Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-430-20.01.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքը (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածում լրացնել 6.1-րդ մասը հետեւյալ բովանդակությամբ.

«6.1 Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ: Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների  մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը:

Սույն կետի դրույթները չեն տարածվում hանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային եւ(կամ) սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի    սեպտեմբերի   1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը առանձնահատուկ տեղ է հատկացնում Հանրային հեռուստատեսությանը՝ կարեւորվելով հանրային իրազեկման գործում վերջինիս առանձնակի դերակատարումը: Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում եւ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության (առնվազն 1 հեռուստաալիքի եւ 1 ռադիոալիքի) ծրագրերի ընդունման համար: Նման մոտեցումը պայմանավորված է Սահմանադրությամբ եւ միջազգային փաստաթղթերով երաշխավորված տեղեկատվության ազատության եւ ժողովրդավարական պետության մեջ մարդու տեղեկացվածության իրավունքի ապահովման կարիքներով: Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում գործում է առնվազն մեկ հանրային հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն եւ ռադիոընկերություն)...»:

Ավելին, օրենքի 26-րդ հոդվածի համաձայն պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն՝ մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով, իսկ հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, ժամանցային եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն:

Հանրային հեռուստառադիոընկերությունների գործունեության սկզբունքները ամրագրող նույն 26-րդ հոդվածում առանձնակի շեշտադրում է կատարվում  Հանրային հեռուստառադիոընկերության կողմից հաղորդումների թողարկման որակին եւ տեսակին, մասնավորապես՝

1) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.

2) ապահովել հեռարձակվող հաղորդումների թեմատիկ, բովանդակային բազմազանությունը հնարավոր հաղորդաշարերի եւ հաղորդումների տեսակների տեսքով.

3) մշակել եւ իրականացնել ծրագրային քաղաքականություն եւ այլն:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ներկայացված օրենքների նախագծերը նպատակ ունեն էլ ավելի բարձրացնել Հանրային հեռուստատեսության տեղն ու դերը, համբավը հասարակական կյանքում՝ արգելելով առեւտրային գովազդը հանրային հեռուստատեսությամբ: Առեւտրային գովազդը ինչպես հեռուստադիտողից, այնպես էլ՝ հեռուստատեսությունից խլում է եթերաժամ, որը կարող է օգտագործվել ավելի բարձր տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար: Հաշվի առնելով հանրային հեռուստատեսության առանձնակի առաքելություն հանրային կյանքում, առեւտրային գովազդը չի ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել, պետական բյուջեյի միջոցների հաշվին ֆինանսավորվում եւ գործում է հանրային հեռուստատեսությունը:

Նախագծերով բացառություն է նախատեսված միայն սոցիալական, մշակութային եւ սպորտային ուղղվածության գովազդների համար, որոնց ցուցադրումը համարվում է թույլատրելի՝ հաշվի առնելով  բնակչության առողջության եւ առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր տեսանկյունից դրանց կարեւորությունը:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կկրճատվի հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի տեւողությունը եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք եւ կարեւորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը: