապված է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարումը կանխելու կամ բացահայտելու անհրաժեշտության հետ:
6. Հանձնաժողովի անդամը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Իրավասու պետական մարմինները Հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ Հանձնաժողովի անդամի եւ նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հոդված 23. Հանձնաժողովի անդամի վարքագծի եւ էթիկայի կանոնները
1. Հանձնաժողովի անդամը ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում պարտավոր է՝
1) զերծ մնալ Հանձնաժողովի անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց.
2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, բարեխղճորեն եւ լիարժեք կատարել իր պարտականությունները.
3) դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն.
4) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր լիազորությունների իրականացման վրա որեւէ ազդեցություն.
5) ձեռնպահ մնալ Հանձնաժողովի գործունեությունը եւ զեկույցները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ Հանձնաժողովի որոշումների եւ զեկույցների կապակցությամբ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքերի.
6) իր լիազորությունները եւ որպես Հանձնաժողովի անդամ իր իրավունքներն իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ այլ ներգործության վերաբերյալ անհապաղ հայտնել Հանձնաժողովին:
2. Հանձնաժողովը՝ ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտով սահմանում է հանձնաժողովի անդամի էթիկայի կանոններ: Հանձնաժողովի անդամի էթիկայի կանոնները հանձնաժողովի անդամի անձնական եւ վարքագծային սահմանափակումներ են, որոնք նա ընդունում է գիտակցաբար եւ ինքնակամ՝ նպատակ ունենալով բարձր պահել հանձնաժողովի անդամի եւ հանձնաժողովի հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության եւ հավասարակշռվածության հասարակական ընկալումը, նպաստել Հանձնաժողովի գործունեության անկախության, չեզոքության, օբյեկտիվության սկզբունքների ապահովմանը:
3. Հանձնաժողովի անդամի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության վերաբերյալ Հանձնաժողովի անդամն անհապաղ իրազեկում է Հանձնաժողովի նախագահին, ով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում է իրավասու մարմիններին:
4. Հանձնաժողովի անդամի կողմից սույն հոդվածով սահմանված վարքագծի կանոնները խախտելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
5. Հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Հանձնաժողովը քննում է առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:
6. Հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 24. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը
1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է Հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանալու օրը:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝
1) նա հրաժարական է տվել.
2) նա մահացել է.
3) լրացել է նրա լիազորությունների ժամկետը:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Հանձնաժողովի կողմից փաստն արձանագրելու եւ այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից:
4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա դադարեցվում են, եթե՝
1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.
2) նա երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ առանց հարգելի պատճառի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.
4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.
5) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.
6) ի հայտ է եկել սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված Հանձնաժողովի անդամի նշանակումն արգելող հիմքերից որեւէ մեկը:
5. Հանձնաժողովի նախագահը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված, Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հանձնաժողովի անդամին նշանակելու իրավասություն ունեցող մարմնին:
6 Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են:
7. Հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամին նշանակելու իրավասություն ունեցող մարմնին:
8. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է Հանձնաժողովի նոր անդամ:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 25. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները
1. Հանձնաժողովն իր բնականոն գործունեությունն իրականացնելու համար ձեւավորում է կառուցվածքային ստորաբաժանումներ:
2. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը եւ հաստիքացուցակը հաստատում է Կառավարությունը՝ Հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ Հանձնաժողովը:
Հոդված 26. Պետական ծառայությունը Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում
1. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են: Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է:
2. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
Հոդված 27. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը
1. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:
2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Հանձնաժողովը՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս պատճառել պետական անվտանգությանը, անձնական կյանքին կամ օրենքով պաշտպանվող այլ իրավաչափ շահերի: Դռնփակ նիստն անցկացվում է Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ:
4. Նիստերի անցկացման վայրի, օրվա, ժամի, քննարկման ենթակա հարցերի մասին հայտարարում է Հանձնաժողովը՝ աշխատակարգին համապատասխան: Հանձնաժողովի նիստերին հրավիրվում են շահագրգիռ անձինք:
5. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
6. Նիստի օրակարգը հրապարակում է նիստը վարողը եւ առաջարկում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը: Նիստի օրակարգը եւ նյութերը նախապես տրամադրվում են Հանձնաժողովի անդամներին:
7. Նիստի օրակարգը հաստատում է Հանձնաժողովը՝ քվեարկությամբ:
8. Նիստի օրակարգում լրացուցիչ հարց կարող է ընդգրկվել, կամ հարցը կարող է հանվել նիստի օրակարգից, կամ դրա քննարկումը կարող է հետաձգվել նիստը վարողի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:
9. Նիստին հրավիրված անձինք նիստը վարողի թույլտվությամբ մասնակցում են համապատասխան հարցի քննարկմանը:
10. Նիստը նշանակված օրը չավարտվելու դեպքում շարունակվում է վարողի սահմանած այլ ժամկետում:
11. Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունում է որոշում:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
13. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ՝ տվյալ որոշմանը կամ եզրակացությանը կողմ կամ դեմ: Քվեարկությանը չի մասնակցում Հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:
14. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ:
15. Հանձնաժողովի որոշումները դրանց ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 28. Հանձնաժողովի զեկույցների կազմումը եւ հրապարակումը
1. Հանձնաժողովը գործունեության արդյունքում կազմում է միջանկյալ եւ եզրափակիչ զեկույցներ:
2. Բացի եզրափակիչ զեկույցից Հանձնաժողովը կազմում է նաեւ եզրափակիչ զեկույցի սեղմագիր:
3. Միջանկյալ եւ եզրափակիչ զեկույցները հաստատվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Զեկույցները ներառում են նաեւ Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները՝ դրանց առկայության դեպքում:
4. Միջանկյալ զեկույցը կազմվում է Հանձնաժողովի կողմից իր ընթացիկ գործունեության արդյունքներն ամփոփելու նպատակով, որում ներառվում են տեղեկություններ Հանձնաժողովի ընթացիկ գործունեության ուղղությունների եւ արդյունքների մասին: Միջանկյալ զեկույցների կազմման եւ հրապարակման ժամանակացույցը սահմանում է Հանձնաժողովը՝ այն հաշվարկով, որ դրանք տարեկան երկու անգամից պակաս չլինեն:
5. Եզրափակիչ զեկույցը կազմվում է Հանձնաժողովի ողջ գործունեության եւ դրա արդյունքների ամփոփման նպատակով:
6. Եզրափակիչ զեկույցին կից հավելվածները կարող են ներառել Հանձնաժողովի կողմից ձեռք բերված ապացույցները:
7. Հանձնաժողովի միջանկյալ զեկույցները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:
8. Հանձնաժողովը միջանկյալ եւ եզրափակիչ զեկույցները ներկայացնում է Ազգային ժողովին: Ազգային ժողովում Հանձնաժողովի նախագահի կողմից հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:
9. Հանձնաժողովն իր զեկույցները իր սահմանած ծավալով կարող է ներկայացնել նաեւ պետական մարմիններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին եւ հրապարակել նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:
10. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին զեկույցները ներկայացնելիս Հանձնաժողովը կարող է առաջարկել Հանձնաժողովի զեկույցներում ամրագրված իրադարձությունների, դեպքերի, փաստերի, մոտեցումների, առաջարկությունների եւ վերլուծությունների վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը: Հանձնաժողովը պարտավոր է ապահովել եզրափակիչ զեկույցի կազմումը, հրապարակումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված մարմիններին եւ անձանց ուղարկելը ոչ ուշ, քան իր գործունեությունը դադարելուց երեք ամիս առաջ:
11. Հանձնաժողովի միջանկյալ եւ եզրափակիչ զեկույցների հրապարակումից հետո իրավասու մարմինները պարտավոր են հրապարակել այդ զեկույցներում տեղ գտած եզրակացությունների եւ առաջարկությունների վերաբերյալ իրենց իրավասության ոլորտներում ձեռնարկված գործողությունների մասին:
12. Հանձնաժողովի զեկույցներին եւ սեղմագրին ներկայացվող պահանջները, զեկույցների կազմման ժամանակացույցը, կարգը, կառուցվածքը եւ մեթոդաբանությունը սահմանում է Հանձնաժողովը:
Հոդված 29. Հանձնաժողովի գործունեության ժամկետը
1. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի վերաբերյալ Ազգային ժողովում հաղորդում ներկայացվելուց երեք ամիս հետո:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 39. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո 10-րդ օրը:
2. Հանձնաժողովի անդամների թեկնածուներին առաջադրելու իրավասություն ունեցող մարմինները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում Ազգային ժողովին են ներկայացնում Հանձնաժողովի անդամի թեկնածուներին:
3. Հանձնաժողովի կազմի ընտրություն անցկացվում է Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:
4. Հանձնաժողովը կազմավորված է համարվում Հանձնաժողովի բոլոր անդամների ընտրությունից անմիջապես հետո:
5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու տարվա՝ Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ներկայացվում է Ազգային ժողով՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում՝ հիմք ընդունելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
6. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը, հաստիքացուցակը, կառուցվածքը, կանոնադրությունն ու աշխատակարգը հաստատվում են Հանձնաժողովի կազմավորումից հետո՝ եռամսյա ժամկետում:
7. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան նշանակումները կատարվում են Հանձնաժողովի կազմավորումից հետո՝ եռամսյա ժամկետում:
8. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը Հանձնաժողովն ընդունում է Հանձնաժողովի կազմավորումից հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ, որը Հայաստանի եւ Արցախի համար նախադեպը չունեցող աղետների հանգեցրեց: Հազարավոր զոհեր, բազմաթիվ անհայտ կորածներ, գերեվարվածներ, հազարավոր տնավեր մարդիկ եւ փախստականներ, հազարավոր կմ.քառ. տարածքների կորուստ, հայոց պետականության հետագա գոյությունը կասկածի տակ դնող իրադարձություններ: Այս ամենը պահանջում է բազմակողմանի, համակարգային, մանրամասը եւ անաչառ ուսումնասիրություն: Հարցերը շատ են եւ բազմաոլորտ: Հանրությունում ձեւավորված բազմաթիվ կասկածներ փարատման կամ հաստատման կարիք ունեն: Մյուս կողմից ուսումնասիրությունն անհրաժեշտ է՝ ինչպես տեղի ունեցած իրադարձություններում մեր բացթողումներն ու սխալները վերհանելու, առերեւույթ հանցագործությունները բացահատելու, այնպես էլ ներազգային համախոհությամբ հայոց պետականության հետագա թուլացումը կանխելու, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների եւ հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար:
Պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը ներառում է պետության եւ հասարակության կյանքի բոլոր ոլորտները՝ պետական կառավարումից մինչեւ տեղական ինքնակառավարում, երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունից եւ պաշտպանությունից մինչեւ հումանիտար եւ մարդու իրավունքների հարցեր, արտաքին երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ եւ այլն:
Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այս հարցերով զբաղվող առանձին մարմին չկա: Թեեւ կառավարման խորհրդարանական ձեւին անցած Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված է քննիչ հանձնաժողովի ստեղծման հնարավորություն, սակայն այս հարցերով՝ նման ծավալի, խորության, բովանդակության, մասնագիտական մոտեցում եւ քաղաքական չեզոքություն պահանջող ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողովի առկա մոդելն ու ձեւավորված քաղաքական հարաբերակցությունը ակնհայտորեն չեն կարող բավարարել նշված խնդիրների լուծման հանրային սպասումները եւ համաչափ չեն ստեղծված իրավիճակին: Մասնավորապես՝
1. Քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Հայաստանի ներկա քաղաքական իշխանության կառավարման ընթացքում տեղի ունեցած պատերազմը, իսկ այդ հանձնաժողովի լիազորությունները, Սահմանադրության համաձայն, կարող է իրականացնել բացառապես Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որը ներկայումս ղեկավարում է քաղաքական իշխանության ներկայացուցիչը:
2. Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի մի շարք անդամներ ուսումնասիրվող դեպքերի եւ իրադարձությունների ժամանակ հանդիսացել են նույն հանձնաժողովում պաշտոնական հանգամանքներ ունեցող անձինք, մինչդեռ ուսումնասիրության կարեւոր տարրերից մեկն էլ վերաբերում է իրենց գործունեությանը: Այսինքն, հստակ առկա է շահերի բախում:
3. Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ոչ մարդկային եւ ոչ էլ նյութական ռեսուրսները չեն կարող ապահովել նման ծավալի աշխատանքի պատշաճ իրականացում՝ զուգահեռ այս հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կատարման: Ավելին, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների աշխատանքների ծանրաբեռնվածությունը անխուսափելիորեն կխոչընդոտի լիարժեք եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ հարցերի ուսումնասիրմանը:
4. Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից քննիչ հանձնաժողովի լիազորությունների իրականացման ժամկետը, Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, սահմանափակված է 6 ամսով, առավելագույնը եւս 6 ամիս մեկ անգամ երկարացնելու հնարավորությամբ: Մինչդեռ ուսումնասիրման ենթակա հարցերի քանակը, ծավալը, ենթադրյալ մասնակիցների թիվը գալիս են հաստատելու, որ այս աշխատանքները պատշաճ իրականացնելու համար պահանջվելու է շատ ավելի երկար ժամանակ:
5. Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես մյուս մշտական հանձնաժողովները կազմված են բացառապես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից՝ ըստ իրենց խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվային հարաբերակցության: Մինչդեռ ուսումնասիրության վստահելիության, հանրության նպատակային եւ լայն ներգրավման անհրաժեշտությունը պահանջում է, որպեսզի հաշվի առնվեն հասարակության այլ կարեւոր խմբերի շահերը: Այդ առումով Հայաստանի խորհրդարանի կառավարող եւ ընդդիմադիր ուժերի ներգրավվածությունից զատ՝ չափազանց կարեւորվում են Արցախը, որտեղ ծավալվել են հիմնական պատերազմական գործողությունները, մարդու իրավունքների պաշտպանը, երկրի անվտանգության, պաշտպանության, ինչպես նաեւ զոհված, վնասվածքներ ստացած, գերեվարված եւ/կամ ռազմական գործողությունների հետեւանքով այլ կերպ տուժած անձինք, որոշակի շեմ հաղթահարած եւ ընտրողների էական հատվածի շահերը ներկայացնող Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերը:
Ակնհայտ է, որ ներկա պայմաններում այս խնդիրը չի կարող լուծել խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովը:
Այսպիսով, խնդրի վերաբերյալ հանրությունում ձեւավորված տարբեր, հիմնականում իրարամերժ մոտեցումները պահանջում են լայն ներառականություն եւ համաչափ ընդգրկվածություն ունեցող անկախ մարմին, որի գործունեության միջոցով է միայն հնարավոր համախոհությամբ հանգել լուծումների՝ թոթափելով քաղաքական տարբեր ուժերի միջեւ, հատկապես իշխանական եւ ընդդիմադիր, ծայրահեղ բեւեռացվածությունը, փարատել հանրության մոտ առկա կասկածները եւ անմիջականորեն նպաստել հայոց պետականության ամրապնդմանը:
2. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ըստ այդմ, վերը նշված խնդիրները լուծելու համար չափազանց կարեւորվում է Սահմանադրությանը համապատասխանող, բավարար լիազորություններով օժտված եւ հանրային լայն ու հավասարակշիռ մասնակցություն ունեցող պետական առանձին մարմնի ստեղծումն ու գործունեությունը:
Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն, այդպիսի մարմին կարող է հանդիսանալ ինքնավար մարմինը, որը կարող է ստեղծվել օրենքի հիման վրա՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաեւ Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով:
Ինչպես Սահմանադրության նախաբանում ամրագրված, հայոց պետականության հիմնարար սկզբունքներով եւ համազգային նպատակներով առաջնորդվելու Հայ ժողովրդի հանձնառությունը, այնպես էլ դա ապահովելուն ուղղված Սահմանադրության դրույթները անմիջականորեն կամ միջնորդավորված վերաբերելի են պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հարցերին՝ թե պատճառների ու պայմանների եւ թե նաեւ աղետաբեր հետեւանքների առումով: Ուստի պատերազմի հանգամանքների ուսումնասիրման շրջանակներում ձեւակերպված ցանկացած հարց եւ դրա վերաբերյալ անկողմնակալ ու ամբողջական տրված պատասխան լիարժեքորեն կարող են որակվել որպես Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահ:
Տվյալ դեպքում, պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության վերջնանպատակը մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքների եւ ազատությունների գերակայության ապահովումը, հանրային (քաղաքացիական) համերաշխության ձեւավորումն ու հայոց պետականության ամրապնդումն է: Հանձնաժողովի գործունեության այս նպատակները բխում են նրա առջեւ դրված խնդիրներից, որոնք մասնավորապես ներառում են՝
17) պատերազմի քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական նախադրյալների, արտաքին քաղաքականության երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների, բանակցային գործընթացի ձախողման, ինչպես նաեւ հայկական կողմի անհաջողությունների պատճառների ու պայմանների ամբողջական բացահայտումը,
18) պատերազմը կանխելու, պատերազմին դիմագրավելու հարցում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի, ինչպես նաեւ դրա առանձին միավորների կողմից ձեռնարկված գործողությունների համարժեքության գնահատականը ստեղծված իրավիճակին, պատերազմը հայկական կողմի համար առավել նպաստավոր պայմաններով դադարեցնելու հնարավորությունների եւ դրանք չիրացնելու պատճառների ուսումնասիրումը,
19) 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, ինչպես նաեւ դրանից հետո հայկական կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքների՝ ադրբեջանական վերահսկողությանը անցնելու փաստական հանգամանքներն ու ձեռնարկված գործողությունների իրավաչափության, համաչափության գնահատականը,
20) պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, ինչպես նաեւ այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց կողմից միջազգային իրավունքով սահմանված ենթադրյալ հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ու պատասխանատվության ենթարկելուն աջակցելը,
21) պատերազմին նախորդող եւ հաջորդող, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց բացահայտմանը եւ նրանց՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն օժանդակելը,
22) Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը պատերազմի հետեւանքով պատճառված մարդկային, ռազմական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր-մշակութային կորուստների ու վնասների գնահատումը,
23) պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց ճակատագրերով զբաղվելն ու գերեվարված անձանց հայրենիք վերադարձնելուն օժանդակելը եւ այլն,
24) ամբողջացնել պատերազմի հետեւանքով վնասվածքներ ստացած անձանց, ինչպես նաեւ գույքային վնասներ կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տվյալները:
Այս եւ օրենքով սահմանված այլ խնդիրների լուծումը հայոց պետականության ներկա շրջափուլում հիմնարար նշանակության հարցեր են, որոնց լուծման համար հանձնաժողովին անհրաժեշտ են լիարժեք եւ հստակ ձեւակերպված լիազորություններ:
Դրանք ամփոփ ձեւով ներառում են պատերազմի հանգամանքներին վերաբերող դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ փաստերի հավաքագրումն ու ուսումնասիրությունը, որի շրջանակներում հանձնաժողովն իրավասու է լինելու անձից պահանջել եւ ստանալ վկայություններ, կազմակերպել այցելություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական եւ կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները եւ որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը, իր գործունեությանը ներգրավել փորձագետներ, կազմակերպել եւ անցկացնել հանրային քննարկումներ եւ լսումներ, իրավասու մարմիններին առաջարկություն ներկայացնել տուժած անձանց իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ, ներկայացնել առաջարկություններ Կառավարությանը կամ Ազգային ժողովին՝ խախտումների հետեւանքների վերացման, դրանց արդյունքում տուժած անձանց փոխհատուցման տրամադրման, խախտված իրավունքների, պատվի եւ արժանապատվության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ եւ հնարավոր միջոցառումների իրականացման ուղղությունների վերաբերյալ, օրենքով նախատեսված նպատակների իրականացմամբ պայմանավորված անհրաժեշտ եւ հրատապ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, ներկայացնել առաջարկություններ իրավասու մարմիններին՝ տուժած կամ վկայություն տվող անձանց պաշտպանության ծրագրերի մշակման եւ իրագործման համար, ստանալ տեղեկություններ, նյութեր, փաստաթղթեր օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից դիվանագիտական ուղիներով՝ լիազոր մարմնի հետ նախապես խորհրդակցելուց հետո, ստեղծել հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմիններ:
Հանձնաժողովն իր իրավասություններն իրականացնելիս պարտավոր է լինելու ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Առաջարկվում է օրենքով հստակ ամրագրել Հանձնաժողովի՝ որպես պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ կառույցի աշխատանքի սկզբունքներ: Մասնավորապես, Հանձնաժողովը գործելու է անձանց իրավունքների եւ արժանապատվության հարգման եւ պաշտպանության, անկախության, օբյեկտիվության եւ անկողմնակալության, քաղաքական չեզոքության, կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության եւ թափանցիկության, համագործակցության սկզբունքների հիման վրա: Այս սկզբունքները արդյունավետ պահպանելու համար նախատեսվում է Հանձնաժողովին եւ դրա անդամներին օժտել անձեռնմխելիության եւ հատուկ պաշտպանության օրենսդրական երաշխիքներով:
Ինչպես վերը նշվեց, սկզբունքային նշանակություն ունի Հանձնաժողովի հնարավորինս մասնակցային կազմի ձեւավորումը: Առաջարկվում է 9 հոգուց կազմված Հանձնաժողով, որի անդամների առաջադրումներին մասնակցում են հանրության հիմնական շահառու խմբերը՝ կիրառելով խորհրդարանի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի օրենսդրական հնարավորությունները:
Այսպես, առաջարկվում է, որպեսզի Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանձնաժողովի 9 անդամներից 8-ին առաջադրեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները՝ հավասարաչափ՝ թվով 4-ական թեկնածուների առաջադրման միջոցով եւ մեկ թեկնածու՝ մարդու իրավունքների պաշտպանը: Ընդ որում, խմբակցությունների կողմից առաջադրվող թեկնածուների համար առաջարկվում է սահմանել հետեւյալ պայմանները. Հանձնաժողովի առնվազն մեկական անդամի թեկնածությունն առաջադրվում է՝
1) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկվող թեկնածուներից,
2) այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք Հայաստանի Հանրապետության վերջին համապետական ընտրությունների արդյունքում ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի ոչ պակաս, քան 1 տոկոսը,
3) Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցության հիման վրա, որոնց կանոնադրական նպատակներից է պետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ զոհված, վնասվածքներ ստացած, գերեվարված եւ/կամ ռազմական գործողությունների հետեւանքով այլ կերպ տուժած անձանց հիմնախնդիրներով զբաղվելը, եւ որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն:
Ընդ որում, եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները Հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում թեկնածու առաջադրում են համապատասխանաբար կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունների համատեղ որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրման համար սահմանվում է պահանջ, որ թեկնածուին որոշելու համար Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը պետք է խորհրդակցի Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Հանձնաժողովի անդամի համար առաջարկվում է սահմանել ինչպես ինքնավար մարմնի համար ընդհանուր պահանջները, այնպես էլ, նկատի ունենալով Հանձնաժողովի առանձնահատկությունը, նախատեսել պահանջ, որի համաձայն Հանձնաժողովի անդամը ռազմական գործողություններին նախորդող մեկ տարվանից սկսած մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում չպետք է զբաղեցրած լինի քաղաքական պաշտոն, ինչպես նաեւ նույն ժամանակահատվածում չպետք է զբաղեցրած լինի հանրային ծառայության պաշտոն՝ պաշտպանության, անվտանգության, ոստիկանության եւ արտաքին քաղաքականության ոլորտներից որեւէ մեկում:
Վերը նկարագրված համակարգերի ամբողջական եւ երաշխավորված գործելու համար առաջարկվում են համապատասխան փոփոխություններ քրեական, քրեական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքում:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից: Նախագծերի մշակման ժամանակ օգտագործվել են ինչպես համանման հարցերի կարգավորման վերաբերյալ տարբեր ժամանակներում հրապարակված իրավական ակտերի նախագծերը, այնպես էլ հաշվի են առնվել այսպիսի հարցերի վերաբերյալ ձեւավորված փորձը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է տալ հանրության մոտ առկա բազմաթիվ հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ, բացահայտել պատերազմի հարցերին առնչվող բազմաթիվ առերեւույթ հանցագործություններ, պետության անվտանգության եւ պաշտպանության բացերը, թերությունները, սխալները, հիմքեր ստեղծել իրավական, ռազմական, դիվանագիտական, հանրային կառավարման ոլորտներում հիմնավորված փոփոխություններ կատարելու համար՝ նպաստելով Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության ամրապնդմանն ու անվտանգության բարձրացմանը, նպաստել Արցախի եւ Հայաստանի բազմահազար քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, ներառյալ կյանքի եւ արժանապատվության, անվտանգության եւ ապահովության իրավունքներ, խախտված իրավունքների վերականգնումը եւ այլն: Ամփոփ ձեւով, օրենսդրական փաթեթի ընդունմամբ եւ գործադրմամբ անհրաժեշտ հիմքեր կստեղծվեն հանրային համերաշխության ձեւավորման եւ հայոց պետականության ամրապնդման համար:
ՏԵՂԵԿԱՆՔ
«2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքների ընդունման դեպքում անհրաժեշտ է ընդունել «2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, ինչպես նաեւ Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
ՏԵՂԵԿԱՆՔ
«2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում անհրաժեշտ է նախատեսել ծախսեր:
Օրենքների ընդունումը չի հանգեցնելու տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի էական ավելացում կամ նվազեցում:
«Հայաստան» խմբակցության որոշում
Գրություն