Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող թափոնների ծավալների կրճատման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման եւ դրանց հետ կապված այլ հարաբերությունների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական եւ տնտեսական հիմքերը:
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Օրենքի կարգավորման ոլորտը եւ սահմանափակումները
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է արտադրության եւ սպառման ընթացքում գոյացած թափոնների գործածության վրա:
2. Օրենքի գործողությունը չի տարածվում՝
1) ռադիոակտիվ թափոնների,
2) հոսքաջրերին խառնվող եւ բնական ջրատարներ թափվող նյութերի,
3) արտանետման աղբյուրներից անջատվող գազային խառնուրդների հետ մթնոլորտ արտանետվող նյութերի,
4) հանքարդյունահանող կազմակերպությունների մակաբացման շերտի ապարների վրա,
Սույն մասով նախատեսված թափոնների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
Հոդված 3. Թափոնների գործածության իրավական կարգավորումը
Արտադրության եւ սպառման թափոնների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) արտադրության եւ սպառման թափոններ /այսուհետ՝ թափոններ/՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքի, նյութերի, արգասիքների, այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդներ, ինչպես նաեւ այլ ապրանքներ /արտադրանք/, որոնք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները,
2) թափոններ առաջացնող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի գործունեության ընթացքում գոյանում են թափոններ,
3) թափոնների գործածություն՝ գործողություններ, որոնք ուղղված են թափոնների գոյացման կանխարգելմանը, դրանց հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը եւ թաղմանը,
4) վտանգավոր թափոններ՝ թափոններ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար եւ պահանջում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ,
5) թափոնների հավաքում՝ գործունեություն, որը կապված է թափոնների հեռացման եւ հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում դրանց տեղադրման հետ, ներառյալ` թափոնների տեսակավորումը՝ հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով,
6) թափոնների պահում՝ թափոնների ժամանակավոր տեղադրում հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում՝ դրանց հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով,
7) թափոնների օգտագործում՝ թափոնների կիրառումը ապրանքների արտադրության, էներգիայի ստացման կամ այլ նպատակներով,
8) թափոնների մշակում, վերամշակում՝ տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք կապված են թափոնների ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ,
9) թափոնների օգտահանում՝ թափոնների օգտագործում որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս,
10) թափոնների հեռացում՝ թափոնների հետ կապված գործողություններ, որոնք չեն հանգեցնում օգտահանման,
11) թափոնների վնասազերծում՝ թափոնների վտանգավոր հատկությունների նվազեցում կամ վերացում մեխանիկական, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական մշակման միջոցով,
12) թափոնների տեղադրում՝ դրանց մեկուսացում, որը բացառում է թափոնների հետագա օգտագործումը եւ ուղղված է դրանց չեզոքացմանն ու շրջակա միջավայր վտանգավոր նյութերի հետագա տարածմանը,
13) թափոնների թաղում՝ թափոնների վերջնական տեղադրում հատուկ առանձնացված տեղերում կամ օբյեկտներում, որը բացառում է դրանց վտանգավոր ներգործությունը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա,
14) թափոնների գործածության օբյեկտներ՝ թափոնների հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման եւ թաղման համար օգտագործվող տեղեր կամ օբյեկտներ,
15) հատուկ հատկացված տեղեր՝ թափոնների տեղաբաշխման տեղեր, պոլիգոններ, համալիրներ, շինություններ, ընդերքի տեղամասեր, որոնց օգտագործման համար սույն օրենքով սահմանված կարգով տրվել է թափոնների հեռացման կամ դրանց հետ այլ գործողություններ կատարելու թույլտվություն,
16) թափոնների փոխադրում՝ թափոնների տեղափոխում դրանց գոյացման կամ պահման վայրերից դեպի մշակման, օգտահանման կամ հեռացման վայրերը կամ օբյեկտները,
17) թափոնների անդրսահմանային փոխադրում ՝ թափոնների փոխադրում որեւէ պետության տարածքից այլ պետության տարածք կամ որեւէ պետության իրավասության ներքո չգտնվող տարածքով՝ պայմանով, որ թափոնների նման փոխադրումը առնչվում է առնվազն երկու պետության շահերի,
18) թափոնների պետական դասակարգիչ՝ թափոնների ծածկագրերի եւ անվանումների համակարգված ցանկ, որը նախատեսված է պետական կամ վարչական վիճակագրությունում օգտագործելու համար՝ թափոնների գոյացման, կուտակման, մշակման /վերամշակման/, վնասազերծման եւ հեռացման մասին բազմակողմանի հիմնավորված տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
19) թափոնների տեղադրման սահմանաքանակ ՝ որոշակի տեսակի թափոնների սահմանային թույլատրելի քանակ, որը կարելի է տեղաբաշխել օրենսդրությամբ սահմանված ձեւով, որոշակի ժամկետով, թափոնների տեղադրման օբյեկտներում՝ հաշվի առնելով տվյալ տարածքի էկոլոգիական իրավիճակը,
20) թափոնների գոյացման նորմատիվ ՝՝ որոշակի տեսակի թափոնների սահմանաքանակ՝ արտադրանքի որոշակի միավորի ստացման դեպքում,
21) թափոնների անձնագիր ՝ թափոնների տեսակը եւ վտանգավորության դասը հավաստող փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում դրա կազմի վերաբերյալ,
22) թափոնների տեսակ ՝ թափոնների դասակարգման համակարգին համապատասխան ընդհանուր հատկություններ ունեցող թափոնների խումբ,
23) թափոնների անձնագրավորում՝ ռեսուրսախնայման եւ թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով, թափոնների անձնագրի տվյալների հիման վրա իրականացվող թափոնների նույնականացմանն ուղղված գործողություններ,
24) արգելված թափոններ՝ թափոններ, որոնց հետագա գործածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամրագրվի արգելման մասին որոշում,
25) թափոնների պետական կադաստր՝ թափոնների դասակարգչի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների եւ հեռացման վայրերի ռեեստրների, թափոնների եւ դրանց օգտահանման ու վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների ամբողջություն:
Հոդված 5.Օրենքի հիմնական խնդիրները
Օրենքի հիմնական խնդիրներն են`
1) թափոնների գործածության ոլորտում պետական միասնական քաղաքականության հիմնական սկզբունքների սահմանումը,
2) թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության վերաբերյալ հիմնական պայմանների, պահանջների եւ կանոնների, ինչպես նաեւ ռեսուրսախնայողության համար տնտեսական խթանման միջոցների սահմանումը,
3) թափոնների՝ նվազագույն քանակությամբ գոյացման ապահովումը, տնտեսական գործունեության մեջ դրանց օգտագործման ընդլայնումը, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա թափոնների վտանգավոր ներգործության նվազեցումը,
4) թափոնների գործածության ոլորտին վերաբերող հարաբերությունների իրավական կարգավորումը:
Հոդված 6. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները
1. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.
1) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանությունը թափոնների բացասական ներգործությունից,
2) նյութահումքային եւ էներգետիկ ռեսուրսների բանական օգտագործման ապահովումը,
3) թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական եւ սոցիալական շահերի զուգակցումը:
2. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունը թափոնների գոյացման եւ դրանց վտանգավորության նվազեցումն է՝ հետեւյալ միջոցներով.
1) գիտատեխնիկական նորագույն նվաճումների օգտագործումը անթափոն եւ սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման,
2) թափոնների քանակի նվազեցման նպատակով նյութահումքային ռեսուրսների համալիր օգտագործման,
3) հումքային արժեք ունեցող թափոնների առավելագույն սպառումը ուղղակի, կրկնակի կամ այլընտրանքային օգտագործման մեջ,
4) օգտահանման համար ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովման՝ թափոնների վնասազերծման եւ ոչնչացման համապատասխան տեխնոլոգիաների, էկոլոգիապես անվտանգ մեթոդների եւ միջոցների մշակման միջոցով,
5) թափոնների գործածության ոլորտում տեղեկատվության մատչելիության ապահովման,
6) տնտեսական խթանման մեխանիզմների սահմանման:
ԳԼՈՒԽ II
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. Թափոնների գործածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Թափոնների գործածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
1) թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության մշակումը եւ իրականացման ապահովումը,
2) թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը,
3) սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման, թափոնների հավաքման եւ օգտահանման խթանման տնտեսական մեխանիզմների ապահովումը,
4) թափոնների հաշվառման, գոյացման, հեռացման (ոչնչացում, վնասազերծում, տեղադրում) եւ օգտահանման կարգի սահմանումը,
5) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման եւ տեղադրման գործունեության տեսակների լիցենզավորումը եւ լիցենզավորման տեսակների կարգի սահմանումը,
6) վտանգավոր եւ արգելված թափոնների ցանկերի սահմանումը,
7) թափոնների անդրսահմանային փոխադրման եւ դրանց հեռացման կարգի սահմանումը,
8) վնասազերծված եւ օգտահանման ոչ ենթակա թափոնների տեղադրման օբյեկտների ստեղծման ապահովումը,
9) թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության իրականացումը,
10) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 8. Թափոնների գործածության ոլորտում բնապահպանության բնագավառի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները
Թափոնների գործածության բնագավառի կառավարման լիազորված մարմնի լիազորություններն են`
1) մասնակցությունը թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության ձեւավորմանը,
2) թափոնների գործածության ոլորտում նպատակային ծրագրերի կազմումը,
3) թափոնների պետական հաշվառման իրականացումը,
4) իրավաբանական անձանց համար թափոնների տեղադրման սահմանաքանակների հաստատումը,
5) վտանգավոր եւ արգելված թափոնների ցանկերի մշակումը,
6) ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի սահմանումը,
7) վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ տալը,
8) թափոնների գործածության օբյեկտների տեղադրման վայրերի վերաբերյալ համաձայնություն տալը,
9) թափոններ արտադրողների կողմից կազմված թափոնների անձնագրերի համաձայնեցումը,
10) թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը,
11) օրենքով սահմանված կարգով թափոնների գոյացման, մշակման, օգտահանման, տեղադրման եւ հեռացման ժամանակ պոլիգոնների, համալիրների, շինությունների եւ այլ հատուկ հատկացված վայրերի կամ օբյեկտների շինարարության, վերակառուցման եւ շահագործման նախագծային փաստաթղթերի ու համալիր ծրագրերի պետական բնապահպանական փորձաքննության իրականացումը,
12) թափոնների պետական կադաստրի վարումը,
13) սակավաթափոն եւ անթափոն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը,
14) թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների եւ հեռացման վայրերի ռեեստրների կազմման, վարման ինչպես նաեւ մոնիտորինգի իրականացումը,
15) թափոնների գործածության ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը եւ իր իրավասության սահմաններում գերատեսչական իրավական ակտերի ընդունումը,
16) թափոնների գործածության ոլորտում համագործակցության եւ թափոնների անդրսահմանային փոխադրման հարցերով միջգերատեսչական միջազգային պայմանագրերի կնքումը,
17) միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա իրավասու պետությունների հետ թափոնների գործածության ոլորտում տեղեկությունների փոխանակումը,
18) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 9. Թափոնների գործածության ոլորտում առողջապահության բնագավառի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները
Թափոնների գործածության ոլորտում առողջապահության բնագավառի կառավարման լիազորված մարմնի լիազորություններն են`
1) թափոնների գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, եւ թաղման ընթացքում պետական սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահանջների կատարման նկատմամբ պետական սանիտարահամաճարակային հսկողության իրականացումը,
2) թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության պաշտպանության միջոցառումների գերակա ուղղությունների մշակումը եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը,
3) թափոնների գործածության օբյեկտների տեղադրման վայրերի սահմանման վերաբերյալ համաձայնություն տալը,
4) թափոնների գործածությանը վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերում մարդու առողջության համար անվտանգության պահանջների սահմանումը,
5) թափոններից ստացվող արտադրանքի նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների սահմանումը եւ հիգիենիկ եզրակացության տրամադրումը,
6) ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի մշակմանը մասնակցելը,
7) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 10. Թափոնների գործածության ոլորտում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները
Թափոնների գործածության ոլորտում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`
1) մասնակցություն թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության ձեւավորմանը,
2) մասնակցություն թափոնների գործածության ոլորտի պետական ծրագրերի կազմմանը,
3) թափոնների գործածության ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմումը եւ դրանց իրականացման համակարգումը,
4) իրենց վարչական սահմաններում թափոնների տեղադրման վայրերի՝ լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված թույլտվությունների տալը,
5) իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմումը եւ աղբահանության նկատմամբ հսկողության իրականացումը,
6) թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների եւ հեռացման վայրերի գրանցամատյանների կազմումը եւ վարումը,
7) թափոնների գոյացման, մշակման, վնասազերծման, օգտահանման ու հեռացման հաշվառման եւ դրանց անձնագրավորման կազմակերպումը,
8) իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող եւ չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացում),
9) իրենց վարչական տարածքի սահմաններում ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության ներգրավման կազմակերպումը,
10) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 11. Թափոնների գործածության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
1. Թափոնների գործածության ոլորտում, համանքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում`
ա) իրականացնում է հսկողություն աղբահանման նկատմամբ,
բ) կազմում է տարածքների սանիտարական մաքրման սխեմաները,
գ) իրականացնում է չհսկվող եւ չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացումը),
դ) կազմակերպում է ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության մասնակցությունը:
2. Թափոնների գործածության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ III
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ
Հոդված 12. Թափոնների գործածության ոլորտում պետական նորմավորումը
1. Մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցման նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում են թափոնների տեղադրման սահմանաքանակներ:
2. Թափոնների տեղադրման սահմանաքանակները թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինների կողմից սահմանվում են շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների նորմատիվներին համապատասխան:
3. Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 13. Թափոնների պետական հաշվառումը, անձնագրավորումը եւ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը
1. Թափոնների պետական հաշվառումը եւ անձնագրավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել գոյացող, օգտագործվող, վնասազերծվող, այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող, ինչպես նաեւ տեղադրվող թափոնների սկզբնական հաշվառում:
3. Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ոլորտում լիազորված մարմնին ներկայացնել վարչական վիճակագրական հաշվետվություններ:
4. Թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության ձեւը եւ դրա լրացման հրահանգը, թափոնների պետական դասակարգչի հիման վրա սահմանում է բնապահպանության ոլորտում լիազորված մարմինը:
Հոդված 14. Թափոնների պետական կադաստրը
1. Թափոնների պետական կադաստրը ներառում է թափոնների դասակարգիչը, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների եւ հեռացման վայրերի ռեեստրները, ինչպես նաեւ թափոնների եւ դրանց օգտագործման եւ վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների բանկը:
2. Թափոնների պետական կադաստրը վարում է բնապահպանության ոլորտում լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
Հոդված 15. Թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրը
1. Թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների մասին տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման եւ վերլուծության ապահովման նպատակով վարվում է դրանց ռեեստր, որը ներառում է թափոնների անվանացանկը, գոյացման ծավալները, որակական եւ քանակական բնութագրերը, տեղեկություններ դրանց հետ վարվելու եւ թափոնների գոյացման ծավալների ու դրանց վտանգավորության աստիճանի նվազեցման վերաբերյալ: Ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշտման:
2. Թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումն իրականացվում է թափոններ արտադրողների հաշվետվային տվյալների հիման վրա՝ բնապահպանության ոլորտում լիազորված մարմնի կողմից:
3. Թափոնների առաջացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 16. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարումը
1. Թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառման եւ նկարագրման նպատակով, համապատասխան անձնագրերի, թափոններ արտադրողների հաշվետվային տվյալների հիման վրա վարվում է դրանց ռեեստրը: Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման:
2. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրը վարում է բնապահպանության ոլորտում լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 17. Թափոնների հեռացման վայրերի մոնիտորինգ
Շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու եւ կանխատեսելու, դրանց բացասական հետեւանքները ժամանակին բացահայտելու եւ կանխարգելելու նպատակով թափոններ արտադրողների ու տնօրինողների, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտի լիազորված պետական մարմնի կողմից իրականացվում է պարբերական մշտադիտարկում (մոնիտորինգ):
Թափոնների հեռացման վայրերի մոնիտորինգը շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի միացյալ համակարգի բաղկացուցիչ մասն է:
ԳԼՈՒԽ IV
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. Թափոնների գործածության ոլորտում ֆիզիկական անձանց իրավունքները
Թափոնների գործածության ոլորտում ֆիզիկական անձինք իրավունք ունեն`
1) ունենալ թափոնների գործածության հետ կապված գործողություններ իրականացնելիս իրենց կյանքի եւ առողջության համար անվտանգ պայմաններ,
2) ստանալ թափոնների գործածության շահագործվող, կառուցվող կամ կառուցվելիք օբյեկտների անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն,
3) օրենքով սահմանված կարգով պահանջել թափոնների վերաբերյալ օրենսդրության խախտման հետեւանքով իրենց առողջությանը եւ ունեցվածքին պատճառված վնասի հատուցում:
Հոդված 19. Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի իրավունքները
Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն`
1) Համապատասխան պետական կառավարման մարմիններից օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ թափոնների օգտահանման տեխնոլոգիաների, թափոնների օբյեկտների շինարարության եւ շահագործման մասին,
2) առաջարկություններ ներկայացնել իրավասու կառավարման մարմնին թափոնների գործածության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության եւ շահագործման վերաբերյալ,
3) թափոնների գործածության օբյեկտներ ստեղծելիս Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով եւ դեպքերում ստանալ արտոնություններ,
4) մասնակցել թափոնների գործածության տեղական, տարածքային եւ պետական ծրագրերի մշակմանը:
Հոդված 20. Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց պարտականությունները
Թափոնների գործածության ոլորտում իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք պարտավոր են`
1) պահպանել թափոնների գործածության ոլորտում սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջները,
2) թափոնները տեղաբաշխել միայն սույն օրենքով նախատեսված դրա համար հատուկ հատկացված տեղերում:
ԳԼՈՒԽ V
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 21. Թափոնների օգտահանման եւ դրանց գոյացման ծավալների նվազեցման ապահովմանն ուղղված կազմակերպական եւ տնտեսական միջոցառումները
Թափոնների օգտահանման եւ դրանց գոյացման ծավալների նվազեցման ապահովմանն ուղղված միջոցառումները նախատեսում են`
1) թափոնների գոյացման եւ տեղադրման ծավալների սահմանաքանակների սահմանում,
2) շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար բնապահպանական վճարի սահմանում՝ դրանց վճարման դրույքաչափերը տարբերակելով՝ ելնելով թափոնների վտանգավորության աստիճանից եւ տեղադրման տարածքի տնտեսական՝ հողի կադաստրային արժեքից,
3) թափոնների գոյացման ծավալները նվազեցնող եւ արտադրության մեջ սակավաթափոն տեխնոլոգիաներ ներդնող, ինչպես նաեւ երկրորդային հումք հանդիսացող թափոնների հավաքման, պահեստավորման եւ հանձնման գործառույթներով զբաղվող ընկերություններին եւ կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում եւ կարգով արտոնությունների տրամադրում,
4) ռեսուրսային արժեք ներկայացնող թափոնների ցանկի ստեղծում, որոնց համար սահմանվում է հատուկ ռեժիմ՝ դրանց հավաքումը, պահեստավորումը եւ օգտագործումը խթանելու նպատակով,
5) թափոնների օգտահանման եւ դրանց գոյացման նվազեցմանը նպատակաուղղված գիտահետազոտական աշխատանքների օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ֆինանսավորում,
6) շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար օրենսդրությամբ սահմանված բնապահպանական վճարներից ստացված միջոցների նպատակային օգտագործումը` թափոնների օգտահանմանն ու դրանց ծավալների նվազեցմանը նպատակաուղղված միջոցառումների ֆինանսավորման համար,
7) թափոնների օգտահանման միջոցառումների համար ֆինանսավորման հիմնադրամների ստեղծում՝ թափոններ արտադրողների, դրանց սեփականատերերի, հայրենական եւ օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կամավոր մուծումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին:
Հոդված 22. Շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար բնապահպանական վճարները
Շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար սահմանվում են բնապահպանական վճարներ՝ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հոդված 23. Թափոնների օգտահանմանն ու դրանց գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված միջոցառումների խթանումը
Թափոնների օգտահանմանն ու դրանց գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված միջոցառումների խթանման նպատակով թափոնների գոյացման նվազեցմանն ուղղված տեխնոլոգիաներ ներդնող կազմակերպությունները, որոնք թափոններ են օգտահանում արտադրանքի արտադրման (աշխատանքի կատարման, ծառայությունների մատուցման) ընթացքում, իրականացնում են դրանց հավաքումը, պահեստավորումը, արտադրամասերի շինարարությունը, ինչպես նաեւ կազմակերպում են թափոնների օգտահանման համար սարքավորումների արտադրություն, փայատիրական մասնակցություն են ունենում թափոնների օգտահանմանը եւ դրանց գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորմանը, կարող են ստանալ արտոնություն օրենքով սահմանված դեպքում:
ԳԼՈՒԽ VI
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24. Վերահսկողություն իրականացնելը
Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինը թափոնների գործածության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է օրենքով սահմանված կարգով.
ԳԼՈՒԽ VII
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 25. Թափոնների գործածության ոլորտում իրավախախտումները
Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ VIII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 26. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքից բխող համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործում են հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի նորմերը: