«8) վերահսկվողն ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել կամ մուտքագրել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Տեղեկատվական համակարգ (այսուհետ` Տեղեկատվական համակարգ) կամ կնքված կամ դադարած ԱՊՊԱ պայմանագրերի, տեղի ունեցած ապահովագրական պատահարների մասին տեղեկատվություն կամ նորմատիվ իրավական ակտերով Տեղեկատվական համակարգ մուտքագրման ենթակա այլ տեղեկատվություն չի մուտքագրել Տեղեկատվական համակարգ:»:
Հոդված 2. Օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 9-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«9) ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել կամ մուտքագրել Տեղեկատվական համակարգ կամ կնքված կամ դադարած ԱՊՊԱ պայմանագրերի, տեղի ունեցած ապահովագրական պատահարների մասին տեղեկատվություն կամ նորմատիվ իրավական ակտերով Տեղեկատվական համակարգ մուտքագրման ենթակա այլ տեղեկատվություն չի մուտքագրել Տեղեկատվական համակարգ:»:
Հոդված 3. Օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 10-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«10) վերահսկվողն ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել կամ մուտքագրել Տեղեկատվական համակարգ կամ կնքված կամ դադարած ԱՊՊԱ պայմանագրերի, տեղի ունեցած ապահովագրական պատահարների մասին տեղեկատվություն կամ նորմատիվ իրավական ակտերով Տեղեկատվական համակարգ մուտքագրման ենթակա այլ տեղեկատվություն չի մուտքագրել Տեղեկատվական համակարգ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքում ապահովագրական կեղծիքների առանձնացված կարգավորմամբ:
Անհրաժեշտությունը
Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների (այլ մասնագետների), իսկ որոշ դեպքերում` նաեւ ապահովադիրների եւ շահառուների կողմից ապահովագրության պայմանագրերի կնքման բնագավառում, ինչպես նաեւ ապահովագրական հատուցման գործընթացում ապահովագրական կեղծիքներ հանդիսացող արարքների դուրսգրման, դասակարգման եւ դրանց համար պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է խարդախությունը` որպես ընդհանուր հանցակազմ, որով միեւնույն կերպ որակվում են ցանկացած ոլորտում խաբեության միջոցով կատարվող հափշտակության բոլոր դեպքերը: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ խարդախություն է համարվում ուրիշի գույքի միայն զգալի չափերով հափշտակությունը:
Հիշյալ կարգավորումն ունի մի շարք խնդրահարույց կողմեր, որոնք թույլ չեն տալիս արդյունավետ կերպով պայքարել ապահովագրական կեղծիքների դեմ: Մասնավորապես.
- Ապահովագրական խարդախություններն օժտված են առավել մեծ հանրային վտանգավորությամբ, քան սովորական խարդախությունները։ Խնդիրն այն է, որ եթե սովորական խարդախության հետեւանքով նյութական վնաս, որպես կանոն, կրում է միայն անմիջական տուժողը, ապա ապահովագրական կեղծիքի հետեւանքով ապահովագրական ընկերության գույքի հափշտակությունը (որն արտահայտվում է ընկերությունից խաբեության միջոցով ապահովագրական հատուցման կորզման ձեւով) փոխհատուցվում է ապահովագրական սակագների բարձրացմամբ։ Այլ կերպ ասած` ապահովագրական հատուցումների ծավալների մեծացումն ուղիղ համեմատականի մեջ է գտնվում ապահովագրական սակագների հետ, եւ ապահովագրական ընկերությունների դեմ կատարվող խարդախությունների ողջ ծանրությունը վերջին հաշվով ընկնում է հասարակության ուսերին:
- Եթե խարդախության այլ տեսակների դեպքում տարբեր անձանց կողմից իրականացված փոքր ծավալի հանցագործություններն այդքան էլ վտանգավոր չեն համարվում, ապա ապահովագրության ոլորտում գործում է մասշտաբի էֆեկտը: Մասնավորապես՝ ապահովագրության ոլորտում գերակշռում են հենց մանր խարդախությունները, երբ յուրաքանչյուր դեպքով ապահովագրական ընկերությունից կորզվող ոչ մեծ չափի հատուցումները իրենց քանակի հետեւանքով համակարգի վրա էական բացասական ազդեցություն են ունենում: Բացի այդ, կոնկրետ դեպքում, հափշտակվող գույքն իրենից կարող է ընդհանրապես չնչին նյութական արժեք ներկայացնել, սակայն դրա հափշտակությունը կունենա շատ ծանր հետեւանքներ:
- Ապահովադիրների դեմ ուղղված ապահովագրական խարդախությունների (օրինակ կեղծ ապահովագրական վկայագրերի պատրաստում, իրացում կամ օգտագործում) հանրային վտանգավորությունը կայանում է նրանում, որ նման հանցագործությունները, բացի անմիջական տուժողին վնաս հասցնելուց, կարող են անվստահություն առաջացնել ապահովագրական համակարգի նկատմամբ՝ վտանգելով ապահովագրական համակարգի կայունությունը:
- Հաշվի առնելով այս հանցագործության վտանգավորությունը ապահովագրական համակարգի անկայունություն եւ սոցիալական մեծ ցնցումներ առաջացնելու տեսանկյունից՝ շատ երկրներում (ԱՄՆ, Գերմանիա, Էստոնիա եւ այլն) ապահովագրական խարդախությունները դիտվում են որպես առանձին հանցատեսակ:
- 2010թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգը, իսկ ապա նաեւ՝ մասամբ առողջության պարտադիր ապահովագրությունը, ինչի հետեւանքով մեծացել են ապահովագրական շուկայի ծավալները: Ինչպես վկայում է պարտադիր ապահովագրության համակարգին առավել վաղ ինտեգրված երկրների (այդ թվում՝ հետխորհրդային այնպիսի երկրների, ինչպիսիք են Ղազախստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը) փորձը, սա իր հետեւից բերում է զեղծարարությունների մեծ ալիք, որի դեմ ոչ արդյունավետ պայքարը իր մեջ պարունակում է ինչպես ապահովագրական համակարգի կայունության, այնպես էլ սոցիալական մեծ ցնցումների հետ կապված վտանգներ:
- Հաշվի առնելով ապահովագրական խարդախությունների առավել քողարկված բնույթը, ինչպես նաեւ դրսեւորումների բազմաձեւությունը, որոնք հաճախ արտաքնապես օրինական գործողություններ են, եւ հնարավոր չէ որակել խարդախության ավանդական հանցակազմի ներքո, խարդախության ընդհանուր հանցակազմից այս հանցագործության առանձնացման եւ առավել դետալացված ներկայացման արդյունքում տվյալ ոլորտում չմասնագիտացված քրեական հետապնդում իրականացնող մարմիններին առավել հասկանալի կլինեն այս հանցագործության հնարավոր դրսեւորումները, ինչը կնպաստի հանցագործության բացահայտման արդյունավետության բարձրացմանը:
- Գործող ՀՀ քրեական օրենսգրքում արդեն իսկ առանձնացված են հատուկ հանցակազմեր ֆինանսական ոլորտի առանձին հանցագործությունների համար, մասնավորապես՝ չարաշահումը արժեթղթեր թողարկելիս, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, առանց բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առեւտրային կազմակերպություն ստեղծելը եւ այլն:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ֆինանսական համակարգի, տվյալ դեպքում` ապահովագրական համակարգի կայունության եւ սպառողների շահերի պաշտպանվածության ապահովումն է:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների (այլ մասնագետների), իսկ որոշ դեպքերում` նաեւ ապահովադիրների եւ շահառուների կողմից ապահովագրության պայմանագրերի կնքման բնագավառում, ինչպես նաեւ ապահովագրական հատուցման գործընթացում ապահովագրական կեղծիքներ հանդիսացող արարքների դուրսգրումն է, դրանց դասակարգումը եւ պատասխանատվության միջոցների խստացումը:
Նախագծերի փաթեթով`
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավորինս կկանխվեն ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների (այլ մասնագետների) կողմից ապահովագրության բնագավառում կիրառվող խաբեությունները, որոնք ոտնահարում են ապահովադիրների, ապահովագրված անձանց եւ շահառուների շահերը, ինչպես նաեւ վերջինների կողմից ապահովագրական կեղծիքների կանխման միջոցով կպաշտպանվեն ինչպես ապահովագրական ընկերությունների, այնպես էլ մյուս ապահովադիրների եւ ապահովագրված անձանց շահերը: